20–ամյա Սեդան Սևանա լճի ծաղկելու ու ջրիմուռապատվելու պատճառով այլևս չի լողում այնտեղ՝ մտածելով, որ ջուրը կեղտոտ է, իսկ այնտեղ լողանալը՝ վտանգավոր։ Պատճառը ջրի մակարդակի իջնելն ու կանաչապատվելն է։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի հրապարակած վերջին տվյալներով Սևանա լճի մակարդակը 1սմ-ով բարձրացել է նախորդ ամսվա համեմատ։ Այդուհանդերձ, լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից ցածր է 14 սմ-ով։
Ինչո՞ւ է լճի մակարդակը իջնում
Լճի մակարդակի իջեցումը կապվում է մի շարք խնդիրների հետ։ ԵՊՀ երկրաբանության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանի խոսքով՝ լճի մակարդակի իջեցմանը ողջ տարվա ընթացքում նպաստում են մեծ քանակությամբ ջրառը, լիճ թափվող գետերի սակավաջրությունը, բարձր ջերմաստիճանը և քիչ տեղումները։ «Այս տարի տեղումները քիչ էին, և մենք ջրասակավ տարի ենք սպասում։ Այժմ Սևանա լճի մակարդակը պետք է աստիճանաբար բարձրանա, քանի որ մթնոլորտային տեղումներն են ավելացել, և ձնհալը արդեն սկսել է ինտենսիվ կերպով կատարվել»,-ասաց Արսեն Գրիգորյանը։ Մասնագետի հավաստմամբ՝ լճի մակարդակը բարձրանալու է մինչև հունիսի կեսերը, որից հետո, երբ մթնոլորտային տեղումները պակասեն և սկսվի ջրառը, Սևանա լճի մակարդակը կսկսի աստիճանաբար նվազել։
Կարդացեք նաև
Նախկինում լճի մակարդակը բարձրացնելու և լիճը փրկելու նպատակով որոշվել էր Որոտան և Արփա գետերի ջրերը ուղղել դեպի Սևան՝ կառուցելով Արփա-Սևան թունելը։ Լիճը փրկելու համար 1970-ական թվականներին որոշվեց դադարեցնել ջրի բացթողումը և աստիճանաբար բարձրացնել մակարդակը ։ Մինչև 1990 թվականը լճի ջրի մակարդակը հաջողվել է բարձրացնել 1.5 մետրով, որի արդյունքում լճի էկոլոգիական վիճակը բարելավվեց, սակայն 90-ականներին առաջ եկած տնտեսական ճգնաժամի պատճառով՝ ջրի ռեսուրսները և ձկները սկսեցին անխնա օգտագործվել, ինչը հանգեցրեց լճի էկոհամակարգի վատթարացման։
Լճի մակարդակի իջեցումը, լինելով մեծ խնդիր, իր հետ բերում է մի շարք այլ խնդիրներ։ Առաջիններից է լճի ճահճացման վտանգը։ Ջրի մակարդակի իջեցումը նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար։ Կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ գրանցվեց 2018-ին, ինչի հետևանքով լիճն ամբողջությամբ կանաչել էր։ Վերջին տարիներին ևս ամռանը լիճը ծաղկում է և դառնում մտահոգությունների առարկա։
Որո՞նք են լճի ծաղկման պատճառները
Սևանա լիճը վերջին տարիներին ծաղկում է, պատվում ջրիմուռներով, որոնք պարունակում են մարդու առողջությունը վնասող թունավոր տոքսիններ։ Այդ ջրիմուռները վնասում են ոչ միայն լճին, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Կապտականաչ ջրիմուռները կարող են արտադրել տոքսիններ, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա:
Սևան ազգային պարկի մոնիթորինգի և կադաստրի վարման բաժնի պետ Արայիկ Հունանյան նշում է, որ հարակից բնակավայրերի կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ, ինչը բերում է նման իրավիճակի։ «Մարտունու, Գավառի և Վարդենիկի կեղտաջրերի մաքրման կայանների աշխատանքից հետո՝ կեղտաջրերը լցվում են գետերը, որոնք հոսում է դեպի լիճ»։ Արայիկ Հունանյանը, որպես խնդրի լուծում, տեսնում է ջրի մաքրման կայանների ստեղծումը. «Պետք է մաքրման կայաններ կառուցվեն, որոնց շնորհիվ գետերով աղբը չի լցվի Սևանա լիճ։ Լիճ պետք է լցվի մաքուր ջուր, ոչ թե աղտոտված, որն էլ հենց ճահճացման և լճի ծաղկման պրոցեսների պատճառ է դառնում»։
Սևանա լճին մոտակա Ծովագյուղ գյուղի բնակիչ Լուսինե Հակոբյանը կարծում է, որ հենց մարդկանց առօրյա գործերն են ազդում Սևանա լճի աղտոտմանը կամ ճահճացմանը։ «Տեղացի եմ, բայց փաստում եմ, որ շատ գյուղերում անգամ տները միացված չեն կոյուղացանցերին, կեղտաջրերն ամբողջությամբ լցվում են մոտակա գետն ու թափվում լիճը։ Մեզ մոտ Ձկնագետն է բավականին աղտոտված, որը հաստատվել է ջրային ռեսուրսների մոնիթորինգի տվյալներով։ Իսկ հակառակ ազդեցությունը, օրինակ, ամռանը նաև հովիվները կենդանիներին տանում, հասցնում են լողափ։ Ճահճացած ու ջրիմուռներով լցված ափը վտանգավոր է նրանց համար։ Հստակ չգիտեմ, բայց դեպք է եղել, երբ կենդանին թունավորվել ու սատկել է դրանից»։ Տեղացու խոսքով՝ ջրի վատ որակը նաև ազդում է ոռոգման վրա։
Մեկ այլ բնակչի՝ Հենրիկ Ավագյանի խոսքով էլ լիճը այս վիճակում վտանգ չի ներկայացրել իրենց համար. «Կենդանիները միշտ խմել են ծաղկած Սևանա լճի ջուրը և ոչ մի բացասական ախտանիշներ չեն նկատվել նրանց մոտ, նույնիսկ տեղի բնակիչներից են խմել ջուրը, և ոչ մի ազդեցություն դա նրանց վրա չի ունեցել»։
Մարտունի քաղաքի բնակիչ Անուշ Մարտիրոսյանը (անունը փոփոխված է) նշում է, որ լճի ծաղկման սկզբնական շրջանում տեղացիները վախեցել են լճում լողալ և օգտվել ջրից. «Լճի ծաղկման առաջին տարին և հետագա մի քանի տարիներին մենք չէինք թողնում մեր երեխաներին լողալ լճում՝ մտածելով, որ կթունավորվեն։ Այդպիսի թունավորման դեպքեր, իհարկե, չեմ հիշում, որ եղել են, բայց ներկայումս լճի ծաղկած վիճակը սովորական է դարձել և առաջվա նման չենք զգուշանում»։
Լճի մակարդակի իջեցումից և ջրիմուռների ի հայտ գալուց հետո պակասեց լճի թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադարձավ կենդանական և բուսական աշխարհի վրա: Իշխանի որոշ տեսակների վերացումը պայմանավորված է ջրի մակարդակի իջեցմամբ: Իշխանի 3 տեսակներ անհետացել են, միայն Գեղարքունի տեսակի իշխանն է մնացել լճում։ Պակասած կամ անհետացած ձկնատեսակները ձվադրում են միայն ափամերձ տարածքներում և ջրի նվազման հետևանքով դրանք ոչնչացվել են: Լճի մակարդակի իջեցումը կարող է հանգեցնել լճի կենդանական աշխարհի վերացմանը։
Տեղի ձկնորսներն էլ (չցանկացան անունները նշել) ասում են, որ ձկնորսությունը առաջվա համեմատ ավելի ծանր գործ է դարձել, մյուս կողմից էլ քիչ ձուկ է ստացվում որսալ նախորդ տարիների համեմատ։
Սևանա լճի ջրի որակը տարիների ընթացքում ևս որակապես փոխվել է և միտում ունի ավելի վատանալու: Այս ամենի գլխավոր պատճառներն են դարձել կենցաղային և արտադրական թափոնները, կոյուղաջրերի՝ դեպի լիճ թափվելը, հարակից շրջանների բնակիչների կողմից կատարվող գյուղատնտեսական գործունեությունը և ջրի ծաղկման հետևանքով առաջացած ջրիմուռները։
Շրջակա բնակավայրերի գյուղատնտեսական հողերը ամեն տարի պարարտացվում են։ Ֆոսֆորական և ազոտական այդ պարարտանյութերը անձրևի օգնությամբ հայտնվում են լճում և սնում ջրիմուռների որոշ տեսակների։
Ամռանը զբոսաշրջիկների և լիճ այցելողների թափած աղբը մնալով լճի ափերի շրջակայքում հայտնվում է ջրում՝ այդպես աղտոտելով նաև լիճը։ Դրա հետեւանքով առաջանում են նաև աղբի կուտակումներ: Մարդիկ աղբը թափում են գետերի ու առուների հուների մեջ, որոնք հոսելով գալիս և լցվում են լիճ։
Թվարկված պատճառներին և գործոններին վերջին տարիներին ավելացել է նաև կլիմայի փոփոխությունը։ Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով՝ լճի մակերեսից ջուրն ավելի ինտենսիվ է գոլորշիանում։
Վերջերս Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը այցելել էր Սևան ազգային պարկ և լճի ափամերձ շրջաններ։ Տեղում արձանագրվել են մի շարք խնդիրներ և նախագծով սահմանված աշխատանքների ժամկետների խախտումներ: Նախարարի տեղակալն ազգային պարկի աշխատակիցներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ լողափնյա սեզոնին պատրաստվելու և քաղաքացիների ջրային հանգստի պատշաճ կազմակերպման վերաբերյալ։
Քայլեր պետք է ձեռնարկվեն լիճը ծաղկումից փրկելու և նախկին վիճակին վերադարձնելու համար։ Սևան ազգային պարկի ներկայացուցիչ Արայիկ Հունանյանը նաև առաջնային է համարում հարակից բնակավայրերում կոյուղաջրերը հավաքելու համար կայաններ կամ ցանցեր կառուցելը, որոնց միջոցով կխուսափենք կոյուղաջրերի՝ լիճ լցվելու վտանգից։
Մի շարք միջոցառումներ են տարբեր տարիների ընթացքում իրականացվել՝ Սևանը փրկելու և վերականգնելու համար, սակայն էական և նշանակալի արդյունքներ չեն գրանցվել։
Միջազգային փորձը
Աշխարհում քիչ չեն ծաղկած և ջրիմուռներով պատված լճերը։ Հիմնականում պատճառը կլիմայի փոփոխությունն է։ ԱՄՆ Օհայո նահանգի Էրի լիճը ևս ջրիմուռապատ էր և համարվում էր տոքսիններով առատ լիճ և վնասակար մարդկանց համար։ Երկար ուսումնասիրություններից հետո լճի մոտակայքում տեղադրել են ջրի մաքրման կայաններ, որոնք աշխատելիս օգտագործում են ակտիվացած փայտածուխ, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներ՝ ջրից թունավոր նյութերը հեռացնելու համար։ Տոքսինները, ինչպիսիք են միկրոցիստինը, կապվում են փայտածուխի մասնիկների հետ, որոնք այնուհետև նորից զտվում են ջրում։ Այս լճում եղած ձկները՝ նախքան ջրիմուռներից մաքրված լինելը, համարվել են ուտելու համար պիտանի և ոչ վտանգավոր։
ԱՄՆ-ում, բացի հայտնաբերված ջրիմուռները վերացնելուց, նաև մշակվել է ջրիմուռների ծաղկման մոնիտորինգի համակարգը, որը սովորաբար ցույց է տալիս ԱՄՆ-ի ափամերձ և լճային շրջաններում ջրիմուռների ծաղկման հատվածները։ Այս հավելվածը տրամադրում է ծաղկման հայտնաբերման արտադրանքի փաթեթ՝ աշխարհագրական պատկերների տեսքով:
Աշխարհում միջազգային փորձը ցույց է տվել, որ լճում ձկների քանակը ավելացնելու համար նախագծվում են ձկների բուծման կայաններ։ Չինաստանում դա գործարկվել է։ Դրանցում բուծված ձկները լցվել են լճեր՝ ավելացնելով լճի ձկնատեսակների քանակը։
Ի՞նչ են առաջարկում մասնագետները՝ Սևանը փրկելու համար. Ամփոփում
Սևանա լճի գլխավոր թշնամիներից մեկը Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագիծն է։ Լիճը պաշտպանելու տեսանկյունից հանքավայրի շահագործումը կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ Հանքավայրերը Սևանա լճի հենց գլխավոր «թշնամիներն» են։
Ինչպես նշեցին մասնագետները առաջնային պետք է համարվեն լճի մաքրման կայաններ և համայնքներում կոյուղաջրերի հավաքման կայաններ ստեղծելու հարցերը, որովհետև հենց դրանք կարող են լիճը պահպանելու տեսանկյունից նշանակալի և անմիջական դեր խաղալ։
Ջրի բացթողումների կրճատումը տեղումների հետ մեկտեղ կբերի ցանկալի արդյունքի։
Արուսյակ Եղիազարյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս