Համաշխարհային ներկա աշխարհաքաղաքական գզվռտոցի պայմաններում յուրաքանչյուրն ունի իր աքսիոման, ասել է թե՝ իր անվերապահ ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունը: Արցախի անվտանգությունն այն աքսիոման է, որ մենք չենք ձգտում ապացուցել, որովհետեւ դա այդպես է, եւ վերջ: Հակառակ դեպքում այն կվերածվի թեորեմի, ու մենք էլ ստիպված կլինենք ապացույցներ որոնել ակնհայտ ճշմարտության համար:
Արցախի ժողովրդի անվտանգությունն աքսիոմա է հայտարարում նաեւ Ադրբեջանը: Սակայն եթե մենք անվտանգություն ասելով հասկանում եւ դիտարկում ենք, որ Արցախն ինքը պետք է տնօրինի իր ճակատագիրը եւ զբաղվի իր անվտանգությամբ, ինչպես եւ մյուս բոլոր հարցերով, ապա Ադրբեջանն Արցախի անվտանգություն ասելով նկատի ունի Արցախի վերացումը բոլոր առումներով, ինչին էլ նա ձեռնամուխ է եղել, եւ ինչին էլ ընդդիմանում է Արցախի ժողովուրդը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նա Արցախի հարցում կանգնած է, ավելի ճիշտ՝ իր պահվածքով ու գործողություններով ինքն իրեն կանգնեցրել է ոչ թե աքսիոմայի, այլ թեորեմի առջեւ: Պատճառը շատ պարզ է՝ այդ հանրությունն առնվազն անվճռական է եւ, բազում կախվածություններից ու շահերից ելնելով, չի կարողանում ասել, որ Արցախն ու արցախցին չեն կարող անվտանգ ապրել եւ, ընդհանրապես, գոյություն ունենալ որպես Ադրբեջանի մաս: Միջազգային հանրությունն ընկալո՛ւմ է սա որպես աքսիոմա, բայց դիտարկում է որպես թեորեմ:
Արդյունքում, ինչպես բազմիցս է ասվել, Արցախը ստիպված է ինքնուրույն զբաղվել իր անվտանգության հարցերով, իսկ միջազգային հանրությունն էլ Արցախի խնդրին վերաբերվում է այնպես, ասես խոսքը ֆերմայի թեորեմի մասին է…
Կարդացեք նաև
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: