Երկու օր շարունակ Հայաստանի խորհրդարանում քննարկվում է կառավարության 2022 թվականի գործունեության կատարողականը։
Իրականում, այն, ինչ երկու օր տեղի է ունենում խորհրդարանում, ամենամեղմ ձևակերպմամբ՝ խեղկատակություն է ու երեսպաշտություն, մարդկային ու քաղաքական անբարոյականության ցուցք։
2022 թվականին Հայաստանն ապրել է 44–օրյա պատերազմին հաջորդած ամենաբարդ տարին, որի ընթացքում՝ սեպտեմբերին տեղի է ունեցել ամենամեծ ռազմական էսկալացիաներից ամենաարյունալին՝ 200-ից ավելի զոհերով։
Նույն 2022 թվականի դեկտեմբերից ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել են Բերձորի միջանցքը, դրանից առաջ Հայաստանի իշխանության հանցավոր համաձայնությամբ արդեն իսկ Ադրբեջանին է հանձնվել Բերձորի շրջանն ամբողջությամբ։
2022 թվականին Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել հարյուրավոր հեկտար Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա։ Այսինքն՝ նախորդ տարվա ընթացքում կառավարությունն ամբողջությամբ տապալել է իր հիմնարար գործառույթների՝ երկրի տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության ապահովման սահմանադրական պարտականությունների կատարումը, իսկ Արցախի ճակատագիրն ամբողջությամբ թողնվել է ադրբեջանցիների ու ռուսների տնօրինմանը։
Կարդացեք նաև
Ընդ որում, խոսքը մի կառավարության մասին է, որը 2021 թվականի արտահերթ ընտրություններում իշխանության է եկել Շուշիի ու Հադրութի ապաօկուպացիայի, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խոստումներով։
2022 թվականին բոլոր այդ ուղղություններով կառավարությունն արձանագրել է տոտալ տապալում, ինչի մասին այդ քննարկումներում խոսվեց այնքան քիչ, որքան հնարավոր էր, իսկ Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը Հայաստանի խորհրդարանում ընդհանրապես մոռացության մատնվեց։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։