Փաշինյանն անկեղծ չէ հանրության հետ, ավելին՝ ուղղակի մանիպուլացնում է իր սովորության համաձայն։
Նա Արցախի հարցում այնպիսի ժառանգություն է ստացել, որտեղ կոնկրետ շոշափվում է Արցախի կարգավիճակի հարցը, ի հակադրություն ներկայիս իրավիճակի, երբ կարգավիճակի հարցն ուղղակի դուրս է եկել օրակարգից ու չի քննարկվում։ Իսկ նախկին բանակցային գործընթացի փուլերում Արցախի կարգավիճակի հարցի դիտարկման մասին կարող ենք տեղեկանալ միջնորդների հայտարարություններից։ Եվ նույնիսկ 2021 թվականի հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանը գրեց «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որտեղ մասնավորապես նշում էր, որ Արցախյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, ապա ռուս համանախագահ Իգոր Պոպովը պատասխանեց, որ վերջին տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկները նախատեսել են Արցախի իրավական կարգավիճակի որոշում։
Եթե Պոպովի հայտարարությունն իր մեջ փաստերի խեղաթյուրում պարունակեր, ապա Փաշինյանն անմիջապես կարձագանքեր նրան, բայց հերքելու ոչինչ չուներ և այդպես էլ չպատասխանեց։ Միայն Ադրբեջանն է, որ հայտարարում է, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հարց չի եղել, չի էլ կարող լինել։ Փաստացի ստացվում է, որ իր պաշտոնավարման շրջանում Փաշինյանը Ադրբեջանին պարտվել է ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական հարթակում, քանի որ Բաքուն աստիճանաբար հասնում է նրան, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է անձամբ ադրբեջանական թեզերը շրջանառության մեջ դնում։
Կարճ ասած՝ ներկայիս իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ երկիրը տանում են դեպի անդունդը, իհարկե, եթե նրանց հնարավոր չլինի կանգնեցնել։
Կարդացեք նաև
Հ.Գ.-Ի դեպ, եթե ժամանակին նախկինների «բանակցային թղթերը» ցույց չի տվել (բայց, ըստ իրեն, կարող էր), ու դրա համար, ինչպես ինքն է ասում, արժե դատել, հետաքրքիր է՝ ինչո՞ւ հիմա չի հրապարակում, եթե իրոք ամեն ինչ այնպես է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում:
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։