Գլխացավերը լինում են տարբեր տեսակի և կարող են անհանգստացնել մեզանից յուրաքանչյուրին, սակայն հուսադրող է այն փաստը, որ դրանցից շատերը հեշտությամբ են բուժվում կամ էլ արագ անցնում են։ Օրինակ, գլխացավ կարող է առաջանալ, երբ մենք բավականաչափ ջուր չենք խմում։ Ջրազրկման պատճառով առաջացած գլխացավերը կարող են լինել ինչպես թեթև, այնպես էլ ուժեղ՝ դրսևորվելով միգրենին բնորոշ գլխացավերի տեսքով։
Նորմալ կենսագործունեության համար օրգանիզմին անհրաժեշտ է հեղուկի և էլեկտրոլիտների հավասարակշռություն։ Էլեկտրոլիտները հանքանյութեր են, ինչպիսիք են կալիումն ու նատրիումը, որոնք օգնում են կարգավորել օրգանիզմի տարբեր գործառույթները։ Ամեն օր օրգանիզմը հեղուկ է կորցնում քրտինքի ու մեզի հետ, դրա հետ մեկտեղ «հեռանում են» նաև էլեկտրոլիտները։
Մեծամասնության դեպքում այդ հավասարակշռությունը հեշտությամբ վերականգնվում է սննդի և ըմպելիքների օգնությամբ, սակայն երբեմն օրգանիզմն ավելի արագ է կորցնում ջուրը, քան մարդը հասցնում է վերականգնել դրա բավարար քանակն օրգանիզմում։ Այդ ընթացքում կարող է ջրազրկում տեղի ունենալ՝ առաջացնելով բարդություններ, այդ թվում՝ գլխացավ։
Ջրային բալանսի վերականգնումից հետո գլխուղեղը վերադառնում է իր սովորական վիճակին, և գլխացավը թեթևանում է։
Սակայն ինչպե՞ս հասկանալ, որ գլխացավի պատճառը ջրի պակասն է։
Կարդացեք նաև
Ախտանշաններ
Ջրազրկման գլխացավը կարող է զգացվել որպես բութ ցավ, կամ լինել ուժեղ, ինչպես միգրենի դեպքում է։ Ջրազրկման պատճառով առաջացած գլխացավը կարող է արտահայտվել գլխի տարբեր հատվածներում և ուժեղանալ գլուխը շարժելիս։
Սակայն ի տարբերություն սինուսային գլխացավի, այս դեպքում մարդը դիմային ցավ կամ ճնշում չի զգում։ Նաև քիչ հավանական է, որ ցավ կառաջանա պարանոցի ետևի հատվածում, ինչպես կարող է լինել լարվածության գլխացավի դեպքում։
Քանի որ այս տեսակի գլխացավերն առաջանում են ջրի պակասի դեպքում, ապա դրանց համար ընդհանուր են այն ախտանշանները, որոնք բնորոշ են ջրազրկմանն առհասարակ։ Դրանք են՝
- Ծարավի զգացում,
- մեզիքանակի նվազում,
- մեզի մուգ գույն,
- գլխապտույտ,
- հոգնածություն,
- բերանի չորություն,
- մաշկի էլաստիկության կորուստ,
- զարկերակային ցածր ճնշում,
- անոթազարկի արագացում։
Ուժեղ ջրազրկումը կարող է առաջացնել այսպիսի ախտանշաններ՝
- քրտնարտադրության բացակայություն,
- փոս ընկած աչքեր,
- ջերմության բարձրացում,
- գիտակցության կորուստ,
- մաշկի կնճռոտում և այլն։
Կան որոշակի գործոններ, որոնք խոչընդոտում են օրգանիզմի կողմից հեղուկի և էլեկտրոլիտների հավասարակշռության վերականգնմանը։ Այդ գործոնները մեծացնում են ջրազրկման վտանգը։ Դրանք են՝
- փորլուծություն,
- փսխում,
- գերքրտնարտադրություն, որի պատճառը կարող է լինել ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը կամ շոգը,
- բարձր ջերմություն,
- առատ միզարձակում։
Ցանկացած մարդ կարող է ջրազրկում ունենալ, մեծամասնության դեպքում այն թեթև և հեշտ լուծելի խնդիր է լինում։ Սակայն որոշ մարդիկ ջրազրկման ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, այդ թվում՝
- բարձրադիր վայրերում ապրող մարդիկ,
- նորածիններն ու փոքր երեխաները,
- տարեց մարդիկ,
- խրոնիկական հիվանդություններ (օրինակ՝ դիաբետ ու երիկամային հիվանդություններ) ունեցող մարդիկ,
- միզամուղ դեղամիջոցներ օգտագործող մարդիկ
- մարզիկներն ու ֆիզիկական ծանր աշխատանք կատարող մարդիկ
- կլիմայականշոգ պայմաններում ապրող մարդիկ։
Բուժումը
Գլխացավի այդ տեսակը թեթևացնելու ամենապարզ եղանակը ցավազրկողների օգտագործումն ու ջրի պակասը լրացնելն է։
Պարզապես պետք է ավելացնել օրվա մեջ օգտագործվող հեղուկի քանակը՝ նախապատվությունը տալով սովորական ջրին կամ օգտակար այլ ըմպելիքներին, սնվել հյութալի մթերքներով, ինչպիսիք են վարունգն ու այլ մրգերն ու բանջարեղենը։ Վիճակը թեթևացնելու համար ցանկալի է ժամանակավորապես նվազեցնել ֆիզիկական ակտիվությունն ու խուսափել շոգից, ալկոհոլից ու կոֆեինից։
Որոշակի դեպքերում, ինչպիսիք են շարունակական փորլուծությունն ու փսխումը, տնային միջոցները կարող են անբավարար լինել՝ խիստ ջրազրկումից խուսափելու համար։ Կարող է բժշկական օգնություն պահանջվել՝ երիկամային անբավարարությունը, մետաբոլիկ ացիդոզը, հիպոկալիեմիան և այլ խնդիրները կանխարգելելու համար։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և ախտորոշման հիմք չի կարող լինել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ