Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատը փոխարինել Արագածո՞վ

Ապրիլ 20,2023 10:00

Փոքր ինչ ձեւափոխելով Սերգեյ Դովլաթովի խոսքը՝ նշեմ, որ «նիկոլականներից» հետո ինձ համար առավել անընդունելի են «հականիկոլականները»: Ինչի՞ մասին է խոսքը: Կոմունիստ-հակակոմունիստ, լիբերալ-հակալիբերալ, ռուսամետ-հակառուս, նիկոլական-հականիկոլական… հակադրությունները կեղծ են, հակաարդյունավետ են, դրանք ոչինչ չեն բացատրում, ոչ մի նոր գիտելիք չեն ստեղծում: Դա նման է սթրեսից դուրս գալու համար բարձ ծեծելուն, ինչը խորհուրդ են տալիս որոշ հոգեբաններ: Ենթադրենք, տասը րոպեով հանգստացար, միեւնույն է, դրանից սթրեսի պատճառները չեն վերանալու:

Նիկոլ Փաշինյանի հինգ տարվա ղեկավարության ողբալի արդյունքները բոլորիս աչքի առաջ են: Բոլորիս ասելով՝ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք տեսողության հետ կապված խնդիրներ չունեն: Բայց կան հարյուր հազարավոր քաղաքացիներ (նիկոլականները), որոնք կարծում են, թե հիմա մեր պետությունն ավելի բարվոք վիճակում է, քան մինչեւ 2018 թվականը: Կան նաեւ հարյուր հազարավոր քաղաքացիներ (հականիկոլականները), որոնք մանթրայի նման կրկնում են՝ «այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը իշխանափոխությունն է»:

Դա հենց բարձ ծեծելու կամ հասարակական-քաղաքական գործընթացներում կեղծ այլընտրանքների ծուղակն է: Եթե մենք շարունակենք մնալ այս ծուղակում, ապա «խաղաղության դարաշրջանի» արհավիրքները կշարունակվեն: Մենք նորանոր տարածքային կորուստներ կունենանք, ադրբեջանցիները «կվերադառնան» Հայաստան, եւ այդ ամենը կավարտվի մեր երկիրն ամենանեղ մասում թշնամու կողմից կտրելով, ինչը եւ կնշանակի մեր պետության վերջը:

Խնդիրը, կարծում եմ, ավելի խորն է, քան այս կամ այն քաղաքական թիմի՝ իշխանության գլուխ մնալը կամ գալն է: Գործընթացները, որոնք կարող են նման աղետալի ավարտի բերել, կատարվում են հասարակության մեջ: Հասկանալու համար, թե ինչ է մեզ հետ պատահել, առաջարկում եմ մտավոր գիտափորձ անել՝ հետեւյալ օրինակով: Եկեք մտովի մի քանի տասնամյակ հետ գնանք եւ պատասխանենք՝ ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա պատկերված Արարատը, ինչո՞ւ էր Հայաստանի հիմնական ֆուտբոլային թիմը կոչվում «Արարատ», ինչո՞ւ Ցեղասպանության հուշահամալիրի երկու սյուներն ունեն Սիսի եւ Մասիսի տեսքը, ինչու Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին երկու տողերը նվրված են Մասիսի սարին: Եթե մեր քաղաքացիների մեծամասնությունը պատրաստ է այդ ամենը փոխարինել Արագածով, ապա ոչ մի Փաշինյան եւ ոչ մի իշխանափոխություն մեզ չի փրկի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հին համակարգը փոխարինվելու է նոր համակարգով, որը հիմնված է լինելու նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության վրա եւ մենք ինչքան շուտ ներդնենք մեզ մոտ այդ նոր համակարգը, այնքան քիչ կորուստներով կանցնենք նոր համակարգին: Գլոբալ աշխարհն էլ է նման նպատակ դրել իր առջեւ, բայց նրանց նպատակի իրագործումը մեզ մեծ վնաս է բերելու, դրա համար հնից շուտափույթ ազատվում ենք եւ հնարում նոր համակարգ եւ սա պետք է լինի մեր ռազմավարական գոյաբանական խնդիրը: Սա էլ հենց խելոքների մեծագույն մոբիլիզացիա է պահանջում, համեստության ժամանակը չէ, պետք է պատրաստ լինել զանգվածային քննադատություններին եւ գնալ առաջ: Շարադրեմ սեփական դրույթները: Ա Բոլոր կենտրոնացված կառույցները՝ ընտանիք, համայնք կամ տեղական ինքնակառավարման կառույց, պետություն՝ պետք է գործեն ազգային ընտանիքի սկզբունքներով, ով ավելի շատ հնարավորություն ունի, նա էլ այդքան պատասխանատվություն է կրում ընտանիքում եւ ծառայում է իրենից քիչ հնարավորություն ունեցողներին: Հաճախ տարիքի հետ հնարավորությունները մեծանում են, բայց այսօրվա նոր տեխնոլոգիաների դարում հակառակն է ենթադրվում՝ փոքրերը ավելի արագ են կողմնորոշվում, դրա համար այսօրվա մեր ողջ եռանդը՝ ապահովել երեխաների արդիական գիտելիքների եւ հմտությունների ստեղծագործական յուրացմանը, ընտանիքը երեխաներն են պահելու, ինչպես մութուցուրտի ժամանակ էր՝ ծնողները գործ չունեին, իսկ անչափահասները՝ էստի համեցեք էին աշխատում դոլարի ռուբլու փոխանակման կետերում եւ լավ էլ տուն էին պահում: Հիմա էլ երեխաները իրենց խելքով ու շնորհքով պետք է ընտանիք պահեն, իսկ մեծերը թող նրանց կերակրեն, դաստիարակեն ու կրթեն ու չխանգարեն: Բ Ընտանիքում իրար հետ փողային հարաբերություններ չկան, ընտանիքում ստրկատիրական կարգեր չկան, նույնն էլ բոլոր կենտրոնացված կառույցներում՝ փողի փոխարեն՝ ապահովագրություն, ամեն մեկն իր հնարավորությունների չափով ապահովում է մնացածների պահանջները, ինքն էլ օգտվում է մյուսների հնարավորություններից: Բայց նման բարձր կարգի հարաբերություններ հնարավոր են միայն ազնվացեղ ազգի մոտ, դրա համար բոլոր կառույցների պատասխանատու պաշտոնները պետք է զբաղեցնեն պատասխանատու եւ հմուտ մարդիկ, որոնք ազգային կրոնը պետք է դարձնեն ազնվացեղ ազգ դաստիարակելն ու կրթելը:

  2. Հ.Շ. says:

    Չարենցէն ետք, երեւի Շիրազն ու իր սերունդի մտաւորականներն ալ, գրեցին Մասիս սարի մասին: Երկու տողից, աւելի…
     
    Իսկ անոնց բոլորից առաջ՝ Աբովյանը բարձրացաւ Արարատ լեռը, որպէս ուխտագնացութիւն. Կաթողիկոսի յատուկ, գրաւոր թոյլատրութեամբ. քանի որ այդ լեռը Հայ Ազգին համար սրբավայր կը համարուի: Կղերական արտօնագիրը՝  Մատենադարանում է – եթէ դեռ պահած են… – :

    Ցեղասպանութեան Յիսունամեակին, Երեւանի փողոցներում թնդաց «մե՛ր հողերը, մեր հողե՛րը» ազգային պահանջատիրական կանչը…
     
    Եւայլն., եւայլն.

    Այդ նոյն ըմբռնողութեամբ է որ, Խորհրդային Միութեան փլուզման ընթացքին՝ ազատագրուեցաւ Արցախը: Զէնքի ուժով:

    Ի՞նչ պատահեցաւ, անկէ ետք… Այստեղ է, առեղծուածը:

    Եւ որեւէ քաղաքական բացատրութիւն, չի կրնար բաւարար ըլլալ: Ոչ, երբ որ այս աստիճան ծանր ու խոր է, անյատակ է՝ անկումը:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “«նիկոլականներից» հետո ինձ համար առավել անընդունելի են «հականիկոլականները»: Ինչի՞ մասին է խոսքը:”

    Խոսքն այն մասին է, որ սրանով անտեսվում է է ձեր իսկ կողմից գովերգված Արիստոտելի երրորդի բացառման օրենքը: Զավեշտալի է տեսնել, թե նախորդ խմբագրականներից մեկում ինչպիսի «լուրջ» քննադատության էր ենթարկվում վարչապետի աթոռին զոդված «խեղճ» ստախոսը՝ անտրամաբանական կառուցվածքներ կիրառելու համար, երբ այսօրվա խմբագրականում հանգիստ խղճով գովազդվում է նմանատիպ մի կառուցվածք: Թե բա՝ ես ոչ նիկոլական եմ, ոչ էլ հականիկոլական. ես Մարսից հենց նոր իջած երրորդուժական համեստ-պարկեշտական եմ…

    “Դա հենց բարձ ծեծելու կամ հասարակական-քաղաքական գործընթացներում կեղծ այլընտրանքների ծուղակն է:”

    Ոչ մի ծուղակ էլ այդտեղ չկա: Պարզագույն տրամաբանությունն է ասում, որ նիկոլականներին ու հականիկոլականներին նույն հարթության մեջ դնել հնարավոր չէ: Հնարավոր չէ միաժամանակ քննադատել եւ նիկոլապաշտ զանգվածներին (որոնք, հեղինակի կարծիքով, տեսողության հետ կապված խնդիրներ ունեն), եւ Նիկոլին իշխանությունից վռնդել ցանկացողներին (որոնք տեսողության հետ կապված խնդիրներ չունեն՝ ըստ այդ նույն հեղինակի): Ուզես թե չուզես՝ ընտրել կարելի է երկուսից մեկին. հնարավոր է կամ մեկը, կամ մյուսը: Երրորդը բացառված է…

  4. “Ինչուներ”ին պատասխանեմ ինչուով` “Ինչո՞ւ է կարևորագույն պատմական պայմանագրերի վերանայման պահին, 100 տարի անց, ՀՀ արտգործնախարարի անունը Արարատ:”

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “Խնդիրը, կարծում եմ, ավելի խորն է, քան այս կամ այն քաղաքական թիմի՝ իշխանության գլուխ մնալը կամ գալն է: Գործընթացները, որոնք կարող են նման աղետալի ավարտի բերել, կատարվում են հասարակության մեջ:”

    Ոչ ոք չի էլ ժխտում, որ խնդիրը ավելի խորն է եւ լուծել այն միայն հրաժարականով հնարավոր չէ: Դա խնդրի լուծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Ի դեպ՝ այդ աղետաբեր գործընթացները հասարակության մեջ այլմոլորկակայինները չեն նետել: Դրանց նախաձեռնողը եւ զարգացնողը հենց քայլարած թրքահպատակների քաղաքական թիմն է: Եթե դրանք մնան իշխանության՝ աղետը կդառնա ամբողջական, եւ բոլոր այս խոսակցությունները կդառնան անիմաստ. խնդրո առարկան՝ Հայաստանը, պարզապես կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից…

  6. Nimar says:

    Երկու սարերն էլ, իհարկե, չեն շարժվի և չեն անհետանա, իսկ Արագածականներն ու Մասիսականները, երկու լեռների արանքում մոլորվելով, հիմա ևս մեկ պատճառ էլ կստանան միմյանց ատելու: Իսկ եթե այդ հրաբուխները ընդհանրապես չլինեին կամ աշխարհագրորեն այլ վայրում լինեին, սա ինչ-որ կերպ կազդե՞ր ժողովրդի ու պետության ճակատագրի վրա։
    Ինչպե՞ս:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930