Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԲ-ում գրանցում չունեն, գրանցված են միայն ՀՀ-ում

Ապրիլ 20,2023 13:00

Մարդկանց մի խումբ կա, որոնց թվում է, թե բոլոր հիմնախնդիրները լուծվում են համացանցում, սոցիալական ցանցերում եւ որ լրատվամիջոցները միայն առցանց տիրույթում են: «Առավոտի» ամենօրյա ժամանակացույցը սկսվում է մարդկանց հոսքով, բողոքներով, նրանցից շատերն, առհասարակ, հնարավորություն չունեն օգտվել համացանցի ծառայություններից, նրանք գրանցված չեն սոցիալական ցանցերում, ունեն մի գրանցում՝ Հայաստանի Հանրապետություն: Իսկ երբ դիմում են, նկատել եմ, չեն էլ թաքցնում, ասելով. «Դե, մենք հայտնի չենք, գուցե մերժեք մեր բողոքները»: Ըստ նրանց տրամաբանության, հայտնիները՝ նախկին հանցագործները, մականունավորները, ապահովված անձինք՝ ամենքն ունեն մի քանի փաստաբաններ, նրանք առաջվա նման արտոնյալ են, իսկ իրենցից շատերը հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններին են հաճախ դիմում, քանի որ ունեւոր չեն, հայտնվել են սոցիալապես անապահով վիճակում:

«Առավոտին» դիմած Աննա Մարգարյանի խնդիրը սպառնալիքի մասին է: Բարձրագույն կրթություն ստացած, բայց իր տեղը չգտած Աննան, որի կուրսեցիները ոչ անհայտ անձինք են, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից ստացել է «հատուկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

Աննան անցյալ տարի դիմել էր դատարան՝ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Մ.Գրիգորյանի որոշման դեմ: Քննիչն, ըստ էության, հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել, բավարարել ի պաշտոնե կատարած գործողությունը մինչդատական վարույթային ակտը վիճարկելու մասին Ա. Մարգարյանի բողոքը:

Աննան հանցագործության մասին հաղորդում էր տվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հարեւան բնակարանում ապաստանած տատիկը, որին ինքը չի ճանաչում, առնչություն չի ունեցել, «Վեոլիա ջուր» ՓԲԸ աշխատակիցների ներկայությամբ սպառնացել է իրեն. «կտտցրածի մեկը, դու իմ ձեռով ես գնալու, հերիք ա գրես, գնա ջրիդ պարտքերը մուծի», իսկ ինքն ընկերության աշխատակիցներին ասել է, որ այդ տարեց կնոջը չի ճանաչում եւ հարցրել է, թե արդյոք նա հարեւան 29-րդ բնակարանի բնակի՞չն է:

Ա. Մարգարյանն ասում է, որ այդ բնակարանի վերաբերյալ անգամ ջրի տեսուչ Վազգեն Ղազարյանն է ասել, որ այն հանդիսանում է «վատ տուն», տարատեսակ մարդիկ են մտնում, դուրս գալիս…

Անցյալ տարվա մայիսի 29-ին Ա. Մարգարյանի հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյուն բաժին, ուր ըստ Աննայի՝ թողնվել է այն անհետեւանք:

Ա, Մարգարյանն իր բողոքում հարցրել էր՝ ո՞վ է այդ տատիկը, ովքե՞ր են բողոքներ ներկայացրել՝ ենթադրյալ իր ջրի պարտքի մասին, որտեղից տատիկը գիտի, թե «ինքը որտեղ ինչ է գրում»:

Ըստ ոստիկանության էլ, այդ հաղորդման մեջ չկա գեթ մի հանգամանք, որին ողջամտորեն կարող էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

Մարգարյանը ակնարկել էր նշված բնակարանի վատահամբավ այցելուների մասին, ըստ նրա, եթե քննիչը գնահատական տար սպառնալիքի մասին իր հաղորդմանը՝ կպարզվեր, որ ինքը ճիշտ է կամ հակառակը՝ զրպարտում է:

«Իմ հարցադրումներին բաժնի պետի տեղակալ Կարապետյանն ասաց, թե բոլոր մարդիկ էլ իրավունք ունեն ապրելու»,-ասում է Աննան, ով մտադիր է Վճռաբեկ դատարան դիմել, քանի որ ըստ նրա՝ տեսուչը շրջանցել է ջուր-ընկերության աշխատակիցներին, ենթադրյալ վկաներին նույնպես լսել… բացատրություն վերցրել:

Ա. Մարգարյանն ահազանգել էր, որ նշված բնակարանի այցելուները սերտ կապեր ունեն ոստիկանների հետ, նա հիշեցրել էր, որ նույն ոստիկանությունն անհետեւանք թողեց տարիներ առաջ իր բնակարանից, հարեւան շենքերից կատարված գողությունների մասին ահազանգերը, որոնք, ըստ նրա, միգուցե «փոխկապացված» են:

Նշեմ, որ առաջին ատյանի դատարանը եւ վերաքննիչ դատարանները մերժել են մինչդատական ակտը վիճարկելու բողոքի հիման վրա վարույթի հարուցումը մերժելու որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930