Նվիրվում է ուսուցչիս՝ Էդուարդ Ռուբենի Փաշինյանի վառ հիշատակին՝
100-ամյա Հոբելյանի առթիվ
Էդուարդ Փաշինյանը հսկայական ժայռ է հայ երաժշտագիտության մեջ՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Բարդ է գտնել մեկ այլ, առավել խարիզմատիկ, եռանդուն, սկզբունքային հայ երաժշտագետ այդքան բազմակողմանի հետաքրքրություններով, միեւնույն ժամանակ այդքան խորը ներթափանցումով յուրաքանչյուր հետաքրքրող հարցի էության մեջ: Հենց այդ հատկանիշները թույլ տվեցին նրան լինել հավասարապես պրոֆեսիոնալ ե՛ւ որպես երաժշտագետ, ե՛ւ որպես կոմպոզիտոր, ե՛ւ որպես մանկավարժ:
Էդուարդ Ռուբենի Փաշինյանը ծնվել է 1923 թվականի ապրիլի 24-ին Թիֆլիսում: Շուտով ընտանիքը (հայրը՝ Ռուբեն Ավագի Փաշինյան [1889-1985] եւ մայրը՝ Հռիփսիմե Լեւոնի Տեր-Հարությունյան [1902-1932]) տեղափոխվեց Կիրովական: Այստեղ էլ Էդուարդը ավարտեց երաժշտական դպրոցի դաշնամուրային դասարանը:
1945թ. Փաշինյանը ընդունվում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ստեղծագործական բաժին: Սակայն դեմ հանդես գալով 1948 թ.-ի Կենտկոմի քաղբյուրոյի «ֆորմալիզմի» մասին հայտնի որոշմանը՝ նա ընդհատեց ուսումը եւ որոշ դադարից հետո, ստիպված լինելով փոխել մասնագիտությունը, 1951 թ.-ին ավարտեց կոնսերվատորիան որպես երաժշտագետ:
Կարդացեք նաև
Լինելով չափազանց ուժեղ կամքի տեր անձնավորություն՝ երաժշտական կրթության դադարի ընթացքում Փաշինյանը զուր ժամանակ չէր կորցնում: Միջնակարգ դպրոցը նա ավարտել էր գերազանցությամբ: Այդ հանգամանքը, ինչպես նաեւ Հայրենական պատերազմի վետերան հանդիսանալը հնարավորություն էին տալիս ընդունվել ցանկացած համալսարան առանց քննությունների: 1948 թ.-ին ընդունվում եւ 1954 թ.-ին ավարտում է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի Ակնաբուժության բաժինը: Իր գիտական ուսումնասիրություններով եւ հրապարակումներով այս ոլորտում Էդուարդ Փաշինյանը մեծ ներդրումներ ունեցավ:
Սակայն իր կիրքը մշտապես մնում էր երաժշտությունը: Պատերազմի ողջ ընթացքում իր ուսապարկում Հարմոնիայի դասագիրքը պահել էր ոչ նրա համար, որ հեշտությամբ հրաժարվեր երաժիշտ դառնալու երազանքից, ինչին չխանգարեց նույնիսկ ձեռքի կորուստը:
Կոնսերվատորիան ավարտելուց անմիջապես հետո, բժշկական ինստիտուտում ուսանելուն զուգահեռ նա սկսեց դասավանդել Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Այսպիսով սկսվեց տեսաբան-երաժշտագետի, կոմպոզիտորի եւ մանկավարժի բեղմնավոր գործունեությունը: 1951-1961թթ. ժամանակահատվածում դասավանդում էր գրեթե բոլոր երաժշտատեսական առարկաները՝ Սոլֆեջիո, Երաժշտության տարրական տեսություն, Հարմոնիա, Պոլիֆոնիա: Մի քանի տարի անց Փաշինյանը դարձավ նույն ուսումնարանի Երաժշտության տեսության բաժնի ղեկավարը:
Շուտով Է. Փաշինյանին հրավիրեցին Երեւանի պետական կոնսերվատորիա որպես երաժշտատեսական առարկաների դասախոսի ասիստենտ: Իսկ 1961/62 ուստարում նա դարձավ տեսական դասընթացների ավագ դասախոս եւ վարում էր Պոլիֆոնիայի եւ Հարմոնիայի դասընթացները: Զուգահեռ հասարակական հիմունքներով ղեկավարում էր Բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության պետական կոմիտեի մեթոդ-կաբինետի երաժշտատեսական միավորումը, որի շրջանակներում հանրապետության երաժշտական դպրոցներում եւ ուսումնարաններում խորհրդակցություններ էին անցկացվում երաժշտատեսական առարկաների վարման մեթոդաբանության վերաբերյալ:
Ստեղծելով Հարմոնիայի դասագրքի երկու մասերը (առաջինը լույս է տեսել 1960 թ., երկրորդը՝ 1966 թ.) Փաշինյանը 1968թ.-ին ստացավ Արվեստագիտության թեկնածուի աստիճան: Նույն տարում նա սկսեց մեկ այլ հիմնարար աշխատության՝ Պոլիֆոնիայի դասագրքի, աշխատանքը: Սակայն այն երկար տարիներ մնաց ձեռագիր տեսքով: Եվ միայն 1998 թ.-ին արքեպիսկոպոս Շահե Աճեմյանի շնորհիվ, ում հետ Է. Փաշինյանը պատահաբար ծանոթացել էր օդանավում, հնարավոր դարձավ այն լույս ընծայել:
1951թ.-ից սկսած Էդուարդ Փաշինյանը մասնակցում էր գիտաժողովների, հանդես գալիս երաժշտական արվեստի եւ կրթության տարաբնույթ հարցերին՝ երաժշտական գրականության հրատարակումներին, կոմպոզիտորների հոբելյաններին, հանրակրթական դպրոցներում երգեցողությանը, երաժշտական թելադրության մեթոդաբնությանը նվիրված հոդվածներով: Հետագա տարիներին գիտնականի ուշադրությունը սեւեռվեց երաժշտության տեսական հիմնախնդիրներին:
Գիտական գործունեության հետ մեկտեղ Փաշինյանը չէր դադարում դասավանդել: 1971թ. նա ստացավ դոցենտի, իսկ 1984-ին պրոֆեսորի կոչում: Երեւանի պետկոնսերվատորիայում նա Հարմոնիա էր դասավանդում Երաժշտագիտական եւ Կոմպոզիտորական բաժիններում, երաժշտագետների մասնագիտական դասարան եւ դիպլոմային աշխատանքներ էր ղեկավարում: Էդուարդ Փաշինյանը ստեղծեց հատուկ դասընթաց կոնսերվատորիայի երաժշտագետների եւ կոմպոզիտորների համար՝ «Հարմոնիան հայ երաժշտության ձայնակարգերում», որը վարում էր 1974 թ.-ից մինչեւ կյանքի վերջ: Առաջին անգամ որպես համակարգված դասընթաց անդրադարձ էր կատարվում հայ երաժշտության լեզվամտածողությանը:
Երեւանի Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանում Էդուարդ Փաշինյանը մինչեւ 2003թ. դասավանդում էր Սոլֆեջիո եւ Հարմոնիա տեսաբան- ուսանողներին: Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանը մշտապես հայտնի էր իր ուժեղ տեսական դպրոցով, որի շրջանավարտները կոնսերվատորիայում ուսանելու տարիներին առավել հղկում էին իրենց տեսական գիտելիքները, քան ստանում նորը: Դրանով ուսումնարանը պարտական է մեծամասամբ Էդուարդ Փաշինյանին:
Էդուարդ Փաշինյանը մշտապես նվիրված է եղել մանկավարժությանը: Եվ երբ, նկատելով իր պատասխանատվության բարձր զգացումը, ներքին պարտաճանաչությունը, սկզբունքայնությունը, կազմակերպչական ձիրքը, առաջարկեցին աշխատել նախարարությունում, նա չհամաձայնվեց, ասելով. «Ես ժամանակ չունեմ, երեխաներին եմ սովորեցնում»: Համարում էր, որ ավելի կարեւոր գործով է զբաղված:
Էդուարդ Փաշինյանը մեծ հայրենասեր էր: Իր խառնվածքով պայքարող, նա ողջ կյանքը նվիրեց հայրենիքի համար պայքարին՝ սկզբում Խորհրդային, ապա Անկախ Հայաստանի:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թ.-ի դեկտեմբերին տասնութ տարեկանում նա զորակոչվեց բանակ: Հպարտանում էր, որ ծառայել է 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայում: Ճակատագրի հեգնանքով հաղթանակից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1944 թ. մայիսի 9-ին, նա ծանր վիրավորում է ստանում Սեւաստոպոլում: Պայթած հրթիռի բեկորները գրեթե խլեցին իր ձախ ձեռքը: Նա պատմում էր բժիշկներին իր՝ դաշնակահար դառնալու երազանքի մասին եւ խնդրում էր չհատել ձեռքը: Եվ, ի զարմանս իրեն, ուշքի գալով հայտնաբերեց, որ բժիշկները հեռացրել են միայն վնասված հյուսվածքները, ջլերը եւ արյունատար անոթները: Այդ օրվանից Է. Փաշինյանը մայիսի 9-ը համարում էր իր երկրորդ ծննդյան օրը: Իսկ կյանքի վերջին տասներկու տարիներին այդ օրը նշում էր իբրեւ Երեք հաղթանակների տոն՝ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի օր, 1992 թ.-ին Առաջին Արցախյան պատերազմում Շուշիի ազատագրման օր եւ իր Երկրորդ ծննդյան օր, որը նույնպես ընկալում էր որպես հաղթանակ: Այդ ավանդույթը մինչ օրս շարունակում են իր երեխաները եւ թոռները:
Պայքարի մեկ այլ ոլորտ էր մասնագիտականը, որն իր համար բաղկացած էր երկու ամբաժան կողմերից՝ գիտություն եւ մանկավարժություն: Է. Փաշինյանի ներդրումը հայ տեսական երաժշտագիտության մեջ անգնահատելի է: Իր նորարարություններով նա բարձրացրեց հայ երաժշտական միտքը համաշխարհային մակարդակի: 1973թ.-ին իր կողմից առաջարկված Ունիվերսալ գերլադային տոնայնական համակարգը իր ընդգրկումով կարող է պատվավոր տեղ զբաղեցնել 20-րդ դարի երաժշտատեսական այնպիսի հայտնի տեսությունների կողքին, ինչպիսին են Պ. Հինդեմիթի, Օ. Մեսսիանի եւ այլ հանրահայտ տեսությունները: Հիմքում ունենալով հայ ժողովրդական երաժշտության համակարգը, այն կարող է բացատրել նաեւ 20-րդ, նույնիսկ 21-րդ դարի պրոֆեսիոնալ երաժշտության սկզբունքները, հաճախ անբացատրելի այլ տեսանկյուններից: Է. Փաշինյանը ներթափանցում էր ապագա: Գերլադային համակարգը իր ողջ կյանքի գործն էր: Սկզբում անհասկանալի եւ անընդունելի այլոց կողմից, հեղինակի՝ իր իրավացիության մեջ վստահության, աշխատասիրության, համառության, կամքի ուժի եւ նպատակասլացության շնորհիվ հետագայում գնահատվեց ըստ արժանվույն, եւ դրա հիման վրա ԽՍՀՄ Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը 1984 թ.-ին առանց դոկտորական ատենախոսության պաշտպանության Էդուարդ Փաշինյանին շնորհեց պրոֆեսորի գիտական կոչում: Այնուհետեւ, 1985 թ. նրան շնորհվեց Հայկական ԽՍՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Անգնահատելի է Էդուարդ Փաշինյանի ներդրումը երաժշտական մանկավարժության մեջ: Երկու, նույնիսկ կարելի է ասել երեք կապիտալ աշխատություններ՝ երկու մասից բաղկացած Հարմոնիայի, ինչպես նաեւ Պոլիֆոնիայի դասագրքերն այդ ոլորտների առաջին եւ առ այսօր միակ հայալեզու դասագրքերն են: Հատկանշական է, որ դրանք ոչ թե թարգմանություններ են, այլ հեղինակային դասագրքեր, որտեղ հաշվի են առնված ոչ միայն մասնագիտական, այլեւ հայ լեզվամտածողության նուրբ առանձնահատկությունները: Սակավաթիվ ազգեր են կարող հպարտանալ դրանով: Առաջին անգամ Խորհրդային ուսումնական գրականության մեջ ներառվել են հայ երաժշտամտածողությանը նվիրված բաժիններ: Պոլիֆոնիայի դասագրքի մեկ ամբողջ գլուխ նվիրված է Կոմիտասի բազմաձայնությանը: Դրանք պարզապես դասագրքեր չեն, այլ հանրագիտարաններ, խորը գիտական աշխատություններ, որտեղ միավորված են այդ առարկաների տեսական եւ գործնական կողմերը: Դրանք ցանկացած երաժշտի՝ ե՛ւ դասավանդող, ե՛ւ ստեղծագործող, սեղանի գրքեր են: Կարելի է օգտվել որպես ինքնուսույց՝ այնքան հստակ են շարադրված: Փաշինյանը մշտապես ղեկավարվում էր հետեւյալ սկզբունքով. «Դասագրքերը պետք է գրել այնպես, որ կարդացողի մոտ հարց չծագի»:
Է. Փաշինյանի դասավանդման մեթոդներին անհրաժեշտ է անդրադառնալ առանձին աշխատությամբ: Այստեղ կարելի է նշել միայն ամենակարեւորը. Նրա մեթոդաբանությունն ուղղված էր նախ եւ առաջ ուսանողի՝ որպես անհատ զարգացնելու, սեփական ուժերին հավատալու եւ նպատակներին ինքնուրույն հասնելու ունակության բացահայտմանը:
Հայ երաժիշտների մի քանի սերունդ դարձել են արվեստի հայտնի գործիչներ եւ առաջատար մասնագետներ իրենց ուսուցչի՝ Էդուարդ Ռուբենի Փաշինյանի պրոֆեսիոնալիզմի, նպատակասլացության, հոգատարության, միեւնույն ժամանակ խստապահանջության եւ բացարձակ կարգուկանոնի շնորհիվ: Այդ ամենի կողքին առանձնահատուկ տեղ էր տրվում բարձր բարոյական հատկանիշներին: Նրա սկզբունքն էր. «Եթե ամեն օր ուսանողը չի ստանում ինչ-որ նոր գիտելիք, չի զարգանում իբրեւ մարդ, նշանակում է ուսուցիչը իզուր է զբաղեցնում այդ տեղը»: Ստեփան Շաքարյան, Լուսինե Զաքարյան, Սվետլանա Նավասարդյան, Ռոբերտ Ամիրխանյան, Մարտին Վարդազարյան, Արամ Սաթյան՝ իր ուսանողների հազարերորդ մասն է: Բոլորին նշելն անհնարին է: Դժվար է գտնել գեթ մեկ ուսանողի, ով կհիշի նրան առանց սիրո եւ երախտագիտության:
Իր մեծության հետ մեկտեղ Է. Փաշինյանը չափազանց համեստ էր: Հարմոնիայի դասագիրքը ներկայացված էր արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման: Ատենախոսության ընդդիմախոսը հայտնի տեսաբան-երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Յուրի Ն. Տյուլինն էր, ով խորհուրդ տվեց դասագրքի առաջին մասը ներկայացնել որպես թեկնածուական ատենախոսություն, իսկ երկրորդը՝ որպես դոկտորական: Փաշինյանը չհամաձայնվեց եւ դասագիրքը ամբողջությամբ ներկայացրեց որպես թեկնածուական ատենախոսություն:
Լայն հասարակության աչքից հեռու էր ծավալվում Փաշինյանի եւս մեկ, իր համար ոչ պակաս կարեւոր ոլորտ՝ ստեղծագործությունը: Քչերին են հայտնի իր գործերը: Սակայն դրանք հնարավորություն են տալիս բացահայտել հեղինակի էությունը:
«Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում»: Խոսելով Էդուարդ Ռուբենովիչի մասին՝ այդ միտքը կարելի է հավելել. «Մտածող մարդը մտածող է ամեն ինչում»: Նա աչքի էր ընկնում լայն աշխարհայացքով, բազմակողմանի հետաքրքրություններով, անկախ հարցի ուղղվածությունից դրա էության մեջ խորը թափանցելու զարմանալի ունակությամբ, ինչպես նաեւ ընդհանրացման մեծ տաղանդով: Յուրաքանչյուր անգամ, ինչպես եւ Գերլադային համակարգի դեպքում, իր հետաքրքրությունները վերածվում էին որոշակի համակարգի:
Նա առաջարկեց սեփական աստիճանական երգեցողության համակարգը, որը լայնորեն կիրառում էր սոլֆեջիոյի դասերի ժամանակ, եւ որի մասին մեթոդական ձեռնարկը լույս ընծայվեց 2000 թ.-ին: Որպես իր բազմամյա ուսանող կարող եմ նշել տվյալ մեթոդի 100%-անոց արդյունքը: Պատահական չէ, որ ժամանակին ասում էին. «Փաշինյանը կբացի նույնիսկ երաժշտական լսողություն չունեցողի լսողությունը»:
Բացի այդ, Է. Ռ. Փաշինյանը հարստացրեց երաժշտական բառարանը մի քանի նոր տերմիններով:
Նրա մտքի արգասիք են նաեւ մի շարք հայտնագործություններ երաժշտագիտությունից դուրս, բավականին հեռու ոլորտներում.
-Սեւաստոպոլում վիրավորվելուց հետո, ձգտելով հաղթահարել հաշմանդամությունը եւ կրկին դաշնամուր նվագել, Էդուարդ Փաշինյանը ստեղծեց մի սարք՝ ձեռնոցի նման, որի մատները լցված էին բամբակով եւ զսպանակավոր լարաններով, որը օգնում էր շարժել ձեռքը:
-1954 թ., լինելով Երեւանի բժշկական ինստիտուտի սուբօրդինատոր, նա առաջարկեց աչքերի հիվանդությունների բուժման նոր դեղամիջոց՝ Էկմոլին, որի արդյունավետությունը ընդգծվեց պրոֆեսիոնալների կողմից եւ երաշխավորվեց ակնաբուժության մեջ լայնորեն կիրառելու համար:
-Ունենալով վերլուծական մտածելակերպ, Փաշինյանն առաջարկեց նաեւ Մաթեմատիկայում երկուական թվերի հաշվարկման համակարգը:
Էդուարդ Ռուբենովիչ Փաշինյանը հեռացավ կյանքից 2004 թ. նոյեմբերի 4- ին: Մինչեւ կյանքի վերջին օրերը, ինսուլտից հետո, նա չէր դադարում մտածել: Սկսել էր գրել նոր հոդված, որտեղ մտադիր էր ցույց տալ կապը իր Գերլադային համակարգի եւ ակադեմիկոս Բորիս Ասաֆեւի «Երաժշտական ձեւը որպես ընթացք» աշխատության դրույթների հետ, որը, ցավոք, չկարողացավ ավարտել:
Յուրաքանչյուր օր նոր գաղափարներ եւ առաջարկներ էին ծագում: Ամփոփում էր իր գործունեությունը: Կազմել էր իր ղեկավարած դիպլոմային աշխատանքների ցուցակը, որն ընդգրկում էր 50-ից ավելի աշխատանք:
Ւսկապես, Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում, Մտածող մարդը մտածող է ամեն ինչում:
Արդյունքում, ամփոփելով Էդուարդ Փաշինյանի կյանքը եւ ի մի բերելով գործունեության տարբեր ոլորտների իր նվաճումները, հստակ հասկանում ես՝ որքան մեծ է նրա դերը հայ, եւ ոչ միայն, երաժշտագիտության մեջ: Եվ թվում է, թե նա պատահաբար չէր ծնվել հայ ժողովրդի համար ամենածանր օրը՝ ապրիլի 24-ին: Այդ իսկ պատճառով նա չէր սիրում նշել տարեդարձը: Սակայն, իր կերպարը՝ «Հսկա՝ խստագույն հայացքով, բայց բարի հոգով» ասոցացվում է ոչ թե հայ ժողովրդի ողբերգության, այլ վերածննդի հետ, եւ ստիպում է, հետեւելով իր օրինակին, չհանձնվել, այլ լինել նպատակասլաց, պահանջատեր նախ եւ առաջ ինքդ քո նկատմամբ, ապա շարժվել առաջ՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները:
Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ,
Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի
Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ
«Առավոտ» օրաթերթ
19.04.2023