Նրա ուղերձը հետեւյալն է. եթե չբավարարենք Ադրբեջանի ակնկալիքները` Հայաստան պետության վերացումը կդառնա մեր թշնամիների նպատակը
ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին կրկին ներկայացրեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ճանապարհին: Ըստ նրա` խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային բոլոր հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի համար արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29.800 կմ տարածքը: «Ավելի կոնկրետ՝ Հայկական ՍՍՀ տարածքը, որի սահմաններում մենք 1991թ. անկախություն ենք ստացել։ Մենք ոչ մի երկրից որեւէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք եւ չենք ունենալու երբեւէ։ Եթե մենք այս միտքը չարձանագրենք ու չդարձնենք հանրության սոցիալական հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ, որովհետեւ ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք, ուժեղանում եւ զարգացումն ու ուժն ուղղում ուրիշների դեմ՝ մեր երկրի տարածքներն ընդլայնելու համար։ Ավելին, տվյալ պարագայում ոչ թե մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլեւ մեր պետության՝ առնվազն գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր, եւ այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու», ասաց նա։
Ավելին, Փաշինյանը շեշտեց, որ ինքը ոչ թե տեսության մասին է խոսում, այլ` իրականության. «Վերջին տարիներին այս իրադրության մեծ կամ փոքր մասշտաբների արտահայտումը տեսել ենք մի քանի անգամ, եւ ուրեմն, մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ապրելը՝ երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով»։
Փաշինյանը, փաստացի, մեր հասարակությանը հասկացրեց, որ եթե մենք չբավարարենք Ադրբեջանի ակնկալիքները` Հայաստան պետության վերացումը կդառնա մեր թշնամիների հստակ նպատակը:
Կարդացեք նաև
Այնուհետեւ նա մանրամասնեց, որ Ադրբեջանն էյֆորիայի մեջ է եւ մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ ամեն ինչ, Ադրբեջանը դառնում կամ դարձել է էներգետիկ եւ լոգիստիկ խաչմերուկ եւ նրա կարեւորությունը, թե՛ Ռուսաստանի եւ, թե՛ արեւմտյան որոշ երկրների համար մեծացել է: Հետեւաբար, Փաշինյանի պատկերացրած լուծումը հետեւյալն է` Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն:
Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ բարդ են, միեւնույն ժամանակ արձանագրեց Փաշինյանը, հավելելով. «Այս իրավիճակը, սակայն, եւ՛ ռիսկեր ունի, եւ՛ հնարավորություններ: Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերեւս այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է ու դրանում ոչ պակաս կարեւոր է նաեւ Հայաստանի ու Վրաստանի դերը: Այս համատեքստում տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, որովհետեւ, եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի համար», – նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր անկեղծ մղումն է՝ անել ամեն հնարավորը Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Նա կարծում է, թե, իսկապես, հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: «Բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն ու պարտավորվեն այսօր ու երբեւէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել: Իրականում, Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք 2022-ին Պրահայում ու Սոչիում, այդուհանդերձ, թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ: Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ամբողջ ԽՍՀ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն», – հայտարարեց Փաշինյանը:
Խաղաղության պայմանագրի ստորագրման մասով Փաշինյանը կարեւորեց, որ խաղաղության պայմանագիրը երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձեւավորվեն, հակառակ դեպքում, ըստ նրա` պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ:
Այսինքն, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ճանապարհին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հստակեցումը պաշտոնական Երեւանի համար խոչընդոտ չի հանդիսանում: Պաշտոնական Երեւանի համար խաղաղության հաստատման, այսպես ասած, պայմանը մեկն է` թող Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ վերջ:
Փաշինյանը նաեւ հույս ունի, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի եւ հիմք կստեղծվի հարեւանային բնականոն հարաբերությունների զարգացման համար: Նա կարծում է, որ երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա. «Ու այդ հնարավորությունը մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին»:
Պաշտոնական Երեւանն, այսպիսով, մեկ անգամ եւս աշխարհին ներկայացրեց իր դիրքորոշումը, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Փաշինյանի բերած հիմնավորումների ենթատեքստից կարելի է ենթադրել, որ հայկական կողմը եւս բավական շտապում է, ըստ ամենայնի այն պատճառով, որ նրան զգուշացրել են բոլոր կողմերից, որ Ադրբեջանին երկար սպասեցնելը կարող է կործանարար դառնալ Հայաստանի գոյության համար:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ պաշտոնական Երեւանը արձանագրեց ռազմական բախումների հնարավորությունների մասին: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի եթերում հստակ նշեց, որ Բաքուն «ամենայն հավանականությամբ» նախապատրաստվում է մեծ էսկալացիայի: «Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի, եւ այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել: Հնարավոր էսկալացիայի մասին խոսում են նաեւ միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է, եւ այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մասն է կազմում»,- նշեց Արմեն Գրիգորյանը` խոսելով ապրիլի 11-ին Տեղ գյուղում հայ-ադրբեջանական բախման մասին:
Իսկ թե ինչ ծայրահեղ բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանը` վկայեցին Փաշինյանի հետեւյալ մտքերը, երբ նա շեշտեց, որ պետություն ունենալը թանկ հաճույք է, ու պետություն ունենալու հաճույքի համար վճարում են նրանք, ովքեր պետություն ունենալու, այդ պետությունը պահելու, պահպանելու ու զարգացնելու կամք ունեն: Նրա խոսքով՝ բոլոր կարգի մարտահրավերներին արձագանքը պետք է լինի եւ՛ սիմետրիկ, եւ՛ ասիմետրիկ. «Ասիմետրիկ նշանակում է հասկանալ մարտահրավերները սրելու ու սրողների նպատակները, նրանց նպատակն է խաթարել ՀՀ բնականոն զարգացումը ու ժամանակ չթողնել զբաղվելու ՀՀ զարգացման օրակարգով, բայց մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման օրակարգից, որովհետեւ խոսքը մեր այսօրվա, վաղվա ու մեր երեխաների ապագայի մասին է»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 19.04.2023