«Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն Ալիեւի այդ պահանջը իրականացրել է դեռեւս 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ տարբեր հանդիպումներում նա հայտարարում էր, որ «Ղարաբաղն Ադրբեջան է», որ «Տեղ գյուղից այն կողմ՝ Ադրբեջան է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկ հնչեցրած հերթական թեզերին:
Դրանք են՝ «Ղարաբաղի հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն վերցնեն կամ ապրելու այլ տեղ գտնեն», «Հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրանով ցույց տալով խաղաղության պայմանագրի պատրաստակամություն՝ Հայաստանն արդեն պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է», «Հիմա Ադրբեջանի բանակը շատ ավելի ուժեղ է, քան 2020 թ.: Մենք ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինենք»:
Իլհամ Ալիեւի այս հայտարարությունների ֆոնին, ուշագրավ էին նաեւ երեկ ՀՀ խորհրդարանում, Ադրբեջանի նախագահի հետ համարյա զուգահեռ ՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերը. «Խաղաղությունը հնարավոր է, եթե մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօր, այլեւ ապագայում հստակ ամրագրենք, որ ճանաչում ենք Հայաստանի հանրապետության տարածքը՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր, ավելի ճիշտ՝ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հայկական ԽՍՀ (առանց Ղարաբաղի-Ն. Գ.), որի շրջանակներում մենք անկախություն ձեռք բերեցինք 1991 թվականին, և որ չունենք և երբեք չենք ունենալու տարածքային պահանջներ որևէ երկրի նկատմամբ» եւ, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի մաս:
Մեր զրուցակցի կարծիքով, Ալիեւն ավելի շուտ նպատակ է հետապնդում, որ Նիկոլ Փաշինյանն, ինչպես իր հայտնի ելույթում էր հայտարարում, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ու այդ ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ իրեն ծափահարում եւ ողջունում էին, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ» ու նույն ոգեւորությամբ հայ ժողովուրդը ծափահարի եւ ողջունի իր հայտարարությունը. «Ալիեւի նպատակն, իմ գնահատմամբ, հենց դա է, որ այդ քայլով նվաստացնի ու փչացնի ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ հայ ժողովրդին:
Կարդացեք նաև
Դրան զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բոլորին փորձում էր համոզել, որ ոչ միայն ինքն է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչում՝ իր տարբեր հայտարարություններով, այլ նախկին իշխանությունները նույնպես Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս՝ փաստարկ բերելով Մադրիդյան հայտնի սկզբունքները, ինչը իրականությանը չի համապատասխանում: Մարդիկ, ովքեր ծանոթ են բանակցային գործընթացին, կամ առնվազն վերջին տարիներին հետեւել են պաշտոնական հաղորդագրություններին՝ սկսած Ալիեւի հայտնի հայտարարությունից, որ փակ դռների ետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, վերջացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից հնչող տարբեր հայտարարություններով, վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը խորությամբ չի հասկանում թե ինչի՞ մասին են Մադրիդյան սկզբունքները կամ ընդհանուր առմամբ, ի՞նչ խորություն ունի բանակցային գործընթացը: Կամ՝ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը, որպեսզի ցույց տա, որ ոչ միայն ինքն է կիսում Ալիեւի կարծիքը, որ Ղարաբաղն Ադրբեջան է, այլ այդ կարծիքն իր հետ միասին կիսել են նաեւ ՀՀ նախորդ իշխանությունները»:
Իլհամ Ալիեւը կրկին հիշել է ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին, ՊԲ եւ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանին. թե ինչո՞ւ Ալիեւին հանգիստ չի տալիս «նախկինների» ուրվականը, ինչի՞ց է նա վախենում՝ հարցին Վիտալի Մանգասարյանը պատասխանեց. «Առաջին անգամ չէ, որ Ալիեւն անդրադառնում է նախկին նախագահներին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներին, որոնք արցախյան առաջին պատերազմի ժամանակ հաղթանակներ են կերտել. հոգու խորքում, Ալիեւը առնվազն «վառված» է այդ մարդկանցից ու հիշաչար երեխայի նման, ամեն առիթով փորձում է արտահայտել իր հոգեվիճակը: Մյուս կողմից, Ալիեւը նաեւ վախեր ունի, որ ինչ-որ փուլում հնարավոր է Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա եւ իշխանության գան «ռեւանշիստական» ուժեր, որոնք հնարավոր է իրավիճակ փոխեն թե արտաքին քաղաքական դաշտում, թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակում՝ մարդկանց համախմբեն, հույս, հավատի հնարավորություն կստեղծեն, ինչը, բնական է, նրան անհանգստացնում է»:
Հիշեցնելով 44-օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ ինքը Նիկոլ Փաշինյանին չի հաղթել, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին է հաղթել, մեր զրուցակիցն ասաց. «Տպավորություն է, որ նրանց հաղթելը Ալիեւի մոտ երազանքի նման մի բան է: Փաստացի, ՀՀ նախկին իշխանությունների դեմ շարունակում է պայքարել ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, այլ Ադրբեջանի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Ադրբեջանի նախագահը մեղադրել է նաեւ իրեն ընդառաջ գնացող ՀՀ գործող իշխանությանը՝ ասելով, որ Եվրոպայի առաջնության ժամանակ դրոշն այրողը ուղիղ կապ ունի ՀՀ իշխանությունների հետ. նրան ոչ մի պատիժ չեն նշանակել, նրան, իբրեւ հերոսացնում են. «Բայց նրանք չպետք է մոռանան, թե որտեղ է այսօր ծածանվում ադրբեջանական դրոշը։ Այսօր Ադրբեջանի դրոշը ծածանվում է Ղարաբաղում։ Ադրբեջանական դրոշը ծածանվում է Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Ղուբաթլուում, Քելբեջարում, Լաչինում, Շուշիում, Հադրութում, Թալիշում, ինչպես հարյուրավոր գյուղերում: Այսօր Զանգեզուրի լեռների վրա ծածանվում է ադրբեջանական դրոշը, թող չմոռանան: Թող լավ մտածեն։ Մի օր նրանք կարող են բացել իրենց աչքերը և տեսնել ադրբեջանական դրոշը իրենց գլխավերևում: Թող լսեն Հայաստանի ղեկավարությունը, և նրանց թիկունքում կանգնած ուժերը, այսօր ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք դա ապացուցեցինք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Անհրաժեշտության դեպքում մենք նաև կապացուցենք ցանկացած ձևով»:
Փորձագետի գնահատմամբ, Ալիեւը փաստացի, հերթական անգամ հայ ժողովրդին է սպառնում:
«Դրոշի միջադեպը փոքրիկ միջադեպ է, տարբեր իրավիճակներում, տարբեր երկրներում այդօրինակ ակցիաներ եղել են եւ այս ամենին պետական բարձր մակարդակով անդրադառնալն ու սպառնալիքներ հնչեցնելն ուղղակի խոսում է այն մասին, որ նրանք հող են նախապատրաստում Հայաստանի հանրապետության, Արցախի հանրապետության նկատմամբ հերթական սադրանքների համար, որոնք կարող են արտահայտվել կարճաժամկետ կտրվածքում՝ լոկալ բախումներով, ինչպես մենք տեսանք Տեղ գյուղի հատվածում: Դրանից առաջ էլ Արցախում էր տարբեր ուղղություններով կրակ բացվում: Իսկ միջնաժամկետ կտրվածքում նրանք, իհարկե, պլանավորում են լայնածավալ մարտական գործողություններ եւ հարմար իրավիճակ ստեղծվելու դեպքում՝ այդ հնարավորությունը բաց չեն թողնելու: Այստեղ ամբողջ հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք անում. վերլուծու՞մ ենք այս հայտարարությունները, գնահատո՞ւմ ենք այն բոլոր ռիսկերը, թե ի՞նչ կարող է տեղի ունենալո Հայաստանի եւ Արցախի հետ, պատրաստվո՞ւմ ենք սպառնալիքներին դիմակայել, թե՝ ոչ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ