Սյունիքում վերջին իրադարձությունները լրացուցիչ անգամ հաստատում են Հայաստանի այսօրվա իշխանությունների անօգնականությունը՝ իրացնել երկրի առաջ ծառացած ամենաառաջնային օրակարգը՝ պետության անվտանգության ապահովումը:
Ակնհայտ է, որ շարունակվում է Ռուսաստանի դուրսմղման քաղաքականությունը՝ փորձելով ապացուցել Հայաստանում և Արցախում նրա ներկայության անարդյունավետությունը: Հայաստանը վերածվել է Արևմուտքի և Արևելքի միջև «հաշիվներ մաքրելու» հերթական հարթակը: Միաժամանակ ակնհայտ է, որ այս պայմաններում նվազագույնի է հասցված նույն Հայաստանի և Հայաստանի անվտանգության նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև Արցախի և արցախցիների անվտանգության ապահովումը, որի հիմնական նախապայմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացումն է, ինչպես դա արվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Եվս մեկ անգամ հարցականի տակ է հայտնվում Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով տեղակայված եվրոպական դիտորդական առաքելության արդյունավետությունը: Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ որևիցե գնահատականի բացակայությունն անվստահություն է հարուցում այդ առաքելության և նրա մանդատի նկատմամբ:
Կասկածելի է՝ արդյո՞ք եվրոպական դիտորդների տեղակայման վերաբերյալ հայաստանյան իշխանությունների համաձայնությունը (Ադրբեջանը մերժեց նրանց) և ՀՀ կառավարության կողմից ՀԱՊԿ նմանատիպ առաքելությունից հրաժարվելը այն օպտիմալ, գործուն և կանխարգելիչ գործիքն է, որը կնպաստի հրադադարի ռեժիմի պահպանմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մակարդակի թուլացմանը:
Կարդացեք նաև
Ուշագրավ է Եվրամիության վերջին հայտարարությունը Սյունիքում հրադադարի խախտումների վերաբերյալ, որի հետևանքով զոհվեց 4 և վիրավորվեց 6 հայ զինծառայող: Հերթական անգամ ԵՄ- խուսափեց տարբերակված մոտեցումից, այսինքն չնշեց ռեժիմի խախտման համար մեղավոր կողմին: Միաժամանակ ԵՄ-ն կոչ արեց կողմերին (Հայաստանին և Ադրբեջանին)՝ հարգել այն պայմանավորվածություններն ու պարտականությունները, որոնք, մասնավորապես ընդունվել են 2022թ. Պրահայում՝ հաշվի առնելով 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Սակայն եվրոպացիների հայտարարության մեջ ոչ մի ակնարկ չի արվում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարությամբ ընդունված պայմանավորվածություններին: ԵՄ հայտարարությունը ևս մի անգամ հաստատում է մեր տարածաշրջանում Եվրոպայի դոմինանտության, ռուսական ներկայության և ազդեցության չեզոքացման հավակնությունները: Սակայն, հարց է ծագում. ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում իրականացնել անվտանգության օրակարգը՝ դրա համար անհրաժեշտ ամբողջական գործիքակազմի բացակայության պայմաններում:
Սյունիքի վերջին դեպքերը, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության բարձր աստիճանը միաժամանակ ցույց են տալիս, թե ինչքան մոտ ենք այլ՝ Իրանի հետ տարածաշրջանային հակամարտության բռնկմանը: Ակնհայտ է, որ հնարավոր հակամարտության մասնակիցների աշխարհագրությունը չի սահմանափակվի Իրանով և Ադրբեջանով: Թուրքիայի և Ադրբեջանի խորացող համագործակցությունը (մեկ ազդ՝ երկու պետություն սկզբունքով), ինչպես նաև Իսրայել-Ադրբեջան ռազմարդյունաբերական բարձր համագործակցությունը (ուղղված իրանի դեմ) ցույց են տալիս ռազմական կոնֆլիկտի դեպքում տարածաշրջանային մասշտաբներվերածվելու հավանականությունը: Հաշվի առնելով Սյունիքի և, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները, ինչպես նաև տարածաշրջանում առկա պետական սահմանների փոփոխման Իրանի համար անընդունելիությունը՝ մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանի այս հատվածում հենց հայկական Սյունիքի մարզը կարող է դառնալ ռազմական կոնֆլիկտի թատերաբեմը:
Հայաստանի հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները պարտադրում են, որ Կառավարությունը առաջնահերթ ուշադրության արժանացնի պետական ամրություններին՝ (անվտանգություն, պաշտպանություն, ենթակառուցվածքներ, հասարակական ամրություն և, իհարկե, պետական կառավարում): Սրանց ցածր, պայմանական մակարդակը կամ բացակայությունն այսօր մեր պետությունը վերածում են երրորդ երկրների համար «հաշիվներ մաքրելու» հարթակի: