Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական սուրճ»՝ Էրեբունի վարչական շրջանում

Ապրիլ 19,2023 22:33

Երեւանի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անի Խաչատրյանը մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում հանդիպում էր կազմակերպել երեւանցիների հետ՝ նրանց խնդիրներին ծանոթանալու եւ ավագանու նիստերում դրանք բարձրաձայնելու նպատակով։

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Խաչատրյանը ասաց․ «Սա քաղաքացիների հետ հերթական հանդիպում է, որ պարբերաբար լինում է վարչական շրջաններում։ Սովորաբար քաղաքացիների հետ հանդիպում եմ աշխատասենյակում, բայց քանի որ օրերը տաքացել են, որոշեցի «Քաղաքական սուրճ» վերնագրով հանդիպումներ կազմակերպել բացօթյա։ Քաղաքացիներին ավելի հաճախ ու ամենից շատ մտահոգում է տրանսպորտի խնդիրը։ Բայց հետաքրքիր է, որ երեւանցիներին վերջին պատերազմից հետո ավելի շատ սկսել է անհանգստացնել սահմանային լարված իրավիճակը, անվտանգային խնդիրները։

Մարդիկ դժգոհում են նաեւ հասարակություն-քաղաքապետարան կապը կտրվելուց, երբ անգամ ամենահեշտ հարցի լուծումը ինչ-որ մի օղակում անհասկանալիորեն ձգձգվում է։ Մենք այդ կապը վերականգնելը շատ ենք կարեւորում։ Իդեալական չէ նաեւ սանմաքրումը»։

Անի Խաչատրյանը նաեւ ասաց, որ «Հանրապետություն» կուսակցությունն անպայման մասնակցելու է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին։ «Մեր կուսակցությունը միանշանակ մասնակցելու է, բայց ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք չենք ասում, թե ով է մեր թեկնածուն, թեեւ կարող ենք հայտարարել եւ դա օրենքին չի հակասում։ Երբ կտրվի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, մեր թեկնածուի անունը այն ժամանակ կհայտարարենք»։

Այս համատեքստում Անի Խաչատրյանը Տիգրան Ավինյանի անվան շուրջ իրադարձությունների մասին ասաց․ «Տիգրան Ավինյանը Երեւանի փոխքաղաքապետն է եւ փոխքաղաքապետի աշխատանքի շրջանակներում, մանավանդ, որ նա համակարգում է վարչական շրջաններն ու մշակույթը, վարչական շրջաններ շրջայցերը լրիվ տեղավորվում են օրենքի դաշտում։ Այսինքն, գուցե, իրենք բերեցին, տեղավորեցին այդ դաշտում, դա այլ հարց է»։

Դիտարկմանը, թե Տիգրան Ավինյանը չի թաքցնում քաղաքապետի պաշտոնի իր հավակնությունները եւ քաղաքապետարանի գործունեությունն, ըստ էության, ակնհայտ ուղղված է նրա քարոզարշավը այժմվանից կազմակերպելու եւ նրա հաջողությունը ապահովելու համար, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը պատասխանեց․ «Դա միանշանակ է։ Բայց ես դրան նայում եմ նաեւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Քարոզարշավային բաղադրիչները միանշանակ կան։ Բայց այդ ամենը տեղավորված է օրենքի սահմաններում»։

Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու լիազորությունները ուժի մեջ են մինչեւ աշուն։ Իսկ թե ինչո՞ւ Հայկ Սարգսյանի հրաժարականից հետո ավագանին, այդ թվում նաեւ իր քաղաքական ուժը, ներկայիս իր կազմից քաղաքապետի նոր թեկնածու չառաջադրեց, պատճառաբանեց, որ երեք հոգանոց իրենց խմբակցությունով արդյունք չէր լինի։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կամ «Բարգավաճ Հայաստանը» կքվեարկեին «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին։ Վստահ եմ, նման բան չէր լինի»,-ասաց նա։

Իսկ հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ընդդիմությունը միասնական թեկնածուով մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, Անի Խաչատրյանը պատասխանեց․ որ իրենք, իհարկե, չեն բացառել դաշինքով մասնակցելը։ «Բայց ունենք բացառություններ։ Կան քաղաքական ուժեր, որոնց հետ չենք միանա»։ Իսկ ՔՊ-ի հետ դաշինք կազմելու մասին մեր հարցին պատասխանեց․ «Այս պահին իշխող ուժի հետ քննարկում չունենք։ ՔՊ-ի հետ մենք եղել ենք դաշինքի շրջանակներում։ Եվ հիմա էլ չեմ բացառում։ Իմ համար ու լիարժեք կարող եմ ասել կուսակցության անունից, բացառվում են նախկին իշխանությունները, որոնց հետ մշտապես քաղաքական պայքարի մեջ ենք եղել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930