Հակակոռուպցիոն դատարանում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի գործով դատական նիստի ընթացքում ապրիլի 19-ին հարցաքննվեց Վլադիմիր Գասպարյանը։
Հիշեցնենք՝ դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել էր Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։
Արշակ Հակոբյանը մեղադրվում է, որ 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:
Արշակ Հակոբյանի փաստաբան Զորայր Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վլադիմիր Գասպարյանն այսօր ցուցմունք տալով հայտնել է այն, ինչ նախաքննության ժամանակ։ Մանրամասնելով փաստաբանն ասաց․ «Արշակ Հակոբյանի դեմ քրեական գործով միայն մեկ խնդիր ունենք, որ փաստացի նույն հանգամանքները դատախազությունը շատ ծայրահեղացված՝ այլ կերպ է մեկնաբանում ու փորձում անգամ հօգուտ Արշակ Հակոբյանի ցուցմունքները ներկայացնել այնպիսին, ինչպիսին մեղադրանքը հաստատող ցուցմունքը։ Որպես օրինակ՝ պարոն Գասպարյանը մեղադրական եզրակացությամբ դատակոչված վկաների ցանկում էր, այսինքն՝ կարելի է դասել մեղադրանքի վկաների շարքին, բայց նա եկավ, ըստ էության արդարացման ցուցմունք տվեց պարոն Արշակ Հակոբյանի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Ըստ դատախազության՝ պարոն Գասպարյանի կինը գրանցված է եղել ոստիկանությունում՝ որպես աշխատող։ Փաստացի չի աշխատել, բայց ստացել է աշխատավարձ, այդ աշխատավարձն ըստ դատախազության՝ հանցավոր ճանապարհով ձեռքբերված եկամուտ է, որը ըստ դատախազության՝ պարոն Գասպարյանի կինը տարիների ընթացքում չի ծախսել՝ կուտակել է, հետո փոխանցել է պարոն Գասպարյանին, որպեսզի պարոն Գասպարյանն էլ փոխանցի Արշակ Հակոբյանին, որ նա այդ գումարներով ենթադրաբար «Ավանգարդ մոթորսից» երկու մեքենա ձեռք բերի։ Երևի հասկանում եք, որ ոստիկանության աշխատողի՝ պետական աշխատողի անգամ տասը տարվա աշխատավարձը չի կարող բավարարել նրան, որ անգամ ամենաէժան մեքենան «Ավանգարդ Մոթորսից» ձեռք բերվի։
Պարոն Գասպարյանն այդ ամենի վերաբերյալ ցուցմունք տալով՝ նշեց, որ նախ, բնականաբար, Արշակ Գասպարյանը ձեռք է բերել այդ մեքենաներն իր ցուցումով, իր համար, այսինքն՝ դրանք եղել են իրենը, մեքենաների ձեռք բերման հետ իր կինն ու նրա եկամուտները որևէ առնչություն չունեն ու գումարների մասին, թե ինչ գումարներով է ձեռք բերվել, պարոն Գասպարյանը նշեց, որ այլ գույք է ունեցել, որը վաճառել է և մի փոքր գումար է վրան ավելացրել և այդ մեքենաներն է ձեռք բերել ու դրամական ազատ միջոցներ է ունեցել, բայց, այնուամենայնիվ, որևէ դեպքում Արշակ Հակոբյանը որևէ տեղեկացվածություն այդ մասին, թե իրեն ինչ գումար է տրվել, չի ունեցել և չէր էլ կարող ունենալ։
Այսինքն՝ Արշակ Հակոբյանին մեծ հաշվով ուղղակի գումարը պարոն Գասպարյանը փոխանցել է, ասել՝ գնա, այսինչ տեղից, այսինչ բանն առ, բեր։ Իսկ թե ինչ գումար, որտեղից պարոն Հակոբյանը մինչև այսօր էլ տեղյակ չէ, և այդ հարցին կարող է պատասխանել մեծ հաշվով միայն պարոն Գասպարյանը։ Ինքն էլ իր վերաբերյալ քրեական գործով պատասխանում է սպառիչ տեղեկություններով»։
Այսօրվա դատական նիստի ընթացքում նաև մեկ անձ հարցաքննվեց հասարակական նշանակության տարածքի առուծախսի գործարքի վերաբերյալ, մեկ հոգի էլ մեքենայի ձեռք բերման վերաբերյալ է հարցաքննվել, հետագայում օտարման։
Խոսելով Արշակ Հակոբյանին կալանքի տակ պահելու և դրա հիմնավորման մասին՝ փաստաբանն ասաց․ «Դրա նպատակն է այն, որ Արշակ Հակոբյանը ենթադրաբար չազդի որևէ մեկի վրա։ Այս մասին, իհարկե, չեմ ուզի խորքային մեկնաբանություններ տալ այն առումով, որ դատական ակտ է կայացված․ բողոքարկման ընթացքում է։ Համաձայն չեմ այն մտավախության հետ, որ կարող է որևէ մեկի վրա ազդեցություն ունենալ այն պատճառաբանությամբ, որ ուղղակի չկա այնպիսի մարդ, որը բացասական բան կասեր Արշակ Հակոբյանի վերաբերյալ, որ նա էլ նպատակ ունենար մեկի վրա ազդել։
Օրինակ՝ ըստ մեղադրանքի և ըստ կայացված դատական ակտի՝ կար մտավախություն առ այն, որ Արշակ Հակոբյանը կարող է պայմանական ասած անգամ Վլադիմիր Գասպարյանի վրա ազդեցություն ունենալ, բայց քանի որ մենք՝ բոլորս արդեն ամբողջովին տիրապետում ենք բոլոր հարցաքննված վկաների ցուցմունքներին, որևէ իմաստ անգամ չկա ինչ-որ մեկի վրա ազդելու։ Այս երեք ամսվա ընթացքում մեր ծրագիրն այն է, որ հարցաքննենք, ավարտենք բոլոր հնարավոր վկաներին, որպեսզի դատարանի համար էլ հեշտ լինի գնահատել ցուցմունքները։ Իմ ակնկալիքն է, որ երեք ամիս հետո, եթե ոչ ավելի շուտ Արշակ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը պիտի փոփոխվի դեպի ավելի մեղմի․ արդեն ազատազրկման հետ կապ չունեցող որևէ խափանման միջոց պետք է ընտրվի, մինչև գործի քննությունը կավարտվի և, բնականաբար, միանշանակ արդարացման ակտ կկայացվի»։
Մեր այն փաստմանը՝ գործը բավականին մեծ գումարների մասին է, Զորայր Հարությունյանն այսպես արձագանքեց․ «Այդ գումարներն ուռճացված են, դրանք Արշակ Հակոբյանի հետ որևէ առնչություն չունեն։ Որևէ գործարք, որն այս մեղադրանքում շոշափվում է, չի կատարվել Արշակ Հակոբյանի մասնակցությամբ, Արշակ Հակոբյանի դրամական միջոցների հաշվին կամ որևէ այլ կերպ։
Այսինքն՝ այս մեղադրանքում Արշակ Հակոբյանի հետ փոխկապակցված անձանց ձեռք բերված գույքերն են։ Օրինակ՝ դուստրը ունի հասարակական նշանակության տարած, վերագրում են, թե դուստրը ո՞նց կարող էր սա ձեռք բերել, ձեռք է բերել Արշակ Հակոբյանը՝ մինչդեռ ինքն ըստ մեղադրանքի՝ աշխատավարձով ապրող մարդ է, ուրեմն փողերի լվացում կա։ Բայց նախաքննությունը շատ միակողմանի է գնացել, դատախազությունն էլ աչք է փակում այնպիսի ապացույցների վրա, որոնք ուղղակիորեն հակառակն ապացուցում են, օրինակ՝ իրականում այդ տարածքը Արշակ Հակոբյանի խնամու միջոցներով է ձեռք բերվել, նա էլ իր եկամուտները հիմնավորել է, թե որտեղից իրեն այդ գումարները, թե ինչու է այդ տարածքը նվիրել իր հարսին։ Ուղղակի դատախազությունն այս ամենի վրա համառորեն աչք է փակում»։
Երեկոյան ուշ՝ աշխատանքային ժամի ավարտից հետո էլ շարունակված դատական նիստն այսօր հետաձգվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ