Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինը գալիս ու կնոջ դեղերն է ստանում, ասում է՝ ինձ պետք չեն դեղեր, իմ փոխարեն կնոջս տվեք». (Ֆոտոշարք)

Ապրիլ 19,2023 21:12

2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ պատերազմի հետեւանքով տուժեցին հազարավոր մարդիկ, որոնցից շատերը ստիպված եղան լքել իրենց տները: Պատերազմից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սկսեց «Ավրորան՝ ԱՐՑԱԽԻՆ» ծրագիրը, որպեսզի աջակցի այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնք անհապաղ մարդասիրական օգնություն էին տրամադրում տեղի բնակչությանը:

Այսպիսով, տեղահանված բնակչությանը տրամադրվեց սնունդ, կացարան եւ տաք հագուստ, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության պարագաներ եւ կենսական նշանակության դեղամիջոցներ:

Արցախի մարդասիրական ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորան» հատկացրել է ավելի քան 2.200.000 ԱՄՆ դոլար՝ աջակցելով 94 նախագծի Արցախում, որոնք իրագործվել են 65 տեղական եւ միջազգային գործընկերների միջոցով՝ օգնության ձեռք մեկնելով 131.000 մարդու տարածաշրջանում:

Աջակցություն Շուշիից տեղահանվածներին մեղվաբուծությամբ զբաղվելու համար, հուլիս 2021)

Ծրագրերից մեկն աջակցությունն էր Շուշիից տեղահանվածներին՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար: Նախագիծը մեղվաբուծության հնարավորություն է ընձեռել Շուշիից տեղահանված 5 ընտանիքի համար։ Դրամաշնորհն ուղղվել է մեղվաընտանիքների, փեթակների ու մեղվաբուծության համար անհրաժեշտ սարքավորումների ու նյութերի ձեռք բերմանը։ Նախագիծը մեկնարկել է Տավուշի մարզում, այնուհետեւ տեղափոխվել Լոռու մարզի Ահնիձոր համայնք:

Աջակցություն Շուշիից տեղահանվածներին մեղվաբուծությամբ զբաղվելու համար, հուլիս 2021)

Նախագիծն օգնում է տեղահանված ընտանիքներին կայունացնել իրենց սոցիալական վիճակը: Հրանտ Մաթեւոսյանի տուն-թանգարանի հարեւանությամբ իրականացվող այս նախագիծը նպաստում է նաեւ համայնքի զարգացմանը, ունի զբոսաշրջությունը խթանելու ներուժ։ Այս ծրագրի համար Ավրորայի ուղղորդված միջոցներն էին 10,000 ԱՄՆ դոլար:

Աջակցություն Շուշիից տեղահանվածներին մեղվաբուծությամբ զբաղվելու համար, հուլիս 2021)

Aravot.am-ի հետ զրույցում մեղվածության ծրագրի շահառուներից Հայկ Պապյանը տեղեկացրեց, որ աջակցությունը բաժանվել է 5 մասի. «Մենք Շուշիի Նարեկացի արվեստի միության տարածքում գործող «Հեքիաթների տուն» կազմակերպության ներկայացուցիչներն ենք, որը նաեւ թատրոն էր: Մեզ տրված գումարով մենք ձեռք բերեցինք փեթակներ, մեղուներ, նյութեր: Սկզբվում Իջեւանում էինք, Բագրատ Սրբազանը մեր փեթակների համար տարածք էր տրամադրել, հետո տեղափոխեցինք Լոռու մարզ՝ Ահնիձոր: Ես էի նախագծում, թատրոնի նկարիչը, մեր դերասաններից Նվերն ու Գայանեն եւ Արմենը՝ Շուշիից:Առաջին տարին փեթակներն Իջեւանում էին, հաջորդ տարի որոշեցինք տեղափոխել Լոռի, որտեղ ավելի լավ պայմաններ էին: Այստեղ մեզ օգնության եկավ Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթը»:

Հայկ Պապյանը տեղեկացրեց, որ Արմենն առանձնացել է, Երեւանում է մեղվաբուծությամբ զբաղվում, Նվերի հետ ինքն ու Գայանեն Ահնիձորում ու Երեւանում են, իրենց թատրոնի նկարիչ Արտակ Ստեփանակերտում է մեղուներ պահում. «Բոլորս իրար հետ կապը պահում ենք, ցավոք մինչեւ այսօր Արտակի հետ օնլայն ենք շփվում»:

«Ավրորան՝ ԱՐՑԱԽԻՆ» համատեքստում կյանքի կոչված հաջորդ ծրագիրը «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ի հետ է իրականացվել, «Ավրորայի» աջակցությամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում հաստատված արցախցի 87 երեխաների համար կազմակերպել է վերականգնողական թերապիա՝ հոգեբանների, լոգոպեդների, արտթերապեւտների և ֆիզիոթերապեւտների մասնակցությամբ։ Հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 306 տեղահանվածների և պատերազմի մասնակիցների։ Ավրորայի ուղղորդված միջոցները կազմել են 10,000 ԱՄՆ դոլար:

Արցախից տեղահանված երեխաներ՝ «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի մարդասիրական անհապաղ օգնության նախագծերից մեկի շահառուները

«Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Մարինա Ադուլյանն Aravot.amի հետ զրույցում հետեւյալը նշեց. « Պատերազմից հետո, երբ բոլորս չգիտեինք ինչով օգնել Արցախից տեղահանված ընտանիքներին, երբ իրավիճակն իսկապես քաոսային էր, «Ավրորան» ճիշտ ժամանակին կանգնեց բոլորիս կողքին։ Մենք որ չգիտեինք՝ ինչպես եւ ոնց օգնել մարդկանց, եւ արցախցի կանանց, եւ երեխաների, որ պատերազմից հետո կորցրել էին ամեն բան։ Համատեղ կարողացանք փոխել բազմաթիվ ճակատագրեր։

Արցախից տեղահանված երեխաներ՝ «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի մարդասիրական անհապաղ օգնության նախագծերից մեկի շահառուները

Երկու ծրագիր ենք իրականացրել`առաջինը թերապիաներ էին Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող , ինչպես նաև ծանր հոգեբանական վիճակում գտնվող երեխաների համար։ Երկրորդ ծրագրի շնորհիվ արցախցի կանայք սովորեցին կար ու հագուստի մոդելավորում, ստեղծվեց «Բարի կար» նախագիծը, որը կարում է մատչելի հագուստներ ոչ թուրքական հումքից»։

Արցախից տեղահանված երեխաներ՝ «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի մարդասիրական անհապաղ օգնության նախագծերից մեկի շահառուները

Մարինա Ադուլյանն ասում է, որ հատկապես առաջին ծրագրի մասով ունեն շոշափելի արդյունք, դա նախ եւ առաջ երեխաների ժպիտներն են, որոնք վերադարձել են, որովհետեւ երեխաները դժվար էմոցիոնալ փուլ էին անցել, իսկ հիմա ժպտում են ու կարողանում են պատկերացնել իրենց հետագա կյանքը:

Արցախից տեղահանված երեխաներ՝ «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի մարդասիրական անհապաղ օգնության նախագծերից մեկի շահառուները

Ծրագրի շահառուներից Արենը Արցախի Մեծ Թաղերից է; Երեխան Ձմեռ պապին գրած նամակում նվերների փոխարեն խաղաղություն էր խնդրել, իսկ նամակի տակ ստորագրել էր՝ Արեն Ալթունյան, Արցախ, Հադրութի շրջան, գյուղ Մեծ Թաղեր: «Բարի մամա» հասարակական կազմակերպության «Բարի տնակում» նա ջերմ ընդունելության էր արժանացել, ձեռք բերել նոր ընկերներ, որոնց սովորեցրել էր Արցախի բարբառը:

Սլավիկ Սեյրանյանը՝ Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղից է: Նա եւս Հայաստանում նոր ընկերներ էր գտել, բայց ի՜նչ մեծ էր ուրախությունը, երբ գալով «Բարի մամա» ՀԿ-ի «Բարի տնակ», հանդիպել էր իր հադրութցի ընկերներին ու բարեկամներին, նրանց մեջ՝ իր ավագ ընկերոջը՝ Գոռին, որը կռվել եւ վիրավորվել էր 44-օրյա պատերազմում:

Ինչ վերաբերվում է տեղահանված կանանց համար աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը՝ տեքստիլ արտադրությունում, կարիքների գնահատման եւ ներկայացված հայտերի ուսումնասիրության արդյունքներով ընտրվել էին 12 մասնակից։ Նրանց կարելու արհեստին տիրապետելու հնարավորություն էր ընձեռվել «Բարի կար» սոցիալական ձեռնարկությունում, որն արտադրում է մատչելի հագուստ և հանդիսանում է արցախցի կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց ուսումնառության վայր։ Դասընթացն ավարտելուց հետո շահառուներից 7-ը վերադարձել է Արցախ, իսկ 5 կին աշխատանքի է անցել «Բարի կար» սոցիալական ձեռնարկությունում։ «Ավրորայի» ուղղորդված միջոցները՝ կազմել էին 7,000 ԱՄՆ դոլար:

Արցախից տեղահանված կանանց համար աշխատանքի հնարավորությունների ստեղծում տեքստիլ արտադրությունում: Գործընկեր՝ «Բարի մամա» ՀԿ «Բարի կար» նախաձեռնություն

Դերձակներից Գոհար Ալթունյանն ծրագրի մասնակից 12 արցախցի կանանցից մեկն է: Նա եւս Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: Հարսից էր տեղեկացել «Բարի մամա» ծրագրի մասին ու եկել «Բարի տնակ», որպեսզի կարողի մասնագիտության մեջ իրեն փորձի: Գոհարը, նրա հարսը եւ մյուս դերձակները կարիքավոր ընտանիքների համար անկողնային սպիտակեղենի եւ զինվորների համար տաք քնապարկերի «հեղինակ» են դարձել:

Արցախից տեղահանված կանանց համար աշխատանքի հնարավորությունների ստեղծում տեքստիլ արտադրությունում: Գործընկեր՝ «Բարի մամա» ՀԿ «Բարի կար» նախաձեռնություն

«Ավրորան՝ ԱՐՑԱԽԻՆ» ծրագիրը աջակցել է նաեւ «Հանգանակ» ՀԿ-ին՝ իրականացնելու իր կարեւոր նախաձեռնությունները: «Հանգանակ» ՀԿ-ի նախագահ Գոհար Հովհաննիսյանը նշեց, որ 50000 դոլար դրամաշնորհը տրվել էր իրենց հովանավորին՝ Հայ կանանց բարեկեցության միությանը, որն ուղղվել է «Հանգանակ»: «Շատ տեղին էր այդ դրամաշնորհը, որովհետեւ մեր ծրագիրը օդից կախված էր, ֆինանսավորումն ընդհատվել էր: Այդ գումարը մեզ շատ օգնեց, որ տարին ավարտենք»:

Արցախից տեղահանված կանանց համար աշխատանքի հնարավորությունների ստեղծում տեքստիլ արտադրությունում: Գործընկեր՝ «Բարի մամա» ՀԿ «Բարի կար» նախաձեռնություն

Հավելենք, որ հիմնադրման օրից՝ 2004 թվականից, «Հանգանակ» ՀԿ-ն գործում է Ստեփանակերտում՝ իր շուրջը համախմբելով հասարակության սոցիալապես ամենախոցելի խավին՝ միայնակ տարեցներին, տրամադրելով նրանց բժշկական եւ սոցիալական օգնություն եւ սատարելով դիմակայել կյանքի դաժան փորձություններին:

«Հանգանակ» ՀԿ-ի նախագահ Գոհար Հովհաննիսյանը հուզիչ դրվագներ ներկայացրեց իրենց շահառուների հետ կապված: Արցախից տեղահանված ամուսինների էլ հիշեց. «Ամուսինը չի լսում, կինը ծանր հիվանդ է, կյանքի մայրամուտին հայտնվել էին ծանր վիճակում, մենք գտանք իրենց եւ ընդգրկեցինք մեր ծրագրում: Ամուսինն ամեն ամիս գալիս ու կնոջ դեղերն է ստանում: Այնքան հուզիչ է, ասում է՝ ինձ պետք չեն դեղեր, իմ փոխարեն կնոջս տվեք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Արեգ Բալայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930