Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրանից, Պակիստանից, Հնդկաստանից բնակչության հոսքը դեպի Հայաստան վատ հետևանքներ կարող է ունենալ մեր համար»․ էթնոաշխարհագետ

Ապրիլ 19,2023 19:50

Էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Բոյաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ժողովրդագրական աղետի մեջ է․ հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ մայրաքաղաքի, որտեղ բնակչության գերկենտրոնացում է տեղի ունենում, անչափ տխուր պատկեր է։

«2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ տասնյակ հազարավոր ռուսների, ուկրաինացիների և այլ ազգության ներկայացուցիչների հոսք կա դեպի Երևան քաղաք։ Մեր մարզերից ևս հոսք կա դեպի մայրաքաղաք։

Բնակչության հոսք կա նաև Իրանից, Պակիստանից, Հնդկաստանից և դրա հետևանքները շատ ավելի վատ կարող են անդրադառնալ մեր հանրապետության համար։ Դրսից այլազգիների հոսքը դեպի Հայաստան մի կողմից ունի իր դրական կողմերը․ լրացուցիչ ֆինանսական ներհոսք է, բայց ժամանակի ընթացքում կարող է տեղաբնակների և եկվորների միջև առաջացնել հակասություններ։ Հիմա դա կարող է չերևալ, ակնհայտ կդառնա մի 5-10 տարի հետո, հնարավոր է էթնոժողովրդագրական պատկերն ամբողջովին փոխվի։

Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակն էլ անկայուն է, չգիտենք՝ ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ Մերձավոր Արևելքում, այդ թվում Իրանում։ Պատերազմական գործողությունների ժամանակ դա կարող է բերել միլիոնավոր բնակչության ներհոսք դեպի Հայաստանի Հանրապետություն, և կարճ ժամանակահատվածում էթնոժողովրդագրական պատկերը փոփոխության ենթարկվի։

Այսինքն՝ այս ամբողջ սցենարները մենք պիտի հաշվի առնենք, դրանց լուծման ուղիները պիտի փնտրենք և իմանանք։

Հեղհեղուկ վիճակ է․ աշխարհաքաղաքական բախումները կարող են հանգեցնել էթնիկ խոշոր տեղաշարժերի տարածաշրջանի, որից անմասն չի կարող մնալ Հայաստանը»,- ասում է Արտաշես Բոյաջյանը։

Ըստ նրա, եթե 1000 հոգով էլ նվազի բնակչության թիվը, դա աղետ է Հայաստանի Հանրապետության համար։ Այժմ թե՛ Լոռիում, թե՛ Շիրակում ու մյուս մարզերում մահացածները գերազանցում են ծնվածներին։

2018 թվականին Լոռիում այդ տխուր ցուցանիշը գրանցվեց, 2020 թվականին էլ՝ Շիրակում ու մյուս մարզերում, բացառությամբ Գեղարքունիքի և Երևանի։

Արտաշես Բոյաջյանը նշում է, որ այսօր արդեն 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է ամբողջ հանրապետության բնակչության թվի 14,5 տոկոսը, հասարակությունը ծերացող է։ Կան քաղաքային ու գյուղական բնակավայրեր, որտեղ 20-22 տոկոս է կազմում, դրանք, ըստ մասնագետի, մահացող բնակավայրեր են։

Այս թեմային կանդրադառնանք ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930