Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանի վերաբերյալ վարույթը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասեցրել է

Ապրիլ 19,2023 18:18

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ապրիլի 12-ի որոշմամբ կասեցրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ վարույթը։ Այս մասին Aravot.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին հանձնաժողովից։

Հանձնաժողովը որոշել է, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերում առկա են տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրեն այլ պետական մարմիններ։ Որոշումը հրապարակված չէ։ Թե ինչու այն չեն հրապարակել, հանձնաժողովից մեր հարցին ի պատասխան ասացին՝ կան անձնական որոշակի տվյալներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։

Aravot.am-ը ապրիլի 17-ին գրավոր հարցում էր ուղարկել հանձնաժողով՝ պարզելու, թե որ փուլում է Ավինյանին առնչվող վարույթը, քանի որ հանձնաժողովը մարտի 13-ին որոշում էր կայացրել Ավինյանի վերաբերյալ վարույթի ժամկետը երկարացնել մինչեւ ապրիլի 12-ը։ Սակայն ապրիլի 12-ին որոշումը կայքում հրապարակված չէր, եւ միայն ամսի 17-ին հանձնաժողովն իր պաշտոնական կայքում լուր է հրապարակել, որով տեղեկացնում է վարույթը կասեցնելու մասին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022-ի դեկտեմբերի 12-ին վարույթ է հարուցել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով։ Հանձնաժողովն ուսումնասիրության համար առիթ է եղել «Փաստինֆո»–ի՝ «ԱՆԻՖ–ը հաստատում է՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է մնալ տնօրենների խորհրդի նախագահ» հրապարակումը»:

Իսկ վարույթ ընդունելու մասին դեռ դեկտեմբերին հրապարակած իր որոշման մեջ հանձնաժողովը մի շարք հանգամանքներ է նշել՝ Տիգրան Ավինյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվել է սեպտեմբերի 23-ին։ Ավինյանի՝ 2022-ին պաշտոնական պարտականությունների ստանձնման հայտարարագրում Ավինյանը ներկայացվածություն առեւտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում նշել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»՝ ԱՆԻՖ։ Ըստ հանձնաժողովի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից։ Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից։

«Տիգրան Ավինյանը 2022 թվականի սեպտեմբերի 23-ին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո պարտավոր էր ապահովել օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները»,-դեկտեմբերի 12-ին եզրակացրել է հանձնաժողովն ու վարույթ հարուցել։

Ըստ էության, հանձնաժողովը երեք ամիս ուսումնասիրեց Ավինյանի գործն ու որոշեց կասեցնել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930