Ալմա-Աթայի հռչակագիրը, ցավոք, պատշաճ կրթություն չստացած մարդիկ, այդ թվում նաև՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այդպես էլ չեն հասկացել, հավանաբար այն ռուսերեն է կամ լավ թարգմանություն չի արված: Այսօր «Հայելի» ակումբում այսպես մեկնաբանեց իրավապաշտպան ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:
«Այն կետը, որի վրա հղում են անում, հնչում է այսպես, (բանախոսը մեջբերումը ռուսերեն հնչեցրեց-խմբ.), այսինքն` այդ պահին գոյություն ունեցող սահմանները: Այդ տեքստը կազմողներն անգրագետ չեն եղել և նրանք պատահական չեն գրել նախկին Սովետական Միության հանրապետական վարչական սահմաններում, չեն գրել Սովետական Միության ժամանակներում գոյություն ունեցող սահմանները: Շատ պարզ, գրագետ մարդկանց համար, միանշանակ խոսվել է այն մասին, որ 1991թ. դեկտեմբերի 21-ին նոր ստեղծված իրավիճակում, ահա այդ սահմաններում, իսկ այդ սահմաններում Սովետական Ադրբեջանի սահմաններ գոյություն չունեին»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն իրեն համարել է Սովետական Միությունից դուրս և հայտարարել է, որ ՍՍՀՄ Սահմանադրությունն իր տարածքում չի գործի այն չափով, ինչ չափով կհակասի Ադրբեջանի օրենսդրությանը և 1991թ. հոկտեմբերի 16-ին Ադրբեջանն իրեն հստակորեն դուրս է դրել ՍՍՀՄ սահմանադրականությունից՝ սովետական տարիները համարելով Ադրբեջանի օկուպացման ժամանակաշրջան:
«Այդ ընթացքում արդեն տեղի ունեցավ Ստեփանակերտի հայտնի հանրահավաքը և դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բացարձակապես կապ չուներ այն տարածքների հետ, որոնք կոչում էին թե՛ Սովետական, թե՛ դեմոկրատական Ադրբեջան, թե՛ ժամանակակից Ադրբեջանի Հանրապետություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ առնչություն չուներ, այսինքն` Արցախը դուրս է եղել: Կրկնում եմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 21-ին, գոյություն ունեցող սահմաններում չէր , այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետության սահմաններում չէր»,-ասաց տիկին Ալավերդյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է «Մադրիդյան սկզբունքներին» հղումներ անողներին՝ իրավապաշտպանը հորդորեց նրանց հստակեցնել, թե այդ դեպքում Մինսկի խմբի անդամ պետությունների ներկայացուցիչները 28 տարի շարունակ ինչի՞ մասին էին խոսում, բանակցում Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ալավերդյանը կարծում է, որ օրվա վարչակազմը չի հասկանում ու չի կարող ընկալել այդ գործընթացները:
«Այնինչ, շատ ավելի ազնիվ կլիներ, թեկուզ՝ շատ դժվար է պատկերացնել այս վարչակազմի ազնիվ լինելը, որ ասեին հետևյալը՝ դեռ 2008 թվականից ի հայտ եկած մարտի 1-ի դեպքերը կազմակերպած այդ բոլոր ուժերը, այդ թվում այսօրվա ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ուներ անձնական այդ համոզմունքը: Թույլ տվեք, ձեր անձնական համոզմունքներին չանդրադառնալ, դա ձեր խղճի գործն է, բայց փաստերը և միջազգային իրավունքը և միջազգային պրակտիկան միանշանակ խոսում է, որ ձեր համոզմունքն անգամ աղերս չունի իրավական հիմքերի հետ, այն իրողության, որոնք տեղի են ունեցել և որոնք են կապված Արցախի Հանրապետության կազմավորման, կայացման և զարգացման հետ»,-շեշտեց տիկին Ալավերդյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ