«Մեր թիմը ՀՀ ժողովուրդն է, որը մեզ ձայն է տվել: Եթե ժողովուրդն ասի՝ չէ, գիտեք ինչ, ձեր տեսլականը չենք ընդունում, մենք կհեռանանք ու կզիջենք տեղը այն ուժին, ում տեսլականը կընդունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողները հիշեցրին, որ ՀՀ քաղաքացիները ՔՊ-ին մանդատ տվել են խաղաղության համար, որովհետեւ ներկայացել է այդ օրակարգով, բայց խաղաղություն չեն բերել, ուստի չե՞ն ուզում հրաժարական տալ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք խաղաղություն ենք բերել, խաղաղություն ենք բերում եւ խաղաղության ուղղությամբ ենք աշխատում: Երբ որ իրենք մեր աշխատանքից դժգոհ կլինեն, մենք կապի մեջ ենք, իրենք մեզ կասեն, մենք կհեռանանք: Իսկ ընդդիմադիր ԶԼՄ-ների, ընդդիմադիր գործիչների գործը այն է, որ մեզ մեղադրեն: Գոյություն ունի մեկ դատավոր եւ այդ դատավորը, որոշողը ՀՀ ժողովուրդն է»:
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու ղարաբաղյան հարցի շուրջ թեզերի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Երեկ վարչապետն ինչ ասել է՝ ես դրա տակ ստորագրում եմ բառացի, ամեն ասածի տակ: Ես գիտեմ ինչ է ասվել, ինչի համար է ասվել, ամբողջությամբ սատարում եմ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստան մտած ադրբեջանցիների միջադեպին, որի հետեւանքով հայ սպանվեց՝ ԱԺ նախագահն ասաց, որ այդ տարածքներում հաճախ են մոլորվում, դա կարող է լինել Հայաստանից ինչ-որ մեկը. «Ես չեմ կարծում, որ դրանով պետք է չափենք մեր կամ հարեւան երկրի անվտանգության համակարգի աստիճանը: Բռնեցին, չէ՞, հա հանցագործություն արել է, բայց մեծ տարածքների մեջ….ինչքան հասկանում եմ, փախել է, ուզել է անցնի»: Երբ լրագրողները հիշեցրին, որ ուղիղ եթեր է մտել ադրբեջանցին ու հայտարարել՝ լավ ենք արել, սպանել ենք հայերին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գլուխը պատով է տվել, սրիկա է, ավելացնելու բան չունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ