«Նախատեսում ենք, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում տեղակայվելու է ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերը»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է լինելու «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքի ճակատագիրը։
«Ունենք հստակ պատկերացում, որ այստեղ վերականգնելու ենք կինոարտադրության եւ կինոկրթության հնարավորությունները։ Այսինքն, շենքի սկզբնական գործառույթները պետք է զարգացնենք։ Թե ինչպես, կասեն մասնագետները։ Ակնկալում ենք ճարտարապետների այց։ Տարածքներում շրջայց ենք ունենալու։ Բայց այստեղ լինելու են արվեստների համալսարանը, արվեստների ավագ դպրոցը՝ բոլոր ենթակառուցվածքներով, ժամանակակից կինոթատրոնով»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքի ընդհանուր կառուցվածքին, նախարարը հայտնեց, որ Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում կտեղակայվի տեխնոլոգիական կլաստերը, իսկ երրորդ կլաստերում կտեղակայվեն կրթական այլ հաստատություններ, ուստի որոշ միջպետական բուհեր գուցե այդտեղ լինեն։ Ընդհանուր առմամբ, ըստ Ժաննա Անդրեասյանի, ակադեմիական քաղաքը միավորելու է մոտ 44 հազար ուսանողների եւ դասախոսների․ «Ակադեմիական քաղաք հիմնադրամ»-ը ստեղծման փուլում է եւ պլանավորելու է այս նախագծի կատարման ընթացքը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարն արվել է 2018–ին, երբ շրջելով խորհրդահայ ֆիլմարտադրության երբեմնի փառքի հետքերը կրող տաղավարներում, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ափսոսանք էր հայտնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ–ի անմխիթար վիճակի համար եւ խոստացել, թե առաջիկայում կքննարկվի «Հայֆիլմի» ապագան։