Լրահոս
Օրվա լրահոսը

«Պտղնիում 30 տարի մանկապարտեզ չունենք»․ Քրիստինե Պողոսյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Ապրիլ 19,2023 17:15

ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ բարձրաձայնեց, որ Պտղնի համայնքի 6-րդ դարի տաճարը հիմնանորոգման կարիք ունի, սակայն չի ընդգրկվում վերակառուցման ծրագրերում։

Ժաննա Անդրեասյանը նախ նշեց․ «Ցավոք, մեծ ծավալի աշխատանք կա անելու, որովհետեւ հուշարձանների զգալի մասը կարիք ունի անհրաժեշտ հիմնանորոգման, ամրացման։ Խոստովանեմ, որ եկեղեցաշինության ուղղությամբ մասնագիտացած ճարտարապետներ այսօր գրեթե չունենք։ Չունենք նաեւ վերականգնող ճարտարապետներ։ Կան իհարկե, բայց նկատի ունեմ որակի եւ ժամանակակից տեխնոլոգիաների իմաստով։ Այս պահին իտալացիների հետ ենք համագործակցում, որի առանցքում լինելու է կրթական ծրագրերով տեղական ռեսուրսներ ձեւավորելը»։

Դառնալով տաճարին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պատգամավորի հարցը եւս օրակարգային է, եւ հնարավոր է առանձին քննարկել ու հասկանալ՝ որքանո՞վ է առկա հրատապ աշխատանքների կարիք։ «Ունենք մեկ այլ հուշարձան, որի վերականգման համար երկու տարի մրցույթ ենք իրականացնում, բայց մասնագետների կազմ չկա»,-հավելեց Ժաննա Անդրեասյանը։

Քրիստինե Պողոսյանն իր հայրենի Պտղնի համայնքի վերաբերյալ մեկ այլ խնդիր էլ բարձրաձայնեց․ «Մոտ 3000 բնակիչ ունենք, բայց 30 տարի՝ մանկապարտեզ չունենք։ Իսկ դպրոցի տանիքը կապիտալ վերանորոգման կարիք ունի։ Ամեն տարի կոսմետիկ վերանորոգում են անում, որ հետեւանքները վերացնեն»։

Ժաննա Անդրեասյանն արձագանքեց, որ աշխատանքային խումբը կայցելի նաեւ Պտղնի՝ լուծումները քննարկելու նպատակով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930