«Նախորդ տարի մենք բավականին մեծ գումար ենք հատկացրել Սունդուկյանի անվան թատրոնին, որպեսզի անի անհրաժեշտ նորոգումները։ Նույն շենքում ունենք «Գոյ» թատրոնը, որի կոմունալները վճարվում են Սունդուկյանի բյուջեից։ Ասում ենք՝ եթե անում ենք աշխատանք, հնարավորություններ ստեղծում, սիրելի «Գոյ», արի մասնակցիր ընդհանուր հարթակի հնարավորություններին եւ քո ներկայացումները խաղա Սունդուկյանի տարբեր բեմերում, որովհետեւ Սունդուկյանի հնարավորությունները շատ են։ Եվ ունեցիր քո առանձին խաղացանկը, դիմագիծը, իսկ վարչատնտեսական բլոկի մասին մի մտածիր»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով «Գոյ» թատրոնի խնդրին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյը» կենտրոնը միավորել Գ. Սունդուկյան թատրոնի հետ, «Գոյը» սակայն համաձայն չէ այդ որոշման հետ։
Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ «Գոյ» թատրոնի հետ շատ բաց խոսակցություն է ունեցել․ «Իրենք մտահոգություններ են ներկայացրել։ Ուզում են, որ անունը պահպանվի, եւ այն պահպանվել է։ Ուզում են, որ իրենց խաղացանկը ֆինանսավորվի։ Խնդիր չունեն։ Նոր ծրագրեր էլ ունեն, որոնք մենք պատրաստ ենք դիտարկել միավորման արդյունքում։ Կարեւոր է չկառչել կառավարչական գործառույթներից։ Իրենք պետք է կենտրոնանան ստեղծագործական աշխատանքի վրա։ Կարծում եմ՝ կգտնենք այնպիսի լուծում, որ կբավարարի բոլորին»։
ՔՊ-ից պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ հետաքրքրվեց՝ Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի եւ Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման արդյունքում կամերայինի անձնակազմն ի՞նչ ճակատագիր ունեցավ։ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ միավորումը կայացավ նախորդ տարի, գտնվեցին կառուցվածքային լուծումներ․ «Մարդիկ կան, որոնք գուցե դուրս են մնացել, բայց պետք չի շատ ցավոտ վերաբերվել այս հարցին։ Թատրոնը կարող է լինել նաեւ ոչ պետական։ Մասնավոր ակտիվ թատրոններ ունենք, եւ պետության քաղաքականությունն է՝ խրախուսել ստեղծագործական խմբերին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարը ապրիլի 7-ին հրապարակվել էր «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում՝ մակագրությամբ․ «Ակնհայտ երևում է, չէ՞, թե ինչ բարեկարգ պայմաններ են ստեղծված Սունդուկյան թատրոնի տնօրենի կողմից Գոյ թատրոնի համար…»։