Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի դերը կմեծանա, երբ վարչապետը չջանա երկրի «շեֆ» լինել

Ապրիլ 19,2023 16:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խորհրդարանական երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հանրապետության նախագահը ազգային միասնության վերքաղաքական խորհրդանիշ է (կամ պետք է այդպես լինի): ՀՀ նախագահն ունի խիստ սահմանափակ լիազորություններ: Կարելի է ասել՝ պետության կյանքում ինքնուրույն գործելու հնարավորություն նա չունի:

Իհարկե, պետք է լայնացնել հանրապետության նախագահի լիազորությունները, գոնե դարձնել Անվտանգության խորհրդի անդամ: Բայց խորհրդարանական հանրապետությունում, միևնույն է, նախագահի լիազորությունները շատ չեն լինում:

Ուստի, որպեսզի հանրապետության նախագահի ինստիտուտը ձևական բնույթ չկրի, ՀՀ նախագահը պետք է երկու կարևոր հատկանիշ ունենա՝ քաղաքական չեզոքություն և նախաձեռնողականություն:

Հայաստանում նախագահին լուրջ չեն վերաբերում, քանզի պարզ է, որ Վահագն Խաչատուրյանն անկախ չի գործում: Կասկածի տակ չդնելով նրա պրոֆեսիոնալիզմը՝ ակնհայտ է, որ նա վարչապետ Փաշինյանի թիմի հավատարիմ անդամ է: Նրա քաղաքական նախասիրությունները չափից դուրս ակնհայտ են, ինչի պատճառով էլ թուլանում է հանրապետության նախագահի ինստիտուտի ապաքաղաքական լինելու պատկերը:

Խորհրդարանական երկրում նախագահը պետք է ամբողջապես ապաքաղաքական լինի՝ համախմբելով բոլոր քաղաքացիներին անկախ հայացքներից: Բայց սա դժվար է անել, երբ իշխող խմբակցությունն առանց դժվարության կարող է երկրորդ փորձից նախագահ ընտրել իր նախընտրած թեկնածուին: Հենց այսպես նախագահ դարձավ Փաշինյանի կառավարությունում ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատուրյանը:

Եթե Հայաստանն ուզում է իրապես վերքաղաքական նախագահ ունենալ, կարելի է քննարկել ժողովրդի կողմից նախագահի ընտրության հնարավորությունը: Բուլղարիան ևս խորհրդարանական հանրապետություն է, բայց նախագահին ժողովուրդն է ընտրում: Եթե պետության գլխին ժողովուրդն ընտրի նրա մոտ քաղաքական պատասխանատվության զգացումն ավելի բարձր կլինի:

Քանի որ ՀՀ նախագահն ամենօրյա ակտիվ աշխատանք չունի, այդ ինստիտուտի համբավը կբարձրանա, եթե նախագահը հանդես գա տարատեսակ նախաձեռնություններով՝ իրապես ցուցադրելով, որ նա ժողովրդինն է. այցելել թատրոններ, թանգարաններ, մասնակցել կիրակնօրյա պատարագի, զբոսնել քաղաքում, հանդիպել քաղաքացիներին, մեկնել մարզեր, տարբեր բնագավառներին առնչվող խորհրդակցություններ անցկացնել, ընդունել կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, լուծումներ առաջարկել, ներկայացնել պետության զարգացման տեսլական, անել այնպիսի մի բան, որը արժեք կունենա:

Հանրապետության նախագահի դերը կմեծանա նաև այն ժամանակ, երբ վարչապետը չջանա երկրի «շեֆ» հանդիսանալ: Այս օրերին Հայաստանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որի բացման արարողության ժամանակ ողջույնի ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը: Ուսումնասիրելով համաշխարհային պրակտիկան՝ տեսնում ենք, որ միջազգային սպորտային միջոցառումների բացումն ազդարարում է պետության գլուխը, նույնիսկ խորհրդարանական համակարգերում:

Ի վերջո, Սահմանադրության մեջ «երկրի ղեկավար» եզրույթ գոյություն չունի: Կա միայն «պետության գլուխ» եզրույթը, որը հանրապետության նախագահն է, ոչ թե վարչապետը:

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930