Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայկական մշակութային ժառանգության հետքերով. ճամփորդություններ և արկածներ» խորագրով հանդիպում-զրույց, որը վարեց լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանը։ Նա այն լուսանկարիչներից է, որը Հայաստան եկավ 1992 թ.-ին, Արցախյան ազատամարտի տարիներին, եւ մինչ օրս շարունակում է լուսանկարել ու դրա միջոցով բացահայտել Արևմտյան Հայաստանի հարուստ մշակույթը, որն անհայտ է մնացել շատերին։ Հրայր Բազե Խաչերյանը թերևս ամենաշատ եկեղեցիներ նկարած լուսանկարիչն է։
«Հետաքրքիր է լսել մի բանախոսություն, որի բանախոսը Հրայր Բազէ Խաչերյանն է։ Նրա ամբողջ կյանքը կարելի է ասել՝ կապված է եղել մշակութային ժառանգության, մշակութային հուշարձանների պատկերման, ներկայացման մեջ»,-ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Հրայր Բազէն որոշ մանրամասներ ներկայացրեց իր կյանքից. «Երբ դպրոցական էի, պատմությունից հանձնարարված անգիր հատվածները չէի կարողանում հիշել, և որպես պատիժ՝ ուսուցիչս ինձ ամեն անգամ ուղեկցում էր տնօրենի սենյակ: Սպասասրահում աշխարհագրության մասին շատ գրքեր կային, եւ ես ամեն անգամ ուսումնասիրում էի դրանք, այդ պահից էլ սկսվեց հետաքրքրությունս դեպի տեսարժան վայրերը։
1993թ-ին բժիշկներն ինձ մոտ թոքերի քաղցկեղ հայտնաբերեցին, ասացին, որ ապրելուս մնացել է տասը օր։ Կյանքս փոխվեց, մտածեցի՝ ի՞նչ կարելի է թողնել հաջորդ սերնդին, եւ լավ ապրել այս կյանքը:
Կարդացեք նաև
Իմ կամքի և անսահման հավատի շնորհիվ հաղթահարեցի հիվանդությունս, որոշեցի Արևմտյան Հայաստան գնալ, լուսանկարել մեր հարուստ ժառանգությունն ու փոխանցել դրանք ժողովրդիս։ Բազեի նման սավառնելով քաղաքից քաղաք ստեղծեցի, այնուհետև հավաքեցի լուսանկարների այդ աստղաբույլը և թողարկեցի լուսանկարներիս ալբոմը: Առաջիկայում էլ սպասվում է նոր ալբոմների թողարկումը»։
Լուսանկարիչը նաեւ հավելեց. «Հայաստանի Հանրապետության մասին մենք ավելի շատ գիտելիքներ եւ տեղեկացվածություն ունենք, քան Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքների՝ հատկապես Կիլիկիայի մասին։ Շատ դժվար էր նկարահանումներ իրականացնել այնտեղ։ Շատ հաճախ թուրքերը մեզ ուղեկցում էին, մտածելով թե ոսկի ենք փնտրում, իրենք էլ էին ուզում դրանց տեղն իմանալ, իհարկե իսկական ոսկին ու հարստությունը մեր կիսավեր վանքերը, եկեղեցիները, խաչքարերն ու ամրոցներն էին։ Բազմաթիվ վայրերում գրեթե անհնար էր նկարահանումներ իրականացնել, բայց մենք հաջողեցինք»,-ասաց Հրայր Բազէ Խաչերյանը։
Նա նշեց, որ շատ է ցանկանում, որպեսզի գալիք սերունդը ճանաչի, և չմոռանա հայկական այս հարուստ մշակույթն ու պատմությունը. «Հայոց պատմությունը անսահման հարուստ է, երանի այն հայի աչքերին, ով կտեսնի Արևմտյան Հայաստանը»։
Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ