Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, սպորտի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։
Արթուր Մարտիրոսյանը մասնավորապես հանդիպել է Իսպանիայի Թագավորության կրթության պետքարտուղար Խոսե Մանուել Բար Սենդոնի (José Manuel Bar Cendón) հետ։
Կողմերը վերահաստատել են Հայաստան-Իսպանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում նոր շրջափուլ սկսելու և կրթամշակութային կապերը խորացնելու պատրաստակամությունը: Երկուստեք կարևորվել է «Էրազմուս+» ծրագրով քոլեջների միջև համագործակցությունը ագրարային, տուրիզմի և այլ մասնագիտություններով, Հայաստանում իրականացվող հանրակրթական բարեփոխումների գործընթացում իսպանական փորձի ուսումնասիրությունը, Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման որակի բարձրացումը, ինչպես նաև Իսպանիայում գործող շուրջ երկուտասնյակ հայկական ուսումնական հաստատությունների գործունեության աջակցումը: Իսպանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել նորանկախ Հայաստանում ձևավորված կրթական պրոդուկտների, մասնավորապես «Թումոյի», «Արմաթի», COAF-ի ծրագրերի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Արթուր Մարտիրոսյանը հայկական կողմի փորձառությամբ կիսվելու պատրաստակամություն է հայտնել:
Մադրիդ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է նաև Իսպանիայի Թագավորության սպորտի ազգային խորհրդի նախագահ Ժոզե Մանուել Ֆրանկո Պարդոյի (José Manuel Franco Pardo) հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այժմ Երևանում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Իսպանիայի կազմը ևս ներկայացել է իր թիմով և հաջողված ելույթներ է ունենում:
Կարդացեք նաև
Քննարկվել է ուսումնամարզական տարբեր ոլորտներում համագործակցելու հարցը, որը կներառի երկու կողմերի հաջողված փորձառության ուսումնասիրությունը. իսպանական կողմից՝ բասկետբոլ, թենիս և այլ մարզաձևերում, իսկ հայկական կողմից՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ մարզաձևերի հաջողություններով: Որպես համագործակցության հնարավոր այլ բնագավառներ՝ քննարկվել են նաև սպորտային որակավորումներով կրթական ծրագրերի ներդրման, սպորտի կազմակերպման իսպանական փորձի ուսումնասիրման հնարավորությունները, որոնք երկուստեք արժանացել են հավանության։
Հանդիպումների ժամանակ նախանշվել է առաջիկայում հուշագրեր ստորագրելու հնարավորությունը ինչպես կրթության, այնպես էլ սպորտի ոլորտում, որոնք էականորեն կընդլայնեն հայ-իսպանական երկկողմ համագործակցության օրակարգը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալը գործուղվել էր Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հայագիտական ամբիոնի բացման հանդիսությանը և աշխատաժողովին։ Հայագիտական կենտրոնը բացվել է ՀՀ պետական աջակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ