«Գոհ չենք այն իրավիճակից, որը հիմա կա։ Ունենք համայնքներ, որտեղ շտապօգնության հասանելիությունը 40 րոպե է։ Մեկ այլ խնդիր էլ կա։ Կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության դիսպետչերը պետք է մերժի կանչը։ Ստացվում է, որ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր։ Կարեւոր դեպքերի բացթողում եւ անկարեւոր դեպքերի սպասարկում ենք ունենում»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով շտապօգնության ծառայության հնարավորությունների ընդլայնմանը։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հիմա համապատասխան ուղեցույց են մշակում, որպեսզի այս խնդիրը լուծվի, իսկ դիսպետչերական կորպուսը վերապատրաստում է անցնելու․ «Քաղաքացիներին հիշեցնեմ, որ ամեն անհարկի կանչ գուցե արվում է մեկ ուրիշի կյանքի հաշվին։ Ուղղակի ներարկում անելու, ճնշում իջեցնելու համար կարիք չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը»։
Թեմայի վերաբերյալ հարց հնչեցրած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնեց, որ Իջեւան քաղաքում շտապօգնության միայն մեկ մեքենա է գործում։ Նախարարը խոստացավ հարցով զբաղվել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ