Civilnet. Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ պնդումներին։
Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։
Օսկանյանը նշել է, որ Հայաստանն իր անկախության տարիներին դիվանագիտական երկու կարևոր ձեռքբերում է ունեցել։ Առաջինը, նրա խոսքով, 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում էր, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքի վրա՝ չնայած միջազգային մեծ ճնշմանը։
Օսկանյանը դիվանագիտական երկրորդ մեծ ձեռքբերումը համարել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների՝ 2007-ի վերջին ներկայացրած Մադրիդյան փաստաթուղթը, ինչը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին։
Կարդացեք նաև
«Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար մեր այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղե՛ք՝ ճիշտ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում այդ փաստաթուղթը դեռևս իր ուժը չի կորցրել։ Դա հիմնարար փաստաթուղթ է, դրանով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Օսկանյանը։
Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա
Օսկանյանն ընդգծել է, որ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա․ «Առաջին, որ այնտեղ նշվում են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում։
Երկրորդ, այդ փաստաթղթի հենց նախաբանում ասվում է, որ նախագահները հանձնարարում են իրենց արտաքին գործերի նախարարներին հետամուտ լինել այս փաստաթղթի մշակմանը, և այդ փաստաթուղթը, չակերտներում ասված է՝ «հետայսու՝ խաղաղության պայմանագիր»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, որն այսօր խոսում է խաղաղության համաձայնության մասին, Մադրիդյան փաստաթուղթը հենց այդ համաձայնագիրն էր։ Հենց այդպես էլ նշված է՝ «հետայսու խաղաղության համաձայնագիր […]
Երրորդ, երբ 2007-ի նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարների խորհրդում համանախագահները դա ներկայացրեցին,- առաջին անգամ կոնֆլիկտի այդ քսան տարիների ընթացքում, որ արդեն հինգ փաստաթուղթ էր ներկայացվել, ու սա վեցերորդն էր,- առաջին անգամ նրանք ասացին, որ սա մեր վերջնական և լավագույն առաջարկն է՝ best guess: Սա դիվանագիտության մեջ ընդունված տերմինաբանությունն է․ միջնորդները տարիներով աշխատանք են անում, հետո գալիս ասում են՝ մեր առաջարկած լուծումը սա է։ Առաջին անգամ այդ առաջարկությունը դրվեց ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Նման բան երբեք չի եղել․ նախկին հինգ առաջարկությունները չեն դրվել ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այս մեկը դրվել է և դեռևս այնտեղ է»։
Նախկին արտգործնախարարն ասել է, որ հենց այս նախաբանի մասում արդեն իսկ Մադրիդյան փաստաթուղթն առանձնանում է։
Վարդան Օսկանյանն անդրադարձել է նաև, թե Մադրիդյան փաստաթուղթն ըստ էության ինչ հնարավորություններ էր տալիս։ Նրա խոսքով՝ այն հիմնական մի քանի բաղադրիչ ուներ։
Առաջինը, ըստ Օսկանյանի, հանրաքվեն էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է անցկացներ, որոշեր սեփական ճակատագիրը։ «Այնտեղ թվական չկար։ Այնտեղ կոնկրետացում չկար։ Պարզապես սկզբունքն էր ֆիքսվում։ Բոլորը հասկանում էին, որ դա կարող է որոշ ժամանակ հետո տեղի ունենալ, դրա համար էլ երկրորդ կարևոր կոմպոնենտը կար»։
Երկրորդ կարևոր կոմպոնենտը, ըստ Օսկանյանի, միջանկյալ կարգավիճակի մասին դրույթն էր․ «Դա այդ օրերին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախ կարգավիճակի օրինականացումն էր, դրան դե յուրե ինչ-որ հիմք տալը։ Միջանկյալ կարգավիճակը պետք է ճանաչեր ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, ներառյալ՝ Ադրբեջանը, Թուրքիան․․․ բոլորը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև անցկացներ այդ միջանկյալ կարգավիճակի շարունակականությունը ապահովելու համար մինչև հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելը։
Դրանից հետո գալիս էր տարածքների վերադարձը՝ հինգը, հետո մյուս երկուսը։ Այնտեղ կար՝ Լաչինի միջանցքը՝ մոտ 20 կմ լայնությամբ, որը պետք է ունենար նույն կարգավիճակը, ինչ միջանկյալ կարգավիճակ, որ տրվում էր Լեռնային Ղարաբաղին»։
Օսկանյանի խոսքով՝ դրանով երկարաժամկետ, եթե ոչ՝ հավերժ, ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի առնվազն դե ֆակտո անկախությունը․ «Եթե հետագայում լիներ այդ հանրաքվեն, դե յուրե էր ամրագրվում։ Եթե ուշանում էր հանրաքվեն կամ չէր լինում, համենայն դեպս երաշխավորվում էր Լեռնային Ղարաբաղի հայկականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հաստատումը»։
Օսկանյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներկայիս կառավարության կողմից արծարծվող այն պնդմանը, որ Շուշին մշտապես եղել է առևտրի առարկա։ Նախկին արտգործնախարարն ասել է, որ 1991-ից ի վեր Շուշին երբեք չի եղել առևտրի առարկա․ «Շուշին համարվել է Լեռնային Ղարաբաղի անքակտելի մաս։ Դրա մասին նույնիսկ Ադրբեջանը հարց չի բարձրացրել։ Շուշիի մասին խոսք է եղել միայն ու միայն ադրբեջանաբնակների այնտեղ հնարավոր վերադարձի կոնտեքստում»։
Անդրադառնալով այլ շահարկումների՝ Օսկանյանն ընդգծել է, որ Հայաստանի որևէ իշխանություն երբեք ուղղակի կամ անուղղակի Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս։
Մադրիդյան փաստաթուղթը կարգավորման երեք հնարավորություն էր տալիս
Վարդան Օսկանյանը նշել է, որ Մադրիդյան փաստաթուղթը խնդրի կարգավորման երեք հնարավորություն էր տալիս։
«Առաջինը, որը մաքսիմումն էր և մեզ համար ամենացանկալին, այն էր, որ կլիներ հանրաքվեն, արդյունքները հայտնի կդառնային, և հանրաքվեին դրվելիք հարցերը որևէ սահմանափակում չունեին։ Լինելու էր հանձնաժողով, որը զբաղվելու էր ժամկետով, հարցումներով և այլն։ Բայց սկզբունքն արդեն իսկ ֆիքսվել էր, որ հարցումները սահմանափակում չեն ունենալու»։
Ըստ Օսկանյանի՝ հանրաքվեին դրվելիք հարցերի շարքում կլիներ անկախությունը, Հայաստանին միացումը, ինքնավարությունը․ «Այսինքն՝ տրվելու էին բոլոր այլընտրանքները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է ընտրեր, թե ինչ կարգավիճակ է ուզում իր համար»։
Օսկանյանը նշել է, որ առաջին տարբերակով հանրաքվեի անցկացումից հետո Ադրբեջանը կստանար հինգ պլյուս երկու շրջանները՝ բացառությամբ 20 կմ Լաչինի միջանցքի։
«Երկրորդ հնարավորությունն այն էր, որ եթե հանձնաժողովը հանրաքվեի ժամկետների շուրջ շատ արագ համաձայնության չէր գալիս, կամ մենք արդեն առաջին օրվանից չէինք կարողանում հենց պայմանագրում, Մադրիդյան փաստաթղթում նշել հանրաքվեի թվականը, կարգավորման երկրորդ տարբերակն այն էր լինելու, որ միջանկյալ կարգավիճակն էր դառնալու գլխավորը։ Ադրբեջանին տրվելու էին հինգ շրջանները, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը, կապվելու էին հանրաքվեի արդյունքներին։ Այսինքն՝ Ադրբեջանը կստանար հինգ տարածք, հանձնաժողովը կաշխատեր հանրաքվեի թվականը, մյուս մանրամասները ճշտելու համար, միջանկյալ կարգավիճակը ուժ կստանար, անվտանգության երաշխիքները ուժի մեջ կմտնեին, բոլոր ճանապարհները կբացվեին, Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ կհաստատվեին, և Լաչինն ու Քելբաջարը կմնային հայկական տնօրինության տակ մինչև հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքների հստակեցումը»։
Երրորդ հնարավոր տարբերակը, ըստ Օսկանյանի, այն էր, որ ստորագրման պահից Ադրբեջանին տրվում էին հինգ տարածքները, մնացած դրույթները ուժի մեջ էին մտնում, իսկ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը չէին կապվում հանրաքվեի արդյունքների հետ․ «Այնտեղ առանձնակի նշվում էր տարի՝ երկու տարի, երեք տարի, հինգ տարի։ Այսինքն՝ ստորագրման պահին Ադրբեջանը ստանում էր հինգ շրջանը, մնացած բոլորը [դրույթները] մտնում էին ուժի մեջ, և այնտեղ նշվում էր, որ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձվելու են Ադրբեջանին երեք տարուց կամ հինգ տարուց։ Այն, ինչին մենք կհամաձայնեինք բանակցությունների արդյունքում, այդպես էլ կնշվեր»։
«Ադրբեջանը, ես կարող եմ ձեզ ասել, որ պատրաստ էր մինչև հինգ տարի սպասելու այդ երկու տարածքներին։ Ուղղակի նրանք պնդում էին, որ այդ երկու տարածքների վերադարձը չկապվի հանրաքվեի հետ՝ մտավախություն ունենալով, որ միգուցե հանրաքվեն շատ ուշ կարող է լինել կամ ընդհանրապես չլինել»։
Շարունակելով՝ Օսկանյանը բացատրել է, թե ինչու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չգնաց իր թվարկած երեք տարբերակներից մեկն ընդունելուն։
«Երբ մենք այս փաստաթուղթը ձեռք բերեցինք, չմոռանանք, որ 2007-ի վերջն էր։ 2008-ին կային նախագահական ընտրություններ, Քոչարյանը երրորդ ժամկետ չէր գնալու, բնականաբար, իրավունքը չուներ։ Իրեն մնացել էր՝ մեր իշխանությանը՝ այսպես ասած, մի քանի ամիս։ Ակնկալել, որ այդ փաստաթուղթը քիչ թե շատ տեսք ստանալուց հետո մենք պետք է գնայինք այդ երեք տարբերակներից որևէ մեկով և հասնեինք հարցի կարգավորմանը, տրամաբանական չէր լինի, որովհետև ժամանակը շատ կարճ էր։ Դա պետք է անեին արդեն հաջորդ իշխանությունները,- ասել է նախկին արտգործնախարարը։- Մենք այդ փաստաթուղթն ենք ստեղծել, այդ փաստաթուղթն ենք ձեռք բերել, այդ փաստաթուղթն ենք դրել սեղանի վրա»։
«Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել հաջորդ իշխանություններից, որ նրանք տասը տարում չկարողացան այս փաստաթղթից լավագույնս օգտվել։ Ո՛չ»։
Սերժ Սարգսյանը գնաց երկրորդ տարբերակով
Օսկանյանի խոսքով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեք ընձեռված հնարավորություններից գնաց երկրորդ տարբերակով, ոչ թե առաջին՝ մաքսիմալիստականով։
«Նա [Սերժ Սարգսյանը] ուզում էր իսկապես տալ հինգ շրջանը, Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը,- ինչքան ես եմ տեղեկացվել,- կապում էր հանրաքվեի արդյունքների հետ, ինչը շատ տրամաբանական էր։ Եվ այստեղ մենք որևէ մեկին չենք կարող մեղադրել այնքան ժամանակ, որ վերջնարդյունքում, երբ ինքը թողեց և գնաց, ամեն ինչ իր տեղում էր»։
Օսկանյանը կրկնել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիներին շեշտադրումը եղել է երկրորդ տարբերակի վրա․ «Արդյունքի չեն հասել․ Ադրբեջանը չի համաձայնել, միգուցե պնդել է երրորդ տարբերակի վրա, [միգուցե] Սերժ Սարգսյանը չի ուզել գնալ երրորդ տարբերակով։ Եվ այդպես թողել է»։
«Այո՛, եղել է [2016-ի ապրիլի] Քառօրյա պատերազմը, բայց դա շատ արագ կանգնեցվել է, Ղարաբաղի մասով մեծ կորուստներ չենք ունեցել, և կյանքը շարունակվել է»։
«Ես պատրաստ էի Նիկոլ Փաշինյանին օգնելու»
«Ես ինչու խոսեցի այս երեք տարբերակների մասին, որպեսզի արդեն գամ բուն թեմային և պատասխանեմ Նիկոլ Փաշինյանին։ Եթե 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանն իսկապես հնարավորություն ունենար ինձ հետ հանդիպելու, ես նրան հետևյալ խորհուրդն էի տալու՝ «Պարոն վարչապետ, դուք ունեք շատ լեգիտիմություն, ութսուն տոկոսով ընտրվել եք երկրի վարչապետ։ Սեղանին կա նման փաստաթուղթ։ Մի՛ արհամարհեք։ Ձեր զրոյական կետից մի՛ սկսեք։ Դա իր մեջ վտանգներ է պարունակում։ Ես գիտեմ՝ Ադրբեջանի կարմիր գիծը որն է, ես գիտեմ՝ Ադրբեջանի համար որն է ընդունելին»։ Ես նրան խորհուրդ էի տալու, որ գնար երրորդ տարբերակով, որ համաձայներ Ադրբեջանին վերադարձնել հինգ տարածքները՝ փաստաթղթի ստորագրման դեպքում, և բանակցեր Ադրբեջանի հետ, որ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձվեն,- դա արդեն նրա դիվանագիտական հմտություններից կախված կլիներ,- երեքից հինգ տարվա ընթացքում։ Բայց մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ ինքն ի վիճակի է խաղաղ գոյատևելու իր հարևանի՝ Հայաստանի հետ։ Բոլոր մյուս երաշխիքները, որ այդ փաստաթղթում կային՝ Անվտանգության խորհուրդ, խաղաղապահ ուժերի ներկայություն, միջանկյալ կարգավիճակ, այդ բոլորը ուժի մեջ պետք է մտնեին»։
«Եթե այդ օրերին Նիկոլ Փաշինյանը գնար այդ ճանապարհով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, 20 կմ միջանցքով՝ առանց զոհերի, դե ֆակտո անկախ հայկական Արցախ։ Ես ուղղակի սրանում համոզված եմ։ Եվ իմ խորհուրդը Նիկոլ Փաշինյանին լինելու էր դա։ Ես պատրաստ էի իրեն օգնելու․․․»։
Օսկանյանը համոզմունք է հայտնել, որ եթե Փաշինյանը գնար այդ ճանապարհով, բոլոր երեք նախագահները կկանգնեին նրա կողքին։
«Նիկոլ Փաշինյանը, ունենալով այդ մեծ լեգիտիմությունը, մեր ժողովրդի աչքին կարող էր նայել և ասել, որ տալիս ենք այդ տարածքները, բայց բերում ենք իսկական խաղաղություն»։