Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե Հայաստանը ժամանակին ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», այսօր պետք է կրկնի իրենց խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է». «Ասելով «Ա»-ն՝ պետք է ասել նաեւ «Բ»-ն: Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»:
Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց. «Ալիեւի սանձարձակ պահվածքը հասկանալի է, որովհետեւ իրենք հաղթանակի էյֆորիայի մեջ են: Դեռեւս մի որոշ ժամանակ Ալիեւը թույլ է տալիս իրեն նման պահվածք: Չեմ ուզում մեկնաբանել նրա հայտարարությունները: Ալիեւը չէ, որ մեզ պետք է թելադրի, թե ինչ անենք ու ոնց անենք: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Ալիեւը պետք է հասկանա՝ ինքը եւ ժողովուրդը իր բռնությամբ չի կարող որեւէ հարց լուծել: Թեեւ այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որեւէ բան չենք կարող բացառել ու պետք է պատրաստ լինել ամեն ինչի, բայց Ալիեւը պետք է հասկանա, որ իր բռնապետական ռեժիմի պայմաններում նման հայտարարությունները հաստատ վերջում ի վնաս իրեն են լինելու: Ավելին, երբ ինքը իր ամբողջ ժողովրդին ագրեսիվ է տրամադրում հայ ժողովրդի հանդեպ, մի օր այդ ատելությունը հենց իր իշխանության դեմ է լինելու, բոլոր բռնապետների վերջը դա է»:
Թե ինչու կառավարության ծրագրի իրականացման կատարողականի զեկույցում բացակայում է Ղարաբաղի մասին հատվածը, որը կար նախկինում հաստատված ծրագրում, սա չի՞ նշանակում, որ տապալել են ծրագիրը ու հիմա ղարաբաղյան խնդրին անդրադարձ չեն կատարում, Արմեն Խաչատրյանն այսպես բացատրեց. «Փաստաթղթում ինչ-որ բան ներառել-չներառելը, հատկապես Ղարաբաղի մասով, չի նշանակում, որ ինչ-որ գործողությունների պակաս է նկատվել: Յուրաքանչյուր տարի մեծ միջոցներ են ձեռնարկվել Ղարաբաղի տնտեսական-սոցիալական խնդիրները լուծելու համար: Եթե կառավարությունը գտել է, որ այս պահի դրությամբ պետք չէ փաստաթղթում ամբողջությամբ ներառել այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են, ցավոք, անվտանգային դիրքորոշումները եւ հրապարակային հարցերը հակասում են իրար, կառավարությունը նպատակահարմար է գտել այդպես անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ