Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղ համայնքում զենքի խնդիր չկա, ամեն զենքի վրա կա անուն ազգանուն, բայց այդ զենքը չի տրամադրվում, որ զենքը կապի մեջքին գնա խանութ, գա». Արմեն Խաչատրյան

Ապրիլ 19,2023 14:16

Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը պատմել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը աշխարհազորայինների ժողով է արել, որին ինքը ներկա չի էլ եղել: Զեյնալյանը չի գնացել՝ ասելով, որ չի կարող կանգնել պարտված հրամանատարի կողքին։ Նրան ծեծի են ենթարկել ու մեղադրում է Մելիքսեթ Պողոսյանին:


Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ասաց, որ իրավապահները պետք է վարույթ սկսեն ու պարզեն, թե ինչ է եղել իրականում. «Չեմ կարող ասել՝ ինչ խնդիր է եղել, ես զանգահարել եմ Տեղ համայնք, ասել են՝ առանձնապես բան չի եղել, վիճաբանություն է եղել»:

Ըստ Արմեն Խաչատրյանի, պաշտպանական հարցերի վերաբերյալ համայնքի բնակիչները բնականաբար կարող են տարբեր կարծիքներ ունենալ. «Քննարկում է եղել, իսկ վիճաբանություն ամեն օր էլ լինում է: Երբ պաշտպանական խնդիր է լինում, գյուղը պետք է ունենա իր ռազմավարական ծրագիրը, ով ինչ պետք է անի: Տեղ համայնքը ամենալավ պատրաստված գյուղն է ՀՀ-ում, բոլորն իրենց տեղը գիտեն, որեւէ բանի խնդիր չունեն: Տեղ համայնքում կա զինանոց, կա ամեն ինչ, գյուղի յուրաքանչյուր տղամարդ գիտի, թե ինքը ինչ է անելու յուրաքանչյուր պատերազմական իրավիճակում: Տեղ համայնքի օրինակը իրականում պետք է վերցնեն մյուս գյուղերը, շատ բարձր պատրաստվածության աստիճան է: Տեղ համայնքում զենքի խնդիր գոյություն չունի, ամեն զենքի վրա կա անուն ազգանուն, թե այդ զենքը ումն է: Բայց այդ զենքը չի տրամադրվում խաղաղ իրավիճակում անիմաստ մեկին, որ զենքը կապի մեջքին գնա խանութ, գա: Գյուղացիներին զենք բաժանված չի, գյուղացին ՀՀ քաղաքացի է, որպես սահմանամերձ գոտի, երբ խնդիր լինի, գյուղացին գիտի զենքը որտեղից է վերցնում, գնալու է պաշտպանի, ասենք՝ հացի արտադրամասը կամ թիկունքային ինչ աշխատանք է անելու»:

Տեղ համայնքում անցակետեր տեղադրելու հետ կապված Արմեն Խաչատրյանն ասաց, որ առաջին անգամ է լսում նման բան, բայց Տեղ գյուղից այն գոտի, որտեղ խնդիրներ կան, այնտեղ գնալու համար կա ոստիկանական անցակետ. «Ադրբեջանն ինչ գործ ունի ընդհանրապես խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետեր դնում կամ ինչ ենք անում: Նման բան չկա եւ չի էլ կարող լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930