«Թմրամոլության հարցն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը։ Ի՞նչ վիճակագրություն ունենք իրավիճակի վերաբերյալ։ Ի՞նչ ռազմավարություն եք մշակում այս աղետի դեմ»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Սոցիալական կայքերի եւ նոր տեխնոլոգիաների հասանելիությունը հաշվի առնելով՝ սա միայն առողջապահական հարց չէ։ Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Ռազմավարություն ունենք թմրամոլության դեմ պայքարի, բայց այս պահին այն վերանայվում է եւ համապատասխանեցվում տվյալ պահի սուր խնդիրներին։ Դիմելիության եւ հայտնաբերելիության աճ ունենք»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։
Նա հավելեց․ «Վերջին տարիներին վերակառուցել ենք կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը։ Նախկինում որեւէ մեկը ցանկություն չէր ունենա այդ կենտրոն այցելելու եւ բուժում ստանալու։ Այսօր ունենք մի կենտրոն, որը հրապուրիչ է դարձել։ Մարդիկ կարող են դիմել, ստանալ անհատական խորհրդատվություն եւ անհատական բուժում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ