Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին

Ապրիլ 19,2023 13:39

«Մասնագետների խումբ կա՞, որը կարող է ի վերջո պատասխանել՝ կորոնավիրուսն ի՞նչ էր, արհեստածի՞ն էր, թե ոչ։ Սա անվտանգության խնդիր է։ Ուսումնասիրե՞լ եք՝ ճի՞շտ էին այն մեթոդները, որոնք իրականացվեցին ՀՀ-ում եւ աշխարհում։ Պետությունը կովիդի բուժման համար վերակենդանացման բաժանմունքներին տվել է մեկ հոգու համար 640 հազար դրամ կամ 840 000 դրամ։ Դա իսկակա՞ն բուժում էր, թե ոչ։ Քանի՞ մարդ է մահացել կովիդից»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին նման հարցեր հղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Անահիտ Ավանեսյանը նախ նշեց․ «Որքան ժամանակ է անցնում, այնքան հեշտ է դառնում համեմատել եւ հասկանալ, թե որքանով էր արդյունավետ ՀՀ-ում կիրառված քաղաքականությունը։ Մշտապես պետք է նկատի ունենանք, որ ամեն քաղաքականություն տվյալ պահի համար պետք է դիտարկել։ Խոսուն ցուցիչ են մահվան թվերը, որոնք թափանցիկ եւ միշտ հասանելի են եղել։ Մենք ժամանակին ներկայացրել ենք տվյալները։ Հայաստանում մահացությունը 8700-ի շրջանակում է, եւ դա պետք է համեմատել հարեւան երկրների հետ։ Որոշների համեմատ կրկնակի պակաս է գրանցվել մահացությունը՝ այն դեպքում, երբ մյուս կողմից ՀՀ-ն դիմակայում էր պատերազմին, մյուս կողմից՝ կովիդին։ Սա շատ խոսուն ցուցանիշ է»։

Նախարարը շեշտեց, որ ի տարբերություն եվրոպական շատ հարուստ երկրների՝ Հայաստանը տարրական բժշկական պարագաների պակաս չի ունեցել։ Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Իսկ պատվաստվածների առողջական վիճակը ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»։ ՔՊ-ականների շարքերում աղմուկ դուրս եկավ հարցադրումից։ Գեղամ Նազարյանը պնդեց, որ ցավոտ հարցերին պետք է պատասխաններ տրվեն։

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ կեղծ են պնդումները, թե պատվաստումները վատ են ազդել կանանց առողջության վրա․ «Հարյուր հազարավոր կանանց հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերը չեն ազդել նրանց վերարտադրողական առողջության վրա։ Հակառակը, կան ուսումնասիրություններ, թե չպատվաստվելն ինչ վատ է ազդել առողջության վրա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930