Աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի շեմը, այս տարի, ըստ կանխատեսումների, աշխարհի բնակչությունը կհատի 10 միլիարդի շեմը։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
Այդուհանդերձ, ըստ Հարությունյանի, կան շատ երկրներ, որտեղ բնակչության աճը կամ կանգ է առել կամ նվազում է։ Աշխարհի բնակչության 2/3-րդն ապրում է հենց այն երկրներում, որտեղ պարզ վերարտադրությունը ցածր է։
Նրա խոսքով՝ բնակչության ցածր մակարդակը հուզում է արեւելյան Եվրոպայի երկրներին, որտեղ վերջին տարիներին բնակչությունը կրճատվում է, ծնելիությունը ցածր է, արտագաղթի տեմպը բարձր է։ Հայաստանն էլ այս երկրներից է։
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, ինչպես նշեց Հարությունյանը, բնակչության նվազումը եթե զուգակցվում է ծերացման խնդրի հետ, առաջացնում է բազում խնդիրներ։
Կարդացեք նաև
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ծնելիության մակարդակի բարձրացումը դիտել որպես միակ խնդիր, ճիշտ մոտեցում չէ, քանի որ թիրախավորելով միայն ծնելիության մակարդակը՝ անցանկալի հետեւանքների է հանգեցնում։
«Օրինակ՝ կանայք եւ աղջիկները դիտարկվում են գործիքներ՝ երեխաներ արտադրողներ, որոնք ապահովում են բնակչության որոշակի շեմ։ Որոշ երկրներում քայլեր են ձեռնարկվում, որպեսզի սահմանափակեն հակաբեղմնավորիչների օգտագործումը, հղիության արհեստական ընդհատումները։ Սակայն դա հանգեցնում է անօրինական աբորտների, եւ կանանց մահացության թվի աճի»,-ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հետազոտությունը նշում է՝ քաղաքականություն մշակողների համար գուցե ավելի հեշտ է կենտրոնանալ ծնելիության բարձրացման վրա, որը կդրդի ավելի շատ երեխա ունենալ, քան ներդրումներ անել միջավայր ստեղծելու վրա։
«Անկախ բնակչության թվից՝ երկրները կարող են զարգանալ, եթե ունեն ներառական հասարակություն։ Փորձագետներն առաջարկում են քաղաքականություն մշակողներին կենտրոնանալ ցանկալի երեխաների ծնունդների վրա։ Արեւելյան Եվրոպայում երեխաների ցանկալի թիվը երկուսն է եւ ավելի, այնտեղ սակայն ունենում են մեկ երեխա կամ չեն ունենում։ Հայաստանում զույգերը մեծամասամբ ցանկանում են ունենալ երեք երեխա, սակայն ունենում են մեկը կամ երկուսը։ Կարեւոր է հասկանալ՝ որո՞նք են խոչընդոտները, որ չեն կարողանում իրենց մտադրությունն իրականացնել, ու այդ ուղղությամբ լուծումներ գտնել, որպեսզի իրական ծնունդների եւ ցանկալի երեխաների թվի տարբերությունը կրճատվի»,-ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ֆինանսական աջակցությունն այդ խնդիրը չի լուծում, ֆինանսական օգնությունն այնքան էլ չի խթանում ծնելիությունը։
«Ըստ հետազոտության՝ պետության տնտեսության զարգացման վրա ավելի շատ ազդում է աշխատաշուկայում կանանց եւ տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելը, քան վերադառնալը բարձր ծնելիության խթանմանը»,-ասաց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ