Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխեքիս արեւ, ես նման բաների հետ կապ չունեմ». ՊՆ նախարարի խորհրդականը՝ Մասիս Զեյնալյանին ծեծելու մասին

Ապրիլ 19,2023 12:49

Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը հերքում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանին ծեծի ենթարկելու իր առնչությունը:

«Առաջին անգամ եմ նման բան լսում: Երեխեքիս արեւ՝ նման բան չկա, չի կարող լինել: Տեղը իմ հարազատ գյուղն է, էստեղ հարգանք, պատիվ կա, ո՞նց կարող է նման բան լինել »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով, Զեյնալյանը նաեւ սխալ տեղեկություն է հայտնել ՝ ասելով, թե ինքն է աշխարհազորայինների հրամանատարը. «Ես չեմ աշխարհազորայինների հրամանատարը: Տեղեցին 35 տարի է՝ սահմանն է պահում, հերթով պիտի գնան, ես այդ անախորժության մասին տեղյակ չեմ: Ինչեր ասել է, սուտ է: Նա իմ աչքերին կարո՞ղ է նայել ու կրկնել նման բաներ: 35 տարի՝ պայքարում եմ էս երկրի համար, ոնց կարող եմ այդքան ցածրանալ ու նման բան անել, էդ ինչեր է ասում: Ես Տեղում գերեզման ունեմ, հարգանք ու պատիվ կա»:

Մելիքսեթ Պողոսյանը պնդում է՝ Զեյնալյանին կանչելու է ՝ ներողություն խնդրելու:

Մասիս Զեյնալյանի նկարը՝ «168 ժամի»

Հիշեցնենք, որ Մասիս Զեյնալյանը պատմել էր, որ «Մելիքսեթ Պողոսյանը, աշխարհազորայինների ժողով է արել, որին ինքը ներկա չի էլ եղել: Բնակիչներն ասել են, որ զենք վերցնեն՝ գնան աշխարհազորայիններին փոխարինելու։ Եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրության հրաման չի տվել, ինքն ի՞նչ իրավունք ունի ներքին կարգով ժողով անելու։ Ես ասել եմ՝ չեմ գնալու, որովհետեւ ինքն է աշխարհազորի հրամանատարը, ես էլ չեմ կարող կանգնել պարտված հրամանատարի կողքին։ Ես մեղադրում եմ Մելիքսեթ Պողոսյանին, որովհետեւ իր հրահանգով են ծեծի ենթարկել ինձ։ Ինքը գիտեր, որ նման խառնաշփոթ է լինելու, դրա համար չէր եկել։ Ներկա էր համայնքի ղեկավարը, ինքը պետք է հրաժարական տա։ Մի քանի օր առաջ էլ նույն մաֆիան այլ բնակչի էր ծեծել»:

Անդրադառնալով Զեյնալյանի պնդմանը, թե Մելիքսեթ Պողոսյանը պետք է հրաժարական տա, Պողոսյանը ծիծաղեց. «Ինչի՞ց հրաժարական տամ՝ հայրենիքի պաշտպանությունի՞ց, ի՞նքն է ասում»:

Անդրադառնալով այն տեղեկությանը, թե Պողոսյանի մաֆիան այլ մարդու էլ է ծեծել, Պողոսյանն ասաց՝ թող ծառայողական քննություն նշանակվի, հանգամանքները պարզվեն. «Ես նման բաներից հեռու եմ, իմ անունը տվել են, բայց ես այդ գործի հետ կապ չունեմ, թող բողոքեն: Ես իմ կյանքի մեջ Տեղ գյուղում որեւէ մեկին վատություն արած չկամ»:

Ինչ վերաբերում է ներքին կարգով աշխարհազորայինների ժողովներ անելուն, Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ մի անգամ է հանդիպել տղաներին գյուղում ու Մասիսին չի տեսել: Նրա խոսքով, տղաներին բացատրել են օրենքները, օրենքով պիտի աշխատեն սահմանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930