Հայկական գրադարանային ասոցիացիայի (ՀԳԱ) նախաձեռնությամբ ապրիլի 17-ից Հայաստանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը: Այն այս տարի կրում է «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը: Մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002թ.-ին: Շաբաթի շրջանակում միջոցառումներ են անցկացվում հանրապետության ազգային, մարզային, համայնքային, մասնագիտական ու բուհական գրադարաններում՝ համախմբելով իր շուրջը գրքի ու գրականության ջատագովներին:
Ազգային գրադարանային շաբաթն իր ուրույն դերն ունի գրադարանային համակարգի զարգացման, արդիականացման, նորարարական լուծումների տարածման, գրադարանների միջև փորձի փոխանակման ու գրադարանավարների կարողությունների ավելացման տեսանկյունից: Իրականացվող միջոցառումների շնորհիվ կրկին կարևորվում է գրքի ու գրադարանների դերն ու նշանակությունը հանրության զարգացման գործում, միևնույն ժամանակ՝ սևեռելով հանրության ուշադրությունը գրադարանային արդի խնդիրների լուծման և կարգավորման հարցերին:
Շաբաթի շրջանակում կանցկացվեն տարաբնույթ մշակութային հանդիպումներ, վարպետության դասեր, մարզային գրադարանների գրադարանավարները մասնագիտական հմտությունները բարելավելու դասընթացների մասնակից կդառնան: Շաբաթը նպատակ ունի նպաստելու նաև գրադարանների միջև նոր կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, համագործակցության նոր ձևաչափեր մշակելու գործընթացին:
Կարդացեք նաև
Ազգային գրադարանային շաբաթը կավարտվի ապրիլի 23-ին, որը հայտարարված է որպես Ընտանեկան ընթերցանության օր:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ