Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն առաջարկելու է քննել ոչ միայն ԱԺ նախագահի, այլեւ մի խումբ ՔՊ-ականների վարքը․ «Հրապարակ»

Ապրիլ 19,2023 11:56

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հարցով ԱԺ ընդդիմությունը քննարկում է քննիչ հանձնաժողով ձեւավորելու հարցը։ Չի բացառվում, որ գալիք քառօրյային նախագիծը ներկայացվի ԱԺ օրակարգ։

Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացու միջեւ հայտնի միջադեպից հետո ընդդիմադիր շարքերում բուռն քննարկումներ են ընթանում խորհրդարանի էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցով, սակայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերջին՝ Հրայր Թովմասյանի խմբագրումից հետո էթիկայի հանձնաժողովի գործառույթներն այնպես են հարմարեցվել, որ այն ծառայի բացառապես խորհրդարանական մեծամասնությանը։

Փոխվել է նույնիսկ հանձնաժողովի կարգավիճակը՝ գործող Սահմանադրությունն ու օրենսդրությունը տալիս են միայն ժամանակավոր, կոնկրետ գործի քննության նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հնարավորություն, մինչդեռ նախկինում այն մշտական էր։ Եվ որպեսզի ստեղծվի հանձնաժողով, անհրաժեշտ է, որ խմբակցության կողմից նման հայտ լինի, բացի այդ՝ խորհրդարանական մեծամասնությունը հավանություն տա։ Նույնիսկ եթե այս պարագայում ՔՊ-ն ընդառաջի ընդդիմության պահանջին, եւ ձեւավորվի էթիկայի հանձնաժողով, ապա դրա նիստերը փակ են լինելու, իսկ պատգամավորները սահմանված կանոնակարգերով իրավունք չունեն նիստերի մասին հայտարարություններով հանդես գալու, «ամբաստանյալներն» էլ կարող են ընդհանրապես բացատրություններ չներկայացնել հանձնաժողովին, եւ ամենակարեւորը՝ հանձնաժողովի որոշումները նույնիսկ կարգապահական պատիժ չեն սահմանում։

«Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում չի քննարկվում եւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաեւ այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- նշված է կանոնակարգ օրենքում։

Այս ամենը հաշվի առնելով՝ ընդդիմադիրները չեն պատրաստվում էթիկայի հանձնաժողով ձեւավորելու առաջարկով հանդես գալ, որը, ըստ էության, ոչինչ չի տալու, եւ ՔՊ-ական մեծամասնությանն առաջարկել են խմբագրումներ իրականացնել, ավելին՝ արդեն մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում այս հարցի շուրջ, բայց մինչ օրենքը կփոխեն, ընդդիմությունը, որպես «միջանկյալ միջոց», կդիմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով, ընդ որում՝ առաջարկելու են քննել ոչ միայն ԱԺ նախագահի, այլեւ մի խումբ ՔՊ-ականների վարքը, այդ թվում՝ նաեւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, ով անվայելուչ պահվածք դրսեւորեց ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ, անգամ սպառնաց կտրել թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն, հանել աչքերը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930