Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապօրինաբար հայ ռազմագերիներ պահող պետությունն անհիմն պահանջ է ներկայացնում Հայաստանին․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 19,2023 11:50

Հայաստան-Նախիջեւան սահմանը՝ ադրբեջանական զինված ուժերի երկու զինծառայողի ապօրինի հատելու փաստը մեծ արագությամբ վերածվեց Բաքվի քարոզչամեքենայի գործիքի: ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե միջպետական սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողները պետք է «անհապաղ» վերադարձվեն: Ջ. Բայրամովն ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետին նաեւ այլ կեղծ քարոզչական թեզեր է մատուցել, որոնք նոր չեն, բայց առանձնակի դիտարկման է արժանի հենց ՀՀ իրավապահների կողմից ձերբակալված զինծառայողների մասին հայտարարությունը:

Այսօր Բաքվի բանտերում չհաստատված տվյալներով պահվում են 33 հայ ռազմագերիներ, որոնց խաբեությամբ է գերեվարել ադրբեջանական զինուժը: Հայ զինծառայողներին գերեվարել են այն դիրքերից, որտեղ նրանք կանգնած են եղել եռակողմ հայտարարության ստորագրման պահին, որի հիմնական դրույթով ամրագրված է, որ կողմերի զինված ուժերը կանգնում են այն դիրքերում, որտեղ գտնվում են ստորագրման պահին: Պատերազմն ավարտված լինելու հիմնավորմամբ դիրքերը զիջելու դեպքում Ստեփանակերտ ազատ վերադառնալու խոստմամբ գերեվարված հայ զինծառայողները տեղափոխվեցին Բաքվի բանտեր, բեմականացված դատավարություն կազմակերպվեց, նրանց մի մասին հաջողվեց ազատել գերությունից, սակայն 33 զինծառայող եւ քաղաքացիական անձ արդեն 2.5 տարի ադրբեջանական բանտերում են:

Գերեվարվածների թվում է նաեւ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, որին կեղծ մեղադրանքներով ադրբեջանական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել, այն դեպքում, երբ վերջինս իր կնոջ հետ ցանկացել է Շուշիից վերցնել իր տան իրերը եւ զինծառայող չի եղել: Այս ապօրինության ֆոնին Բաքվից հայտարարում են բանակից փախած եւ զենքով ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներին անհապաղ վերադարձնելու մասին: Մյուս կողմից էլ՝ ՀՀ իրավապահ կառույցներում դեռ քննության փուլում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կապանցի 56-ամյա բնակչի սպանության վարկածը: Այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ վերջին երկու տարիների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ, իրոք, մոլորված ադրբեջանցի զինծառայողներին հայկական կողմն առանց որեւէ նախապայմանի վերադարձրել է Ադրբեջան, նաեւ՝ Արցախի Հանրապետությունից: Հայկական կողմի այդ պատրաստակամությանն ադրբեջանական կողմը որեւէ կերպ չարձագանքեց՝ շարունակելով գերության մեջ պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930