Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավադրությունը բացատրություն չէ

Ապրիլ 19,2023 10:00

Հայաստանի պատմության վերջին 35 տարիների որեւէ իրադարձության անաչառ եւ բազմակողմանի գնահատականը մենք երբեք չենք լսի ներկայիս քաղաքական շրջանակներից: Այդ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը շահագրգռված է իրադարձությունները ներկայացնել այնպես, որ իրենց դերակատարությունը երեւա որպես փայլուն, շողշողացող մի սխրանք, իսկ հակառակորդներինը՝ որպես զազրելի մի հանցագործություն, որը թյուրիմացաբար կամ գիտակցաբար դեռեւս չի պատժվել: Քարոզչական այդ հնարքին միանում է նաեւ «օբյեկտիվ կողմը»՝ մարդիկ հաճախ ամենայն անկեղծությամբ իրենց անցյալն ընկալում են պայծառ գույներով՝ իսկապես մոռանալով այդ անցյալի ստվերային դրսեւորումները:

Հինգ տարի առաջ տեղի ունեցող իրադարձություններն, ըստ այդմ, «նախկիններն» ու նրանց հարողները ներկայացնում են որպես դավադրություն, որը կազմակերպել էին Թուրքիան ու Ադրբեջանը, եւ որի նպատակն էր Արցախի հանձնումը: Իրականում, կարծում եմ, որ 2018 թվականի հեղափոխության մեջ կա Արեւմուտքի եւ Ռուսաստանի մասնակցությունը, բայց որոշիչը ներքին գործոններն են: Ոչ մի հեղափոխություն կամ հեղաշրջում իրական կյանքում տեղի չի ունենում այնպես, ինչպես որ դա նկարագրված է O’Հենրիի «Թագավորներն ու կաղամբը» երգիծական վիպակում: Չնայած հեղինակը ճշգրտորեն է նկարագրում «բանանային հանրապետության» որոշ առանձնահատկությունները, կյանքը շատ ավելի բարդ է ու բազմազան:

Ներքին գործոնը հասկանալու համար հիշեցնեմ երկու իրական դեպք «նախահեղափոխական առօրյայից»՝ երկուսն էլ ընտրությունների հետ կապված: Ընդդիմադիր թեկնածուի վստահված անձը՝ երիտասարդ մի աղջիկ, նկատում է, որ հանձնաժողովի անդամները զբաղված են խարդախություններով եւ պատրաստվում է դրա մասին բարձրաձայնել: ՀՀԿ-ի «տասովշիկներն» ամեն ինչ անում են, որ այդ աղջիկը հեռանա տեղամասից: Տեսնելով, որ համոզելը եւ սպառնալը չի օգնում, նրանք գտնում են այդ աղջկա ծնողներին, որոնք աշխատում էին պետական համակարգում եւ սպառնում են այդ մարդկանց, որ իրենց գործերը վատ կլինեն, եթե աղջիկը շարունակի դիտորդություն անել: Ծնողների երկար աղաչանք-պաղատանքներից հետո աղջիկը հեռանում է տեղամասից:

Դեպք երկրորդ. գյուղում հեղինակավոր բնակիչներից մեկի որդին հայտնվում է քրեական պատմության մեջ: Իրավապահները նրան ասում են՝ «եթե ուզում ես, որ քո որդին չնստի, ապահովում ես գյուղում իշխանության թեկնածուի 100 տոկոսանոց հաղթանակը»: Այդ մարդն ընկնում է դռնեդուռ եւ «ապահովում է» այն, ինչ իշխանությանը պետք է:

Որտե՞ղ պետք է լինեին նման նվաստացումներ կրած մարդիկ 5 տարի առաջ, եթե ոչ՝ փողոցում: Դուք կարծում եք, նրանք 5 տարվա ընթացքում ներե՞լ են իրենց նվաստացնողներին եւ պատրա՞ստ են լսել «նախկինի» որեւէ անուն: Այնպես որ, այն ինչ տեղի ունեցավ 5 տարի առաջ, իսկապես հեղափոխություն էր եւ միանգամայն օրինաչափ իրադարձություն:

Ուրիշ հարց, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկան մարդիկ՝ ցածր ինտելեկտով, բայց ճարպիկ լեզվով, որոնք բացարձակապես ընդունակ չեն երկիր ղեկավարելու եւ մեր պետությունը «հստակ քայլերով» տանում են դեպի կործանում: Բայց դա ուրիշ պատմություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Nimar says:

    Ի վերջո, 2018թ. տարբեր պատճառների համակցությամբ իշխանափոխություն տեղի ունեցավ:
    Հիմք չունեմ պնդելու, որ նախկին իշխանությունների ինտելեկտուալ մակարդակը
    ավելի բարձր էր։ Հակառակ դեպքում նրանք այնքան անփառունակ չէին ավարտի իրենց քաղաքական կարիերան:
    Ամենահետաքրքիրը, իմ կարծիքով, թե ինչպես են զուգակցվում հիմարությունն ու ագահությունը
    հայրենասիրությանը, ստոր հակումները և ընտանիքի, հարազատների հանդեպ անկեղծ սերը, քաջությունը և գողական մտածելակերպը, ինչպես է բոլոր պատվիրանների խախտումը
    ուղեկցում և գոյակցում տաճարների կառուցմանը։ Մեկը մյուսին չի խանգարում, նույնիսկ
    հաճախ լրացնում է և հնարավոր է դարձնում:
    Կարծում եմ, որ 1920թ. պետականության վիճակը անհամեմատ ավելի վատ էր, քան հիմա։

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Դավադրությունը բացատրություն չէ”

    Ավելի ճիշտ կլինի ասել, որ միայն դավադրությամբ չի կարելի բացատրել մեծարգո պարոն ազգակործան պատուհասի թավշյա խեղկատակությունը: Իհարկե՝ Սերժի կառավարումը ապաշնորհ էր, նա կոպտագույն սխալներ է թույլ տվել եւ իշխանությունը հանձնել դավաճանական ոհմակին, բայց դա բոլորովին չի բացառում արտաքին ուժերի կողմից կազմակերպված դավադրությունը: Տասնյակ տարիներ նրանք ֆինանսավորել են ամեն տեսակի գրանտակերների ու թրքասեր աբիժնիկների, իրականացրել սեւ քարոզչություն գործող իշխանությունների դեմ ու նպաստել բնակչության մի զգալի մասի պողոսացմանը…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ջորդանոն եւ Nimar – ը իրար հավասարակշռում են: Գուցե նույն մարդն է՝ տարբեր կեղծանուններով 🙂

      • Ջորդանո Գալիլյան says:

        Էդգար Ղազարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը իրար հավասարակշռում են: Գուցե նույն մարդն է՝ տարբեր լեզուներով ու ականջներով… 🙂

      • Ջորդանո Գալիլյան says:

        Առաջարկում եմ բանավեճ մեծարգո պարոն Նիմարի հետ՝ իր նախընտրած թեմայով եւ լեզվով: Դեմ չեմ լինի, եթե իր հետ բերի մի քառասուն հատ աջակից ուսապարկ… 🙂

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Իրականում, կարծում եմ, որ 2018 թվականի հեղափոխության մեջ կա Արեւմուտքի եւ Ռուսաստանի մասնակցությունը, բայց որոշիչը ներքին գործոններն են:”

    Իրականում, Ռուսաստանի մասնակցությունը ցնդաբանության ոլորտից է: Ռուսների ողջ «մասնակցությունն» այն էր, որ նրանք որոշեցին ընդհանրապես չմասնակցել այդ իրադարձություններին, քանզի իրենք միշտ էլ համոզված են եղել, որ “армяне всё равно никуда не денутся”: Իհարկե, որոշ ժամանակ անց պարզվեց, որ հայերը կարող են գնալ անհայրենիք քայլարածների ետեւից՝ դեպի կոլեկտիվ ինքնասպանություն, բայց դե հայտնի է, որ ռուսները միշտ էլ գործել են կացնային մեթոդներով, «փափուկ ուժի» քաղաքականությունը իրենցը չի…

    Պնդել, թե որոշիչը ներքին գործոններն են, այդքան էլ ճիշտ չի: Իհարկե՝ եթե «նախկինները» մի քիչ ավելի խոհեմ ու հեռատես լինեին, միգուցե եւ ոչ մի «հեղափոխություն» էլ չէր լինի, բայց պետք է հաշվի առնել, որ արտաքին ուժերի գործունեության հիմնական ուղղություններից մեկը հենց այդ ներքին գործոնների հասունացումն է եղել՝ իրենց անհրաժեշտ ուղղությամբ: Ողջ մեղքը բարդել ՀՀԿ-ի «տասովշիկների» վրա կարելի է (եւ Նիկոլը ընդհանուր առմամբ հենց դրանով է զբաղված), բայց դա կլինի լոկ իրականության աղավաղում, եթե ոչ նիկոլիզմի անուղղակի արդարացում…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “այն ինչ տեղի ունեցավ 5 տարի առաջ, իսկապես հեղափոխություն էր եւ միանգամայն օրինաչափ իրադարձություն:”

    Շնորհակալություն այս խիստ «անաչառ եւ բազմակողմանի» գնահատականի համար: Իհարկե՝ 2018 թ. խեղկատակությունը խիստ օրինաչափ իրադարձություն էր: Դա ոչ պարզունակ իշխանափոխություն էր, ոչ «ադրբեջանա-թուրքական հեղափոխություն», ոչ էլ «ստի եւ կեղծիքի հեղափոխություն»: Էդգար Ղազարյանի եւ Ավետիք Իշխանյանի դավադրապաշտ լեզուներն ու ականջները անպայման պետք է կտրվեն եւ ուղարկվեն կիրթ ու կառուցողական բորենուն…:)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930