Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են թմրում մատները

Ապրիլ 19,2023 09:30

Թմրածությունը մարմնի որևէ հատվածի զգայունության կամ զգացողության մասնակի կամ ամբողջական կորուստն է, որի առաջացման պատճառները բավականին տարբեր են։

Ձեռքերում թմրածության զգացումը կարող է լիովին անվնաս լինել և ինքն իրեն անցնել, բայց երբ այդ վիճակը սկսում է կրել շարունակական բնույթ, ուրեմն բժշկին դիմելու ժամանակն է, քանի որ ձեռքերի, մատների թմրածություն կարող է առաջանալ ինչպես նյարդերի վնասման կամ սեղմման, այնպես էլ արյան շրջանառության հետ կապված խնդիրների և մի շարք հիվանդությունների պատճառով։

Դիաբետ

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը ժամանակի ընթացքում կարող է վնասել նյարդերը՝ առաջացնելով վիճակ, որն անվանում ենք «պերիֆերիկ նեվրոպաթիա»։ Այս վիճակի ախտանշաններն են՝

  • Ոտնաթաթում կամ ոտքերում ծակծկոցի ու թմրածության զգացում,
  • ձեռքերի ծակծկոց ու թմրածություն,
  • ցավ, այրոց և ջղակծկումներ,
  • մկանային թուլություն,
  • ռեֆլեքսների դանդաղում,
  • հավասարակշռության պահպանման հետ կապված դժվարություններ։

Եթե շաքարի բարձր մակարդակի պատճառով նյարդերն արդեն վնասվել են, ապա այդ վնասվածքները վերականգնող բուժում, որպես այդպիսին չկա, սակայն բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք կարող են թեթևացնել ախտանշանները։ Իհարկե, կարևոր պայման է դիաբետը մշտապես հսկելը՝ նեվրոպաթիայի խորացումը կանխարգելելու համար։

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշ

Նախաբազկից դաստակով դեպի ձեռքի ափն անցնող փոքրիկ ճեղքաձև տարածությունը կոչվում է կարպալ (դաստակային) թունել։ Այդ թունելով բազմաթիվ նյարդեր են անցնում, որոնք կառավարում են ձեռքերն ու մատները։
Եթե մարդը շատ ժամանակ է անցկացնում՝ աշխատելով համակարգչային մկնիկով, կամ այլ գործողություններ է իրականացնում, որոնք անընդհատ լարում են դաստակը, ապա կարող է այտուց կամ գրգռվածություն առաջանալ այդ թունելում՝ նյարդի սեղմման արդյունքում, ինչն էլ կհանգեցնի մատների թմրածության։ Այս վիճակը հայտնի է որպես կարպալ թունելի համախտանիշ, որը դրսևորում է նաև այս ախտանշանները՝

  • Ձեռքերի կամ մատների ցավ,
  • ծակծկոց ձեռքերում ու մատներում,
  • իրերը բռնելու հետ կապված դժվարություններ և այլն։

Այս համախտանիշի զարգացումը կանխարգելելու և ախտանշանները թեթևացնելու համար սարքավորումների հետ աշխատելիս անհրաժեշտ է պարբերաբար ընդմիջումներ անել՝ թույլ տալով, որ ձեռքերը հանգստանան։ Համակարգչային մկնիկով կամ ստեղնաշարով աշխատելիս դաստակը փորձեք ուղիղ պահել, այլ ոչ թե կորացրած։
Որոշ դեպքերում բժիշկը կարող է դեղորայքային բուժում, ֆիզիոթերապիա նշանակել, կամ խորհուրդ տալ կրել հատուկ բեկակալ՝ ախտանշանները թեթևացնելու համար։ Դաստակային թունելի վիրահատության, սովորաբար, դիմում են, երբ ախտանշանները վերահսկելու փորձերը ձախողվում են։
Եթե դաստակի թունելում այտուցն առաջացել է արթրիտի պատճառով, կարող են նշանակվել ստերոիդային ներարկումներ։

Սեղմված նյարդեր

Կարպալ թունելի համախտանիշից զատ առողջական մի շարք խնդիրներ նույնպես կարող են հանգեցնել դաստակի կամ ձեռքի նյարդերի սեղմման, օրինակ՝

  • Նյարդային վնասվածքները,
  • մկանների մեծացումը,
  • արյունատար անոթների մեծացումը,
  • կիստաները։

Այս բոլորը կարող են հանգեցնել մեկ կամ մի քանի մատների թմրածության՝ երբեմն առաջացնելով նաև ցավ ու թուլություն։

Բուժումը կախված է նյարդի սեղմման պատճառից, որոշ դեպքերում անգամ կարող է վիրահատական միջամտություն պահանջվել նյարդի վերականգնման համար։

Ալկոհոլի չարաշահման հետ կապված խանգարումներ

Ալկոհոլի երկարատև չարաշահումը կարող վնասել նյարդերը՝ առաջացնելով վիճակ, որն անվանում են ալկոհոլային պոլինեյրոպաթիա։ Դա կարող է մատների թմրածություն առաջացնել՝ նաև դրսևորվելով հետևյալ ախտանշաններով՝

  • Ծակծկոց և թմրածություն ձեռքերում, ոտքերում ու ոտնաթաթերում,
  • ցավ,
  • հաճախակի սայթաքումներ,
  • մկանային թուլություն, ջղաձգումներ ու ջղակծկումներ,
  • կլման հետ կապված խնդիրներ։

Այս խնդրի հաղթահարման առաջնային պայմանը ալկոհոլից հրաժարվելն է, ինչը կօգնի կանգնեցնել նյարդերի հետագա վնասումները։ Կարող են օգտակար լինել դետոքսիկացիոն ու վերականգնողական ծրագրերը, իսկ պոլինեյրոպաթիայի ախտանշանների բուժումը ներառում է ցավազրկողների կիրառումը, ֆիզիոթերապիան, բեկակալների (շինա) և բրեկետների կիրառումն ու սննդային հավելումների օգտագործումը (վիտամին E, В1, В12, ֆոլաթթու և այլն)։

Ֆիբրոմիալգիա

Ֆիբրոմիալգիայի հիմնական ախտանշանը տարածական ցավերն են, որոնք հստակ պատճառներ չունեն։ Այդ վիճակը կարող է նաև մատների թմրածություն և այլ ախտանշաններ առաջացնել, ինչպիսիք են՝

  • Հոգնածություն,
  • մշուշոտ գիտակցություն և կենտրոնանալու հետ կապված դժվարություններ,
  • միգրեն կամ այլ գլխացավեր,
  • դեպրեսիա,
  • քնի խանգարումներ։

Մասնագետները համարում են, որ ֆիբրոմիալգիան կարող է կապված լինել նրանից, թե ինչպես է գլխուղեղը մշակում ցավային ազդակները։ Ֆիբրոմիալգիան բուժում չունի, բայց կան միջոցներ, որոնք թույլ կտան թեթևացնել ախտանշանները․ այդ միջոցները ներառում են դեղորայքի կիրառումը, ֆիզիոթերապիան, սթրեսի կառավարումը, մարմնամարզությունը և այլն։

Այլ պատճառներ

Ձեռքերի, մատների թմրածություն կարող են առաջացնել առողջական հետևյալ խնդիրները նույնպես՝

  • Կաթվածը,
  • գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածքները,
  • ուսի վնասվածքները,
  • ցրված սկլերոզը,
  • ինֆեկցիաները, ինչպիսիք են Լայմի հիվանդությունն ու սիֆիլիսը,
  • քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունը,
  • վիտամին B12-ի անբավարարությունը,
  • Ռեյնոյի համախտանիշը․ վիճակ, երբ սահմանափակվում է արյան հոսքը, հատկապես դեպի մատներ։

Եթե մատների թմրածությունը նոր է առաջացել, չի անցնում և դառնում է ցավոտ, ուրեմն դիմեք բժշկի։

Անհապաղ բժշկական օգնություն է անհրաժեշտ, եթե ձեռքերի թմրածությունն առաջացել է հանկարծակի կամ գլխի վնասվածքից հետո, ինչպես նաև երբ կա թուլություն, խոսքի խանգարում, գիտակցության մթագնում, հանկարծակի ուժեղ գլխացավ կամ գլխապտույտ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930