Լրահոս
Օրվա լրահոսը

Շնապահի ծեծի գործը դատարանում է

Ապրիլ 19,2023 13:00

Գեւորգ Արտեմի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, Արթուր եւ Խորեն անունով տղամարդկանց հետ գնացել է Սաթենիկ Նավասարդյանի՝ Երեւան քաղաքի Սարի Թաղի 23-րդ փողոցի տուն, որտեղ վիճաբանել է Սաթենիկ Նավասարդյանի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Նավասարդյանի մարմնի տարբեր մասերին: Ըստ դատարան ուղարկված թղթերի՝ տուժողին պատճառվել է «ֆիզիկական ցավ եւ ձախ ակնակապիճի շրջանի արյունազեղման, կապտուկի ձեւով, առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»:

Գ. Գասպարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Անցյալ տարվա հունվարի 14-ից գործը Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանի վարույթում է: Միայն անցյալ տարի չորս անգամ հետաձգվել են դատական նիստերը, ամբաստանյալի՝ դատարան չներկայանալու, մեկ անգամ նրա հիվանդ լինելու պատճառով:

Տուժողն այս տարվա մարտի 31-ին դատարան չի ներկայացել ծանուցված չլինելու պատճառով: Նրա ներկայացուցիչն է ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Զոյա Սակովան: 61-ամյա տուժողը երեկ «Առավոտում» էր: Նա ասաց, որ քսան եւ ավելի տարիներ շուն է պահում, զբաղվում շան վաճառքով: Սկզբում կանգնում էր «Վերնիսաժում», ապա Զեյթունի շուկայում, իսկ ամբաստանյալին ճանաչել է հենց այդ ժամանակ, երբ նա ներկայացել է՝ որպես անասնաբույժ…

Գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քննիչ Լիլիթ Մխիթարյանը:

Տուժողը մեզ տրամադրեց իր քրեական գործով պաշտոնական տասնյակ փաստաթղթեր, համաձայն որոնցից մեկի՝ քրեական գործը հարուցվել է անցյալ տարվա փետրվարին, երբ հենց ինքն է ծեծից հետո զանգել ոստիկանություն, հաղորդում տվել: Մի անգամ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ անցյալ տարվա մարտի 4-ի որոշմամբ, ինչը բողոքարկվել էր, երբ տուժողը մարտի 25-ին բողոք էր ներկայացրել վարչական շրջանների դատախազություն: Ս. Նավասարդյանը մեզ հետ զրույցում ցույց է տալիս իր ապացույցներից մեկը, որը վերադարձրել է ոստիկանությունը՝ կոտրված հեռախոսը, որը ծեծի ժամանակ վնասվել է, նա դատախազությանն էլ հայտնել էր, որ հաշվի չեն առել իր կողմից ներկայացրած ապացույցները, նա պնդում է, որ երեքով են իրեն ծեծել, մինչդեռ դատարան է ներկայացվել մեկը:

Ըստ դատախազության որոշման, հետաքննության մարմնի կողմից կատարվել են «դեպքի հանգամանքների բացահայտմանն ուղղված անհրաժեշտ եւ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները»: Ի դեպ, ոստիկանությանը բացատրություն տվածներից մեկը հայտնել էր, թե տուժողը բացասաբար էր տրամադրված իր նկատմամբ, քանի որ մտածում է, թե «թափառող շների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունները ինքն է փոխանցում քաղաքապետարանի իրավասու ստորաբաժանմանը»:

Ս. Նավասարդյանն ասում է՝ ստացել է բազմաթիվ հարվածներ մարմնի տարբեր մասերին, ցավից չի կարողացել անգամ շնչել: Նրան տրվել է ուղեգիր՝ տեղամասային պոլիկլինիկայում նյարդաբանի մոտ հետազոտվելու համար: Ըստ պոլիկլինիկայի 02.02.22թ. գրության, նրա մոտ «ԿՆՀ-ի կողմից դեպքի հետ կապված տրավմատիկ փոփոխություններ չկան», իսկ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն էլ. «Վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»:

Գործի նախապատրաստման փուլում որոշում կայացնող մարմինը պատահական չէ, որ հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից մեկին. «Երբ ծեծի կամ այլ բռնության արդյունքում անձի մարմնի վրա որեւէ տեսանելի հետք չի մնացել եւ դրա հետեւանքով անձին, օրինակ, ֆիզիկական ցավ է պատճառվել կամ դրանք անձի թեթեւ տկարության պատճառ են հանդիսացել, դատաբժշկական փորձագետն արձանագրում է տուժողի սուբյեկտիվ գանգատները, նշելով, որ վնասվածքների տեսանելի հետքերը բացակայում են, եւ չի որոշում առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը: Նման դեպքերում ծեծի կամ բռնի այլ գործողություն կատարելու հանգամանքի բացահայտումն ամբողջությամբ դրված է վարույթն իրականացնող մարմնի վրա»:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 12-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930