Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի 500 աշուղները՝ 1 հայ աշուղի դեմ

Ապրիլ 19,2023 12:30

Անվանի երաժշտագետ Մարգարիտ Բրուտյանի հուշերից

Հայաստանի եւ Արցախի դեմ շարունակվող թուրք-ադրբեջանական ագրեսիան, ինչքան էլ որ թիրախավորի հայկական բազմադարյա մշակույթը, միեւնույն է, չի կարող, մեծ հաշվով, փշրանքի չափ վնաս պատճառել։ Սա անվանի երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ժողովրդական երաժշտության ստեղծագործության կաբինետի հիմնադիր, հայ երաժշտության ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Մարգարիտ Բրուտյանի համոզմունքն է։

Մարգարիտ Բրուտյան

Այս տարի պրոֆեսորի ծննդյան 100-ամյակն է։ Նրա աշխատություններն այսօր էլ ուղեցույց են սովորողների, ժողովրդական երաժշտությունն ուսումնասիրողների համար։ Պետական ուսումնական ծրագրով սահմանված դասախոսություններից բացի, տիկին Բրուտյանը հաճախ էր անդրադառնում խորհրդային տարիներին տեղի ունեցած այն դեպքերին, որոնց մասին, հասկանալի պատճառներով, արգելված էր խոսել։

Ներկայացնենք դրանցից մեկը. 1981թ. Բաքվի պետական ֆիլհարմոնիայում նշվում էր աշուղ Ալիի 180-ամյակը, Հայաստանի պատվիրակության կազմում էին նաեւ կոմիտասագետ, դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Աթայանը, աշուղ Շահենը եւ Մարգարիտ Բրուտյանը։ «Հանդիսավոր նիստի ժամանակ ադրբեջանցիները վերամբարձ բառերով նշում էին Ալիի մեծաշնորհ լինելը։ Ես էլ մտածում էի՝ երբ հնչեն նրա երգերը, տեսնես կհամոզվե՞մ, որ մեծ աշուղ է… Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիներն անակնկալ մրցակցություն էին կազմակերպել՝ Շահենն ընդդեմ մոտ 500 ադրբեջանցի աշուղների»,- պատմել է երաժշտագետը։ Ի դեպ, տիկին Բրուտյանն այն տարիներին «Ադրբեջան», «ադրբեջանցի» բառերի փոխարեն օգտագործում էր «դրանք», «նրանք»։ Շարունակելով ներկայացնել պատմությունը, տիկին Բրուտյանը հիշում էր. «Երբ սկսվեց աշուղական ողջույնը՝ երգը, դահլիճի դռներն անսպասելի բացվեցին ու իրար հետեւից, սազը ձեռքներին, մոտ 500 աշուղ «բարով ես եկել, աշուղ Շահեն» երգելով ներս մտան, բարձրացան բեմ, շարվեցին մեր աշուղի հետեւում։ Ըստ աշուղական ավանդույթի՝ Շահենը պետք է հանպատրաստից երգով պատասխաներ նրանց ողջույնին։ Շահենը քանոն էր նվագում, հասկացա, որ այդ պահին մտածում է. եթե սկսի պատասխանել՝ աշուղներին մեջքով կլինի, իսկ եթե աթոռը շուռ տա՝ դահլիճին հակառակ կլինի։ Մեկ-երկու վայրկյանում կողմնորոշվեց՝ չնստել, թեք կանգնել եւ նույն մեղեդիով, ինչ ադրբեջանցիներն էին սկսել, օսմանլու թուրքերենով պատասխանեց։ Դա անակնկալ էր ներկաների համար, զարմացած էին Շահենի թուրքերենի իմացության ու երգեցողության վրա։ Միմյանց հայացքով նշան անելով, ադրբեջանցիները սկսում են աշուղական մուհամմայի (հանելուկ) նախանվագը, իրենց կարճ խելքով  հանելուկ են առաջարկում։ Վերջին քառյակի միջնանվագի ավարտին, չսպասելով, որ դրանք շարունակեն, Շահենը նույն մեղեդիով պատասխանում էր։ Պատասխան երգ-հարցով հանդես գալը, կրկնում եմ՝ վայրկյանների խնդիր է, բայց Շահենն արագ կողմնորոշվեց ու երգեց Սայաթ-Նովայի անհայտ երգերից մեկը՝ հարցնելով, թե ո՞վ է հեղինակը։ Դրանք չկարողացան պատասխանել, մինչդեռ աշուղ Սայաթ-Նովայի ոճից, հատուկ լեզվամտածողությունից, տաղաչափությունից դրանք իսկույն պիտի գլխի ընկնեին։ Չէ՞ որ Սայաթ-Նովան Անդրկովկասի մեծագույն վարպետ աշուղն է եւ չիմանալն ամոթ է։ Ախր էդ ցեղը մշտապես բարբաջել է, թե Սայաթ-Նովան իրենցն է»։

Սա դեռ ամենը չէ։ Երաժշտագետի խոսքով՝ ադրբեջանցի վայ-աշուղների չիմացությունից հետո դահլիճում ու բեմում խառնաշփոթ է սկսվում, բոլորի հայացքներն ուղղվում են կառավարական օթյակ, որտեղ Հեյդար Ալիեւն էր։ Վերջինս վեր է կենում ու սկսում ծափահարել։ Ավելին՝ նա բեմ է բարձրանում, շնորհավորում աշուղ Շահենին ու առաջարկում մնալ Բաքվում, գիտելիքները փոխանցել իրենց աշուղներին։ «Հետո արդեն Շահենը պատմեց, որ Ալիեւը կարճ «բանակցության» ընթացքում իրեն առաջարկել է չորս սենյականոց բնակարան Բաքվի կենտրոնում, բարձր աշխատավարձ, մեքենա, աղախիններ։ Պատմեց նաեւ, որ Ալիեւը բարձրաձայն մտածել է, որ եթե իր 500 աշուղներից յուրաքանչյուրը տասը երգ հորինի, կունենան 5000 նոր երգ… Մեր հարգարժան աշուղ Շահենը ծիծաղել է Ալեւի խոսքի վրա եւ ընդամենն ասել, որ ինքը տաճկահայ է ու իր ոտքին խոր սպի կա, դա թուրքի յաթաղանից է»,- եզրափակել է Մարգարիտ Բրուտյանը։

Իմիջիայլոց, աշուղ Շահենի տոհմում հայտնի անուններ են՝ աշուղներ Սիաին, Ավագը, Պոտոն, Արթենի Ալեքը, որոնց մոտ էլ սովորել ու աշուղի կոչում է ստացել Շահենը։ Նրա պապի՝ Սարգսի, հոր՝ Եղիազարի, որը զինվորական սպա էր առաջին աշխարհամարտի տարիներին, մորաքրոջ՝ հայդուկ Սալվիի անուններին հանդիպում ենք զորավար Անդրանիկի ջոկատում՝ Առաքելոց վանքի մարտի օրերին, իսկ հայդուկ Սոսեն՝ հայդուկապետ Աղբյուր Սերոբի կինը՝ տալվորիկցի Ատլաս տատի քույրն էր։

Ի դեպ, այս տարի լրանում է աշուղ Շահենի ծննդյան 114-ամյակը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930