Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անվտանգային սպառնալիքների շղթա

Ապրիլ 19,2023 12:00

Բաքվի կողմից սադրանքների, դիվերսիոն գործողությունների, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների պայմաններում Հայաստանի կառավարության գործողությունները որո՞նք են

Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշված է ՀՀ կառավարության ծրագրի 2022թ. կատարման վերաբերյալ զեկույցում, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը տեղի է ունեցել հետեւյալ հիմնական ուղղություններով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիր, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում եւ անվտանգություն, հումանիտար հարցեր:

Այս հարցերի քննարկման համար ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ (2022թ. ապրիլի 6-ին, մայիսի 22-ին եւ օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում), 2 քառակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ (որոնցից մեկը՝ հեռավար, մյուսը՝ Պրահայում՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին) եւ 1 եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ (2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում)։ 2023թ. փետրվարի 18-ին Մյունխենում եւս 1 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը ԱՄՆ եւ ԵՄ միջնորդությամբ հանդիպել են 4 անգամ, ՀՀ եւ Ադրբեջանի գլխավոր դատախազները ՌԴ միջնորդությամբ հանդիպել են երկու անգամ, ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ՌԴ, ԱՄՆ եւ այլ գործընկերների միջնորդությամբ հանդիպել են 6 անգամ:

Նշվում է, որ տեղի է ունեցել խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ եւ առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023թ. փետրվարի 14-ին: ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների միջազգային մեխանիզմ կձեւավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձեւավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն եւ ներգրավվածություն: «Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձեւավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների եւ վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձեւավորումը»,- ասված է զեկույցում:

Նշվում է նաեւ, որ 2022թ. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովը, որից հետո տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երեք համատեղ հանդիպում: 2023թ. փետրվարի 17-ին ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգի հերթական նախագիծը: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների ուժով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի դրույթների համաձայն։ Սոչիի հայտարարությամբ կողմերը հստակ պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը՝ բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով։

2022թ. ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի երկու նիստ (ստեղծման օրվանից ի վեր տեղի է ունեցել 11 նիստ): Ապաշրջափակման թեման պարբերաբար քննարկվել է նաեւ այլ ձեւաչափերում: ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ եւ պատրաստ է օր առաջ իրագործել այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: Բեռների, ապրանքների եւ քաղաքացիների շարժի նոր հնարավորություններն ակնհայտորեն կմեծացնեն «Հայկական խաչմերուկի» գրավչությունը միջազգային եւ տարածաշրջանային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար՝ էականորեն ընդգծելով Հայաստանի չիրացված լոգիստիկ դերը տարածաշրջանում, ինչն իր հերթին նաեւ հավելյալ անվտանգության եւ կայունության երաշխիքներ կապահովի: ՀՀ վարչապետի որոշմամբ 2022թ. հունվարի 14-ին տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որին ներգրավվել են նաեւ միջազգային բարձրակարգ փորձագետներ:

Զեկույցում արձանագրվում է, որ չհասցեագրված են մնում նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ: Ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչեւ օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: ՀՀ-ն բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների եւ նրանց վերադարձի խնդիրը: 2022 թվականի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը: Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կարեւոր է մնում նաեւ անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով: ՀՀ-ն միջազգային դատական եւ դիվանագիտական ատյաններում հետեւողականորեն բարձրացնում է բռնի անհետացումների, ինչպես նաեւ գերիների խոշտանգման եւ զոհված զինծառայողների դիակների խոշտանգման եւ անարգման հարցերը:

2022-ին Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր եւ մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ: 2022թ. ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման եւ վատ վերաբերմունքի արգելքի, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի եւ մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ, գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետեւանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ, Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետեւանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի եւ Քարագլխի դեպքերի եւ Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։

2022-ի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսեւորումներին՝ ատելության եւ հակահայկականության քարոզ, ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետեւողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ եւ վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ եւ շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։ Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021թ. սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023թ. հունվարի 23-ին: Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են եւ բարձրացվելու են գույքային եւ ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ։

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած ուղղություններից գոնե երկուսը` տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, ինչպես նաեւ սահմանազատում եւ անվտանգություն, հստակ չէ, թե ինչ հիմքով է իշխանությունն առաջ տանում, եթե բոլոր ուղղություններով պաշտոնական Երեւանի խաղաղասիրական ջանքերի դեմ Ադրբեջանը ցուցաբերում է, մեղմ ասած` ապակառուցողական մոտեցում, չի կատարում համատեղ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները, ավելին` հստակ հայտարարում է, որ որպես հաղթող կողմ իր ակնկալածը պետք է ստանա Հայաստանից:

Միեւնույն ժամանակ, հայկական կողմը պարբերաբար հաղորդում է ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության մասին փաստեր: Ապրիլի 16-ին՝  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։ Ապրիլի 15-ին GeoProMining Gold ընկերությունից հայտնեցին, որ ադրբեջանցիներն ապրիլի 14-ի երեկոյան ու 15-ի առավոտյան կրակել են ոսկու հանքի ուղղությամբ, ինչի հետեւանքով աշխատանքը դադարեցվել է։

Ադրբեջանի կողմից սադրանքների, դիվերսիոն գործողությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների պայմաններում Հայաստանի կառավարության գործողությունները որո՞նք են: Իրավիճակի նկարագրությունը, փաստերի շարադրանքը, աշխարհին Հայաստանի անելանելի վիճակը շարունակաբար ի ցույց դնելը լուծո՞ւմ է Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930