Լրահոս
Օրվա լրահոսը

Ժպիտը դեմքին նա գնաց բանակ. Գալուստը` հավերժ հերոս

Ապրիլ 19,2023 13:30

21-ամյա զոհված զինվորի դավանած հայրենասիրությունը

Գարեգին Նժդեհի գաղափարն էր. «Ապրիր ու նահատակվիր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքիդ»։

Գալուստ Մանուկի Նազարյան. ինժեներ-հրամանատարի երակներում հոսում էր ջավախքցի նախապապերի ոգուց բխող հայրենիքի հանդեպ արիության, կամքի, սիրո, հավատի ներուժը։ Գալուստն ուներ տեխնիկական ոլորտում բարձր գիտելիքներ, ուսանել էր ճարտարապետության եւ շինարարության ֆակուլտետում (Հայաստանի ազգային համալսարան), գերազանցությամբ ավարտել էր բուհը, ինքնուրույն տիրապետել եռաչափ մոդելավորման բարդագույն ծրագրերի։ Նա մինչ իր զորակոչվելն աշխատում էր «Ճանապարհ» ընկերությունում։ Եվ 2020թ. անցնելով ՀՀ զինված ուժերում ծառայության (Արցախում` Մարտունու թիվ 3-րդ զորամաս)՝ հրետանավորի մասնագիտությամբխ գերազանց էր տիրապետում զենքին, փայլում բարձր իմացությամբ։ Այդ հմտության շնորհիվ էր, որ զորամասում նշանակվել էր D 30 հրանոթի հաշվարկի հրամանատար։ Գալուստն իրենց դիրքերն անառիկ պահելու շնորհիվ արժանացել է վերադասի եւ զինակիցների կողմից հարգանքի եւ վստահության։ Դաժան ու անհավասար պայքարի ընթացքում նա ղեկավարել է մի քանի հրանոթի աշխատանք, ապահովել է հրանոթային մարտկոցը եւ մեծ վնասներ է հասցրել թշնամուն։ Գալուստ Նազարյանի խիզախության ու սխրանքների վերաբերյալ, ինչ խոսք, մամուլում, հեռուստատեսային հաղորդումներում դեռեւս ապագայում` կգրվեն բազմաթիվ պատումներ։ Սերունդները կտեղեկանան մեր զինվորների, ազատամարտիկների, կամավորների արիությանը եւ քաջագործություններին ու սխրանքներին։

Գալուստի, խիզախ հրամանատարի վերաբերյալ դրվագներ կան, որոնք իր մարտական ընկերներն են պատմում: Նա դաժան մարտի ընթացքում նրանց քաջալերել է, լավատեսորեն «սիրտ տվել» եւ նույնիսկ կռվի թեժ պահին կատակել է, ժպտացել, որ ընկերները չկոտրվեն, պայքարեն թշնամու դեմ։ Եվ հիրավի, Գալուստը քաջաբար դիմադրել է ոսոխին եւ իր ինժեներական հզոր մտքի շնորհիվ կարողացել է շատ արագ հաշվարկներ անել` նշանառման կոորդինատները, միաժամանակ ղեկավարել է մի քանի հրանոթ, որոնց շնորհիվ վնասներ պատճառել թշնամուն, անառիկ պահել իրենց վստահված դիրքերը։


Գալուստի հայրը` ինժեներ-շինարար Մանուկ Նազարյանը, որդու կենսապատումի էջերը մեկ առ մեկ «թերթելով»՝ պատմում է հետեւյալը. «Գալուստը դեռեւս դպրոցահասակ, հետաքրքրվում էր տարբեր սպորտաձեւերով։ Նա սիրում էր շախմատ խաղալ, նկարել, երաժշտություն լսել։ Գալուստը փոքրուց զբաղվում էր նոր փորձարկումներով` տանը երբեմն հովացուցիչ էր դարձնում լուսամփոփը, փայտե տուփերից շարժիչ էր սարքում։ Կյանքի դժվարություններին նայում էր թեթեւ, որդիս կենսասեր էր ու կատակասեր… Ժպիտը դեմքին նա գնաց բանակ, երբեք չէր տրտնջում եւ հուսահատվում: «Հայրենիք ենք պաշտպանելու, պիտի զգոն լինենք, բանակում միասնական պայքարենք»,- ասում էր նա հավատով իր բանակ գնալուց առաջ։

Ահավասիկ այն չարաբաստիկ օրը, Գալուստս հեռախոսով երկար զրուցել է տիկնոջս հետ, խնդրել, որ մայրը զինվորական համազգեստով ֆոտոնկարն իր տեղադրի համացանցում։ Այդ զրույցից երկու ժամ անց չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել։ Դիրքեր տանող մութ ճանապարհով զինամթերքով բեռնված մեքենան դիմավորում եւ վարորդին ցուցումներ է տվել որդիս, նա բեռնատարի թափքում է նստել, որ մեքենան ուղղորդի համապատասխան դիրքեր։ Այդ պահին, դժբախտաբար, թշնամու անօդաչուն դիրքերին մոտենալով` հարվածում է մեքենային։ Զոհվում են որդիս եւ երկու զինծառայողներ»։

…Եռաբլուրում այսօր բազմաքանակ խոնարհվող դրոշների ներքո Գալուստ Նազարյանի լուսեղեն խրատն է հնչում. «Մենք ծառայեցինք եւ զոհվեցինք հանուն հայրենի հողի պաշտպանության։ Տղերք, դուք հողին ամուր կանգնե՛ք, հայոց Հայրենիքի անունն ու պատիվը ամուր պահեք, միաբանված պայքարենք չար թշնամու դեմ եւ խաղաղ ապրեք…»։

Պատրաստեց Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930