Լրահոս
Օրվա լրահոսը

Շիկահողի արգելոցն այլևս գոյություն չունի. տարածքը ադրբեջանցիների տիրապետության տակ է անցել

Ապրիլ 18,2023 23:45

«Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բացառիկ կադրեր եմ հրապարակում։

Ուշադրություն՝ այս տարածքը ադրբեջանցիների տիրապետության տակ է անցել և ․․․ ցավո՛ք պետք է արձանագրենք․

ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑն այլևս գոյություն չունի:

Նկարների ներքևի հատվածում գտնվում է Ներքին հանդը, աջ կողմից մեր տարածքում, նկարից դուրս տեղադիրքով Ծավ բնակավայրն է, իսկ նկարի ձախ կողմը դեպի Արաքսի հովիտ ադրբեջանական ռազմական բազաներն ու տեղադիրքերն են։ Այս նկարի փորված ու ռազմական դիրքերի ամբողջ հատվածը 2020 թվականի պատերազմից հետո և 2022 թվականի սեպտեմբերից հետո թշնամու տիրապետության տակ են գտնվում։

Սա ինքնիշխան Հայաստանի տարածքն է, որ գրավել է Ադրբեջանը։

Այս նկարի Շիկահողի արգելոցի Մթնաձորի տեղամասի անտառային տարածքի մոտ 2.9 հազ քառակուսի մետրը թշնամին վերացրել է որպես բնություն։ Սա բնության բացառիկ հուշարձան, արգելոց է եղել։ Ներքևում մոտ 64 հա Ներքին հանդում գտնվող Սոսիների պուրակն է, որտեղ եկել, հազարամյա սոսին գրկել ու նկարվել էին Ալիևների ընտանիքը։

Արգելոցը կազմավորվել էր 1958 թվականին։ Ու բոլոր հայտնի, ընդունված դեռևս Սովետների օրոք քարտեզներով սա Հայաստանի տարածքն է։ Այն չէր կարող որևիցե կերպ լինել Ադրբեջանինը։

Հարց Շրջակա միջավայրի նախարարությանը․ Արգելոց է վերացվել, միջազգային հարթակներում ներկայացրե՞լ եք եղելությունը։ Պահպանման ռեժիմի կարգավիճակը փոխե՞լ եք։

Ուշադրություն, ես չեմ ասում, որ հայկական կողմը ևս ստիպված պաշտպանության համար որոշակի հողային աշխատանքներ է տարել և կատարվել է, այո, ծառերի սպանդ։ Չեմ ցույց տալիս ու չեմ մատնանշում, որովհետև գիտակցում ենք, որ թշնամու գրոհը դիմակայելու համար է արվել։ Սակայն, որտե՞ղ կարելի է տեսնել իրավական ի՞նչ տվյալներ եք ներկայացրել, ո՞ւր է գնացել հատված անտառը։

Ե՞րբ է կատարվել, ըստ ժամանակացույցի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից, արգելոցի կողմից կատարված աշխատանքները և ինչպե՞ս է իրականացվում պահպանությունը, եթե իհարկե իրականացվում է։

Չասեք վառելափայտի, քանի որ հարցը թանկարժեք հարյուրամյա կաղնիների և այլ տեսակների մասին է խոսքը գնում։ Գրանցե՞լ եք, Եվրոպական կառույցներին ներկայացրե՞լ եք, որ, հատկապես անկախ Հայաստանի կազմավորումից Շիկահողի արգելոցը աչքի լույսի պես ենք պահել, որ 2004 թվականին հատկապես բարեկարգվել և կարգավորվել է նաև Սոսիների պուրակ արգելավայրը, որն այսօր դարձել է ռազմական գործողությունների եղած ու նախապատրասվելիք տարածքը։

Նկարելու օրը մառախլապատ էր, ամբողջ աղետը չեմ նկարել։ Բայց այն, ինչ հեռվից թվացյալ անտառ է երևում, սկսած Կապան քաղաք չմտած ձախ կողմի ադրբեջանցիների օկուպացված և մեր կողմից նոր ճանապարհներ սարքված հատվածներում, կարելի է մասնագիտական լեզվով բնութագրել որպես կոճղաշիվային վերականգման ենթակա անտառ։ Այսինքն, եթե վերին բերի հողի շերտը 8-10 մետր լայնությամբ չեն վերացրել, ապա կտրվել է հաստաբուն ծառեր ու մնացել են կողքի շիվերը։ Այս մասով, ակնհայտ է, որ հստակ անտառները հատվել են որոշների գրպանը լցնելու համար։

Ադրբեջանցիներից մենք կարող ենք պահանջել վնասը միջազգային տրիբունաներում, իսկ հայկական կողմի մասով ․․․ ձեր խղճին լինի։

Երբ Երևանում այս քանի օրը մի երկու ծառեր էին հատվում, որ տնկվեն նորերը համացանցը թնդում էր։ Բա էս դեպքում ինչի՞ ձայն չենք հանում։

Բա նախարարությո՞ւն, բա կառավարությո՞ւն, բա ազգային անվտանգությո՞ւն ․․․ ասելիք չունե՞ք։ Թե՞ ․․․»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930