Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը ի արձագանք Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ-ում հնչեցրած մոտեցումների, այն է. «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»:
Հայտարարում է՝
- Հայաստանի Հանրապետությունն երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ և երբեք նրա տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի դրել:
- Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում այդ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ստեղծվել են 2 պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
- «Պետական անկախության մասին» Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրական ակտով Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե իրավական առումով, թե փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել:
- 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, որը ՝
- պարունակում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին դրույթ:
- ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
- չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետության սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններում ճանաչելու համար:
- Տարածքային ամբողջականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջարկված, բազմիցս արձանագրված հիմնարար սկզբունքներից մեկն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հետ մեկտեղ, այն ինչ այս ընթացքում, միջազգային հանրության կողմից առաջարկված խաղաղ կարգավորման գործընթացը ոտնահարվել է՝
- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառմամբ՝ 44-օրյա պատերազմով:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ:
- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսմամբ՝ ներկայիս բանակցային գործընթացում:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելը անթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք:
Ուստի՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման, իրացման և ընթացող բանակցություններում փաստաթղթավորված բովանդակությամբ արտահայտվելու հրամայականին:
Կարդացեք նաև