Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ցուցանմուշների պատասխանատու Մարինա Մանուչարովան՝ ճանաչված երգչուհի Մոնիկա Մանուչարովայի մայրը, հիմնել է տարեց կանանց երգչախումբը, որը կոչվում է «Մարջան»։
Երգչախմբի ամենատարեց անդամը 90 տարեկան է։ Նրանք միայնակ տարեցներ են, ինչպես մեզ հետ զրույցում բնութագրեց նրանցից մեկը՝ Քնարիկ Հովհաննիսյանը, իրենք հանգիստը կորցրած մարդիկ են, տանը տխրում են, գալիս են թանգարան՝ երջանկանում։ Երգչախումբը բացառիկ է Հայաստանում, նպատակը տարեց կանանց տանից դուրս հանելն է, միայնակ լինելու զգացումին վերջ դնելը։
Հիմնադիրը՝ Մարինա Մանուչարովան, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես մտահղացավ գաղափարը։
Կարդացեք նաև
«Մի անգամ թանգարան տատիկներ էին եկել, թանգարանով ման գալուց հետո դուրս եկա և տեսա, որ երգում են, Հովհաննես Շիրազի խոսքերով և Վլադիլեն Բալյանի երաժշտությամբ, մոտեցա, ասի՝ մի քիչ բարձր երգեք, սկսեցին ոգևորված երգել։
Ասի՝ ես ձեզ կարո՞ղ եմ տեսնել մի երկու օրից, ասին՝ հա, ու եկան, հավաքվեցինք, զրուցեցինք ու չգիտեմ ինչ մեջս մտավ, աստվածային մի բան․ ուզեցի տարեց կանանց օգնել, որպեսզի նրանք անհրաժեշտ դառնան մեր հասարակության համար։ Կանչեցի փորձերի, երգերը տպեցինք, տվեցինք, սկսեցին սովորել, խոսքերը սովորեցին, հետո երաժշտությունը և այդպես ստեղծվեց մեր փոքր խումբը։
Ինձ ուրախացնում է, որ տատիկները սպասումով են գալիս փորձերին, որ զանգում, ասում եմ, վազքով գալիս են։ Նրանցից ոչ մեկը իր կյանքում և ոչ մի անգամ չի երգել, տատիկ ունենք, որ 1933 թվականի ծնված է։ Էնքան ուրախ եմ, որ կարողացել եմ նրանցից ձայն հանել, դա շատ կարևոր և մեծ բան է։
Մենք հիմա դարձել ենք շատ երջանիկ մի փոքր ընտանիք, հավաքվում ենք, զրուցում ենք, սուր, թեյ ենք խմում ու սկսում ենք պարապել։ Խմբում 10 տարեց կանայք են։
Ես շատ-շատ եմ սիրել իմ տատիկներին, իրենց տեսնելով միայնակ՝ ուզեցի նրանց հավաքել իմ շուրջբոլորը»։ Պարապմունքների համար Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում տարածք է հատկացրել թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։
Երգչախմբի անդամներից մեկը՝ Քնարիկ Հովհաննիսյանը, պատմեց, որ Մարինեն է իրենց գտել։
«Մեզ գտավ, բերեց ու իրեն մայրիկ դարձրեց, բոլորիս համար անհանգստանում է։
Տանը մենակ եմ, հանգստությունս կորած, բայց եկել եմ այստեղ, երջանկություն եմ գտել։ Իրոք շնորհակալ եմ Մարինեին, որ այսօր ես ինձ 15 տարեկան եմ զգում։
Ես մոռացված մարդ եմ, 35 տարի աշխատել եմ կարի գործարանում, ջահել ժամանակ միշտ երգել եմ, լավ պարել եմ ու քեֆ եմ արել»,- պատմեց մեր զրուցակիցը։
Տատիկը երգեց մի փոքր հատված Սուրբ Կարապետին նվիրված երգից ու ավարտելուց հետո Աստծուն խնդրեց այնքան մուրազ տալ, որ Հայոց աշխարհը ծլի-ծաղկի, պատերազմի ձայն այլևս չլսվի, երիտասարդները միշտ մնան իրենց կողքին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շատ ապրեք, շատ լավ բան եք նախաձեռնել: Էդ մարդկանց կյանքը բովանդակությամբ եք լցնում, ինչը տարիքն առած մարդու համար ամենակարևորն է: