«2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, շատ հասկացություններ փոխեցին իրենց իմաստը՝ պետությունը դարձավ վարչապետ, երկրի ինքնիշխանությունը՝ իմիշխանություն». Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
–Ոստիկանության օրվա առիթով՝ ոստիկաններին հղած իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը ոստիկանության համակարգը համարել է պետության ողնաշարը, որն ամեն օրվա հետ պետք է ուժեղանա։ Աշխարհաքաղաքական ու անվտանգային առկա մարտահրավերների պարագայում մենք բանակի մասին նման արտահայտություններ չենք լսել պետության ղեկավարից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Վարչապետ կոչեցյալն, ինչպես ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ, առանց «միտինգ» չի դիմանում։ Նա, կարծես ուժ է ստանում ցանկացած լսարանի առաջ ելույթ ունենալուց։ Երեք օր առաջ, նա «կրակոտ» բացման խոսքով հանդես եկավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Ի դեպ, աշխարհում դեռևս այդպիսի դեպք չի գրանցվել, որ ծանրամարտի առաջնությանը բացման ելույթով հանդես գա երկրի ղեկավարը, իսկ դահլիճում ներկա գտնվի երկրի ողջ ղեկավարությունը։ Հաջորդ օրը նա «շտապեց» Դիլիջան, համաժողովում իր «իմաստուն» խոսքը հնչեցնելու համար։ Եվ ահա, երեկ, ոստիկանության օրվա կապակցությամբ նրա, նույնպես «խորիմաստ» ելույթը, այսօր արդեն, ԱԺ-ում, ինչպես ձուկը ջրում՝ ստել, կեղծել, ստորացնել ընդդիմախոսներին։
Կարդացեք նաև
Իրականում, եթե նրա նշածս նախորդ ելույթները, զուտ պոպուլիստական էին, անիմաստ, ապա երեկվա ելույթը, բավականին անկեղծ կլիներ, եթե․․․ եթե որոշ բառեր նա նույնպես անկեղծ օգտագործեր։ Այսպես․ «Ոչ թե ոստիկանության համակարգը պետության, այլ իմ և իմ ընտանիքի իշխանական համակարգի ողնաշարն է»։ Ցանկացած այլ երկրում, պետության ողնաշարը համարվում են կրթական, դատական, գիտական, իսկ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, պատերազմի մեջ գտնվող երկրի համար առաջին հերթին՝ մարտունակ զինված ուժերը։
-Ոստիկանությունում և ՆԳՆ համակարգում փոփոխությունների մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը՝ դրանց առանցքը համարելով համակարգի աշխատակիցների սոցիալական երաշխիքները, որն էլ անվտանգության ապահովման գրավական է լինելու. ինչպե՞ս։
-Այս խոսքերը, նույնպես պետք է դիտարկել նույն համատեքստում․ «Անմնացորդ ծառայեք ինձ և իմ ընտանիքին և դուք ոչ մի ֆինանսական, սոցիալական խնդիր չեք ունենա»։
Որևէ այլ, քաղաքակիրթ երկրում, երկրի ղեկավարն այսպիսի ելույթ չէր ունենա։ Փաստորեն, զինված ուժերում ծառայող սպան, ուսուցիչը, գիտնականը, այլ քաղաքացիներն, ի տարբերություն ոստիկանության աշխատողների, զուրկ են սոցիալական երաշխիքներից։ Ի դեպ, վարչապետ կոչեցյալը, «խոհեմաբար» «մոռացավ» անկեղծանալ, որ ոստիկաններն իրենց վայրագությունների համար երբեք չեն պատժվի, քանի որ անմնացորդ ծառայում են իրեն։ Հիշենք ոստիկանության վայրագությունները խաղաղ ցուցարարների, զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումները, այդ թվում փաստաբանների նկատմամբ։ Եվ այս ամենը մնաց անպատիժ, եթե չեն արժանացել խրախուսանքի, այդ թվում՝ դրամական։
-Ոստիկանության զարգացումը Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապել է պետության զարգացման հետ, այն առանցքային ուժային կառույց հռչակելով, ինչի համար էլ ՀՀ երրորդ հանրապետության ընթացքում, ըստ նրա, ամենաշատ ներդրումներն են արվել։ Սա ի՞նչ է նշանակում։
-Հիշենք, թե այսօրվա վարչապետ կոչեցյալը, երբ թունդ ընդդիմադիր գործիչ-լրագրող էր, ի՞նչ կարծիքի էր ոստիկանության մասին։ 2008թ․ մարտի 1-ին, նրա հոգին փառավորվում էր, երբ իր իսկ կողմից գազազեցված ամբոխը հարձակվում, զինաթափում, վնասվածքներ էր հասցնում «պետության ողնաշար» ուժերին։ Եվ այդ նույն ոստիկաններից շատերը՝ մոռանալով իրենց նվաստացումներն ու վնասվածքները, այսօր հավատարմորեն ծառայում են դրանց հեղինակին։ Փաստորեն, նա խոստովանում է, որ իր այդ կոչերով փլուզում էր պետության ողնաշարը։ Այնպես որ, փորձենք նորից բացել նրա խոսքերի փակագծերը․ «Ոստիկանության զարգացումը ուղղակիորեն կապված է իմ և իմ ընտանիքի անվտանգության և իմ անսահմանափակ իշխանության պահպանման հետ, հետևաբար այս համակարգում արվել և արվելու են ամենաշատ ներդրումներ»։ Թող ինձ հազար անգամ ների Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորը, ով հզորացրեց Ֆրանսիան, նպատակ ունենալով, այն դարձնել նոր Հռոմ, բայց մեր երկրի ղեկավարը, որը պարտության խորհրդանիշն է, փաստորեն կրկնում է Ֆրանսիայի մեծ տիրակալի խոսքերը․ «Պետությունը ես եմ», նաև․ «Ինձնից հետո, թեկուզ ջրհեղեղ»։ Նորից եմ կրկնում, համեմատությունը տեղին չէ, կարծես համեմատես փղին միջատի հետ։
2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, շատ հասկացություններ փոխեցին իրենց իմաստը՝ պետությունը դարձավ վարչապետ, երկրի ինքնիշխանությունը՝ իմիշխանություն։
Զրույցը՝ Նելլի Գրիգորյանի
Անցած տարի մի տղայի հարցրեցի թե ինչ կուզենա դառնա` հայրը գովում էր, որ լավ է մաթեմատիկայից, լեզվից… Առանց մի պահ մտածելու տղան պատասխանեց` ոստիկան: Հայրը անթաքույս հպարտությամբ ավելացրեց. «Մեր բոլոր բարեկամները կամ ոստիկան են, կամ էլ ասմունքող»: Այսպիսի բաներ… Սերունդն է պետք փրկել այս հրեշի ճանկերից: