Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման սահմանված չափորոշիչներում
ՀՀ կառավարությունն այս տարի Երևան համայնքին շուրջ 10 մլրդ դրամ կհատկացնի՝ կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով: Հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին՝ փոփոխություններ կատարելով 2023թ. բյուջեում: Մասնավորապես, ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով.
1. Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 25 տարի շահագործվող 4239 վերելակից վերջին տարիների ընթացքում արդեն իսկ փոխարինվել է 1041-ը, ընթացիկ տարում այդ ցուցանիշը կհասնի 1614-ի, բացի այդ, 2023թ. համայնքը սեփական միջոցներով ևս նախատեսում է փոխարինվող վերելակների ավելացում:
2. Նոր Խարբերդ թաղամասում նախատեսվում է կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար: Ծրագրի շնորհիվ գազամատակարարմամբ կապահովվի շուրջ 250 տուն, որը կազմում է թաղամասի 10 %-ը: Նախագիծը հնարավորություն կտա գազիֆիկացման գործընթացը դարձնել շարունակական:
Կարդացեք նաև
3. Կհիմնանորոգվեն Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական, Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում գտնվող այգիները:
4. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կկառուցվի շատրվանային համալիր, կձևավորվի հարմարավետ հանգստյան գոտի:
5. Նոր ու հարմարավետ պայմաններ կապահովվեն Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 և Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզներում, կբարեկարգվեն նաև Աջափնյակ վարչական շրջանի հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները: Հիմնանորոգման ծրագրի շրջանակում, ի դեպ, որոշ մանկապարտեզներում հնարավոր է դառնում ավելացնել խմբերի թիվը:
6. Քաղաքացիներին որակյալ բուժծառայություններ մատուցելու նպատակով ընթացիկ տարում կհիմնանորոգվեն Արաբկիր վարչական շրջանի հ.11 և Կիլիկիա թաղամասում գտնվող հ. 8 պոլիկլինիկաները, որոնք սպասարկում են 112270 բուժառուի։
7. Նորք-Մարաշում այլընտրանքային ճանապարհի հնարավորություն կստեղծվի։ Կկառուցվի 1381մ երկարությամբ նոր ճանապարհ, որով Գարեգին Հովսեփյան փողոցը կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին:
8. Նախատեսվում է Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասում, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկն ընկած հատվածում կառուցել կոյուղատար համակարգ, որի բացակայությունը տասնամյակներ շարունակ անհարմարություն է պատճառել բնակիչներին ու դպրոցին:
9. Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների թվով 19 փողոցում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ: Կփոխվի շուրջ 18,6 կմ ասֆալտի ընդհանուր ծածկը:
10. «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» ծրագրի շրջանակում էլ նախատեսվում է ձեռք բերել 14 հատ թունելային հզոր օդափոխիչ:
Բոլոր ծրագրերի մասով, ի դեպ, մրցույթներն արդեն կայացել են:
***
Արտաքին գովազդի շատ վահանակներ ու շենքերին փակցված գովազդներն այսօր աղավաղում են երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը: Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդգծեց, որ համակարգային փոփոխության հիմքում դրված է մեկ նպատակ՝ կանոնակարգել ոլորտն ու լուծումներ տալ առկա խնդիրներին. «Երևանցիները, տնտեսվարողները պետք է հասկանան, որ շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե՝ շենքի տեր: Գովազդը պետք է հարմարվի շենքին՝ հնարավորին համեստ լինի և չխաթարի արտաքին տեսքը, և ոչ թե հակառակը: Առաջնային փուլով մենք անդրադառնում ենք ոլորտում բիզնես գործունեություն իրականացնող սուբյեկտներին, որովհետև իրենք առավել լավ պետք է պատկերացնեն, թե ինչպես է պետք պատասխանատու գործունեությամբ զբաղվել Երևանում, և երկրորդ փուլով՝ արդեն իրազեկման աշխատանքներով, հորդորներով նաև տուգանքների կիրառմամբ ու գովազդների ապամոնտաժմամբ մենք պետք է հասնենք նրան, որ մեր քաղաքը չունենա այն տեսքը, որն այսօր առկա է մայրաքաղաքում:
***
Երևանի ավագանու որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցն այսուհետ կկրի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի, Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը՝ հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 10-րդ փողոցը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 6-րդ փողոցն էլ նրբանցքներով՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անունը:
***
Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն անվանակոչվեց Եգիպտոսի անվամբ: Միջնորդությունը ներկայացվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչին զուգահեռ՝ Եգիպտոսում կանվանակոչվի փողոց Հայաստանի կամ Երևանի անվամբ:
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվեց նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի, Երևանի հ.163 հիմնական դպրոցն էլ՝ ականավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի անունով:
***
Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում կտեղադրվի Ավրորա Մարդիգանյանի հուշակոթող-քանդակը: Նա նորագույն հայոց պատմության կարևորագույն կերպարներից է, ով կարողացավ փրկվել Ցեղասպանությունից և ամբողջ աշխարհին պատմել Օսմանյան Կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած դաժանագույն իրադարձությունների մասին:
***
Երևանի Մանկական այգում կտեղադրվի հայ մեծանուն քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը:
***
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն այսուհետ կկրի «Կենդանիների խնամքի կենտրոն» անունը: Երևանի ավագանուն ներկայացված նախագիծը ենթադրում է ավելացնել կացարանների ստեղծման և շահագործման գործառույթները, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների խնամքի և մոնիթորինգի իրականացումը: Համայնքային կազմակերպության տնօրենը նշեց, որ ստերջացումն ամբողջ աշխարհում գլխաքանակի կանոնակարգման ընդունված լավագույն տարբերակն է, և համայնքը կարողացավ այդ կերպ Երևանում թափառող կենդանիների գլխաքանակը բերել կառավարելի զանգվածի, այսօր արդեն հաջորդ փուլով ստեղծվում են կացարաններ: Հարություն Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ գործընթացը չի ենթադրում, որ միանգամից մայրաքաղաքում մասսայական կհավաքվեն կենդանիները, այն կիրականացվի փուլ առ փուլ և հնարավորություն կտա գնալ խնդրի վերջնական լուծման:
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մայիսի 23-ին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն