Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն դեպքում, որ այդ հրթիռները չէին կրակվել, նման տեղեկություն չունենք»․ Դավիթ Տոնոյանի պաշտպանը՝ վկաների հարցաքննության մասին

Ապրիլ 18,2023 20:03

Հակակոռուպցիոն դատարանում հրթիռների գործով ապրիլի 18-ին հերթական դատական նիստի  ընթացքում հարցաքննվեցին սպառազինության նախկին պահեստապետն և Գյումրու զորամասի հրամանատարի նախկին տեղակալը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն /վատնում/ կատարելու մեջ:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցաքննությունները կարևոր էին այնքանով, որ քանակական առումով հասկանալի դարձավ՝ որևէ խնդիր չի եղել, այսինքն՝ փաստաթղթերով ինչ քանակությամբ որ գրված է, այդ քանակությամբ էլ ընդունվել է պահեստ, ինչպես նաև զորավարժությունների ժամանակ հրթիռների կիրառության մասին տվյալներ ձեռք բերվեցին։ Սերգեյ Հովհաննիսյանը շարունակեց․ «Եվ դրանց բացասական հետևանքների, այսինքն՝ չկրակվելու և այլնի մասով ժխտողական պատասխաններ ստացանք»։ Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ վկաները հարցաքննության ժամանակ ասացին, որ այդ հրթիռները կրակե՞լ են, նա պատասխանեց․ «Ամեն դեպքում, որ չէին կրակվել, նման տեղեկություն չունենք։ Իսկ մյուս վկայի հարցաքննությամբ անգամ գործնական կիրառման ապացույցներ ձեռք բերվեցին մի քանի դրվագներով, այդ թվում նաև զորավարժությունների ժամանակ և դարձյալ որևէ բացասական արդյունքի մասին տեղեկություն չհայտնեց վկան։ Նա հայտնեց, որ նման տեղեկություններ իրեն հայտնի չեն»։

Մեր հարցին՝ չկա՞ն տեսանյութեր, որոնցում, օրինակ, երևում են այդ հրթիռները զորավարժությունների ժամանակ, նա պատասխանեց․ «Անգամ, եթե տեսանյութը լինի, հնարավոր չէ տարբերակել՝ որ տեսակի հրթիռն է։ Դրանք արտաքին բաներով նույնն են, զուտ տակտիկատեխնիկական բնութագրերով կարող են տարբեր լինել՝ հեռահարություն և այլն։ Փաստաթղթեր կան․ միայն խոսքով չէ։ Այնպես է, որ պահեստից դուրս գրման վերաբերյալ փաստաթղթեր էլ կան։ Մի խոսքով համեմված է նաև այլ ապացույցներով»։

Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ այս անձանց նախաքննական ցուցմունքները չեն հրապարակվել։ Հետաքրքրվեցինք նաև՝ վկաների հարցաքննություններից հետո գործն ի՞նչ ուղղությամբ է ընթանում, Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Պետք է շարունակեմ լիահույս կերպով պնդել, որ ոնց համոզված էինք, այնպես էլ գնում է, որ ի վնաս կամ բացասական որևէ ապացույց այս պահին արդեն իսկ ձեռք չի բերվել։ Ձեռք բերված բացառապես բոլոր ապացույցները մեղադրանքը հերքող են կամ ընդհանրապես առնչություն չունեցող։ Այսինքն՝ բացասական ոչինչ չունեն։ Չեմ էլ կարծում, որ հնարավոր է՝ ունենանք»։

Հարցին՝ ի՞նչ է դրված մեղադրանքի հիմքում, Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք ամենասկզբից կուզեինք իմանալ՝ ի՞նչ է դրված այս գործի հիմքում։ Մենք ասում ենք՝ ցույց տվեք՝ ինչի հիման վրա եք որոշել՝ պահանջարկ չկա, ինչի հիման վրա եք որոշել, որ պիտանի չեն։ Որևէ մեկը մեր այդ հարցերին չի պատասխանել։ Միայն մեղադրանքը կա, բայց մեղադրանքի հիմքում փաստեր չկան, որոնց դեմ մենք կպայքարենք, օրինակ՝ այդ ապացույցն այլ ապացույցով հակափաստարկենք։ Այն, ինչ կա, բոլորը խոսում են հակառակի մասին։ Մենք որ ոչ մի բան էլ չանենք այդ ապացույցների պարագայում, այսպես թե այնպես այդ մեղքը հերքվում է։ Մեղադրանքի կողմը պետք է մտածի՝ ոնց հիմնավորելու մեղավորությունը, և այս պահի դրությամբ միայն անհաջող փորձեր են»։

Հարցին՝ ի՞նչ միտում եք տեսնում Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու հարցով, Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Խնդիրն այն է, որ իրավական գործընթաց չի ընթանում, և այս գործը չէ պատճառը, որ Դավիթ Տոնոյանը գտնվումէ անազատության մեջ։ Խնդիրն այն է, որ նա պետք է պահվի կալանքի տակ և պահվում է։ Կարծում եմ՝ այս գործը զուտ առիթն է կամ պատրվակն է Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու։ Ովքեր, ոնց ինչու, այդ հարցերի պատասխանները ես չէ, որ պետք է տամ»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին։ Կշարունակվի վկաների հարցաքննությունը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930