Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Հակոբյանը կանգնած էր Արցախի ճակատագրի ունայնություն ունայնության դռնեդռներում»

Ապրիլ 18,2023 20:33

Ապրիլի 18-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված արդի ժամանակաշրջանի մեծանուն գրող-բանաստեղծ, գրականագետ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչ, «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի անմար հիշատակին։

Ցերեկույթը մեկնարկեց լռության րոպեով և ծաղիկների խոնարհումով՝ ի հիշատակ Վարդան Հակոբյանի և արցախյան պատերազմների զոհերի:

ԳՆՀ ՀԼԳ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զինաիդա Բալայանը ողջունելով ներկաներին, նշեց, որ խորհել, խոսել, բանաբանել Վարդան Հակոբյանի հետ և նրա մասին նշանակում է շուրջբոլորդ քննել մի այլ տեսանկյունից, մի այլ տեսանողի հայացքով, շարժվել մի ամբողջ քայլող էպոխայի, ժամ ու ժամանակի ռիթմով, որի արարիչը Վարդան Հակոբյան հանճարեղ արցախցին է, անզուգական տաղերգուն, երդվյալ արցախասերն ու արցախապաշտը, եզակի՝ Զառունց ծռերի գերդաստանի սոփեստների բույլում, եզակի խոսքակռվով հերքումի և հաստատումի ելած:

«Այսօրվա մեր հուշ-ցերեկույթի ժամանակադիրը հայ գրականության եզակիներից մեկը՝ Վարդան Հակոբյան արցախադպիրն է: Հայ գրականության երևելի ներկայացուցիչ, հայ քերթողական արվեստի զարմանահրաշ ու տաղանդաշատ պոետներից մեկը՝ անկրկնելի իր բառաստեղծումով, մշակույթով, հայոց և այլոց մեծերի հետ մեծավարի քննամիտող փիլիսոփան, արցախյան ազգային ազատագրական պայքարի աննկուն զինվորն ու գաղափարի տարեգիրը, որը Արցախ աշխարհի էպիկական շնչի բանաբանողն է, Քրիստոսի Ծաղկանոցի ոգեղեն և զինավառ այգեպանը….Վարդան Հակոբյանը կանգնած էր Արցախի ճակատագրի ունայնություն ունայնության դռնեդռներում ՝ իր արցախակռիվը դաջած շրթանց ու բազկանց և ….. ելած մարտադաշտ»:

ՀԼԳ ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Կարինե Ավանեսյանի բնութագրմամբ Վարդան Հակոբյանը մեծություն էր, մեծ մանկավարժ ու ուսուցիչ: Նա պատրաստել է հետևորդներ ոչ միայն համալսարանի, այլև Արցախի համար:

«Ասում են բանաստեղծները սիրում են խոսել, բայց Վարդան Հակոբյանի ամեն խոսքին հաջորդում էր գործը»:

ԳՆՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանի խոսքով Վարդան Հակոբյանը Արցախի տաղանդավոր զավակներից է, բեղուն գրչի տեր մարդ, ով թողել է գրական հարուստ ժառանգություն:

ԳՆՀ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Գեղամ Միքայելյանի խոսքով Վարդան Հակոբյանը Արցախի կնքին էր կրում իր մեջ:

Միջոցառման ժամանակ էկրանին ցուցադրվեցին բանաստեղծի մասին տեսահոլովակներ, ասմունքներ նրա ստեղծագործություններից:

Ջերմ ու բարի հիշողություններով կիսվեցին նաև «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, Վարդան Հակոբյանի գործընկերներ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930