Տավուշի մարզի Գանձաքար գյուղում կայացել է գրական միջոցառում` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 109-րդ տարեդարձին: Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան նաև Գանձաքարի դպրոցի աշակերտները: Մշակույթի տան տնօրեն Հայկուհի Մեհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կարևորում է գյուղական բնակավայրերում գրական միջոցառումների կազմակերպումը:
«Առաջին անգամ չէ, երբ Գանձաքարի մշակույթի տունը` դպրոցի հետ համատեղ նախաձեռնում է գրական միջոցառումների կազմակերպում: Մենք կարևորում ենք մատաղ սերնդի կրթադաստիարակչական գործում նման միջոցառումների դերը: Ոչ միայն դեռահասները, առհասարակ բոլոր տարիքի մարդիկ պետք է ավելի շատ մոտ լինեն պոեզիային և ճանաչեն մեր մեծանուն գրողներին: Ժամանակին Հրանտ Մաթևոսյանը ասել է, որ Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ: Հիրավի այսօրվա միջոցառումը հենց այդ մասին էր»,-նշեց Մեհրաբյանը:
Կարդացեք նաև
Գրական միջոցառման ընթացքում Գանձաքարի դպրոցի աշակերտները ներկայացրեցին գրողի կենսագրությունը, ասմունքեցին նրա հայտնի բանաստեղծությունները:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ