Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ի՞նչ վերապահումներ են, բացեք կարդացեք»․ Փաշինյանը կասկածի տակ է դնում Ալմա Աթայի վերաբերյալ ԳԽ-ի որոշումը

Ապրիլ 18,2023 18:20

«Ցանկացած իշխանության ուղիղ պարտավորությունն է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը։ Դուք ձախողել եք։ Դա ոչ միայն իմ, այլեւ ձեր գնահատականն է։ Եվ դուք ինքներդ եք ձեր ասուլիսում ասել, որ անվտանգության ոլորտում ձախողել եք»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի այսօրվա ելույթից տպավորություն էր, որ նախընտրական քարոզարշավի ելույթ է ունենում, որովհետեւ խաղաղության եւ ապաշրջափակման մասին խոսելիս միշտ ասում է, որ հույս ունի։

«Այն ժամանակ, երբ դուք բանակցում եք ապաշրջափակման մասին, մեր երկրի տարածքներն են շրջափակվում, ճանապարհներ են փակվում։ Միջհամայնքային եւ միջպետական ճանապարհներ կան, որոնք արդեն իսկ Ադրբեջանի վերահսկողության ներքո են։ Ձեր հիմնական թեզը խաղաղությունն է։ Որտե՞ղ է այդ խաղաղությունը, Տեղ գյուղո՞ւմ։ Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձամբ ձեր խաղաղությունը։ Կամ, խաղաղություն եկա՞վ այն կապանցու ընտանիք, որի անդամին ենթադրաբար սպանել է ադրբեջանցին»,-հարցրեց Աննա Գրիգորյանը։

Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերից, փաստորեն, ստացվում է, որ մի կողմում կա ցեղասպան Ադրբեջանը, իսկ Արցախն այդ ցեղասպանի հետ պետք է անվտանգության մեխանիզմներ քննարկի․ «Այդ ի՞նչ անվտանգության մեխանիզմ պետք է լինի երկու կողմերի միջեւ, երբ մի կողմն ուզում է մյուսին ցեղասպանել։ Կամ, որ միջազգային մեխանիզմից եք խոսում, դուք ինքներդ պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ մեխանիզմն պետք է լինի»։

Աննա Գրիգորյանը նաեւ հարցրեց՝ երբ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով պնդում եք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խոսո՞ւմ եք արդյոք այն վերապահումների մասին, որոնցով ՀՀ-ն ժամանակին ընդունել է այդ հռչակագիրը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցադրում արեց․ «Իսկ դուք կարդացե՞լ եք այդ վերապահումը։ Ինչի՞ մասին է այն։ Դրանք ե՞րբ են ներկայացվել։ Ստորագրման պահին դրանք չեն ներկայացվել։ Խորհրդարանը վավերացնելիս ինչ-որ տեքստ է գրել, որը եկեք կարդանք եւ փորձենք հասկանալ։ Մենք մի քանի անգամ կարդացել ենք ու քննարկել։ Երբ ես ասում եմ 29.800 քառակուսի կմ-ի մասին, այդտեղ շատ լուրջ խնդիրներ կան, որովհետեւ պետք է կողմնորոշվենք՝ ՀՀ ասելով ի՞նչ նկատի ունենք։ Հողեր կան, որոնք տարիներով եղել են ինչ-որ մեկի տիրապետության ներքո։ Հիմա մենք դրանք Հայաստան համարո՞ւմ ենք, թե ոչ․․․ձեր «ֆեյսբուքյան» էջերում հրապարակեք այդ վերապահումները, թող մարդիկ էլ տենան՝ այդ ի՞նչ վերապահումներ են, այդ ի՞նչ ահասարսուռ վերապահում է, որ ՀՀ դավադիր իշխանությունը չի արել ու թուր-կեծակիի պես աջ ու ձախ չի փրթում»։

Աննա Գրիգորյանն արձագանքեց՝ ստացվում է, որ բանակցելիս Փաշինյանը հայկական կողմի վերապահումներն առաջ չի տանում։

Հ․Գ․ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման առնչությամբ ՀՀ-ի՝ ԼՂՀ ինքնորոշման մասին վերապահումները հետեւյալն են․

-Համաձայնագրի նախաբանի 4-րդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «Ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:

-Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

-Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով:

Գերագույն խորհրդի որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930